Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Սահմանադրական «խաղերը» պետության վրա վատ կանդրադառնան

analitik.am

 Իշխանությունների կողմից նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների գործընթացը քաղաքական և հասարակական շրջանակների կողմից  արժանանում է բազմաթիվ քննադատությունների և մտահոգությունների: Սակայն,  ինչպես միշտ,  մեր իշխանավորներն անդրդվելի են և խուլ ժողովրդի հանդեպ:


 

Սահմանադրության փոփոխության գլխավոր նպատակն է հանդիսանում երկիրի կիսանախագահական կառավարման համակարգից անցում խորհրդարանականի: Կառավարման համակարգի նման փոփոխությունը կարող է բացասական և վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի  կայուն զարգացման համար: Պառլամենտական կառավորման ձևն արդյունավետ է գործում քաղաքական մշակույթ ձևավորված երկրներում, որտեղ ամբողջովին կայացած է քաղաքական դաշտը, լիարժեքորեն գործում են քաղաքացիական ինստիտուտները և  կուսակցությունները կայացած են և գործում են թափանցիկ ու ժողովրդավարական սկզբունքներով: Այդպիսի երկրներից են  Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, որոնք համարվում են ժողովրդավարական պետությունների էտալոն: Անցումային երկրներում, ինչպիսին է Հայաստանը, խորհրդարանական կառավարման ձևի ներմուծումը կարող է պետության կառավարման համակարգում խառնաշփոթ և խոչընդոտներ առաջացնել: Այսպես՝ Մոլդովան, որն անկախացումից հետո ընտրեց խորհրդարանական կառավարման ձևը, հաճախակի կանգնել է քաղաքական ճգնաժամի առջև միայն այն պատճառով, որ ընտրություններում հաղթած կուսակցության քվեները չեն բավարարել երկրի նախագահի ընտրության հարցումՙ, իսկ ընղիմությունը դեմ է քվեարկել իշխանական թեկնածուին: Վրաստանը, որը, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնությամբ, երկիրը վերածեց պառլամենտական ընտրության, այսօր հայտնվել է խառնաշփոթ իրավիճակում: Երկրի նախագահն ու վարչապետը, որոնք համարում են իրենց երկրի առաջին դեմք, վիճում են,  թե ո՞վ պետք է մեկնի Նյու-Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հանդես գալու համար: Չի բացառվում, որ Հայաստանը նույնպես կկանգնի նմանատիպ և ավելի ծանր դժվարությունների առջև: Մեր երկրում քաղաքական դաշտը կայացման ընթացքի մեջ է, կուսակցություններն որպես քաղաքական ուժ վերջնականապես դեռ չեն ձևավորվել, կուսակցություններում սերնդափոխություն ապահովող ներկուսակցական ինստիտուտները սաղմնային վիճակում են: Մեր քաղաքական կյանքում կան բազմաթիվ արատավոր երևույթներ՝ կուսակցական բոնզերը պառլամենտական ընտրությունների ժամանակ անցողիկ տեղերը վերածում են առուծախի, տարածված է առնետավազքը, իսկ երբեմն կուսակցություններ են ի հայտ գալիս՝  որպես քաղաքական և բիզնես պռոյեկտներ:

 

Այս ամենը հաշվի չառնելով, վերացնել ձևավորված նախագահական անկախ ինստիտուտն և պետական ու քաղաքական ամբողջ գործառույթները հանձնել չկայացած քաղաքական ուժերին, իսկ նախագահական ապարատը վերածել արարողակարգային ստորաբաժանման, նշանակում է երկիրը ներքաշել անկանխատեսելի հետևանքներով հղի վտանգավոր արկածախնդրության մեջ: Եվ նման պայմաններում պառլամենտը պետք է ընտրի մեր պետության նախագահին և հայկական բանակի գերագույն հրամանատարին, սա նշանակում է, որ երկրի առաջին դեմքը պատասխանատու է ո՛չ թե իր ժողովրդի առջև,  այլ խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերի: Ճիշտ է վերջին քսան տարիների ընթացքում նախագահական ընտրությունների ժամանակ,  ժողովրդի ձայնն անտեսվել է և բազմաթիվ ընտրակեղծիքների միջոցով պետության ղեկավար է դարձել երկրում իշխող քաղաքական ուժի թեկնածուն, սակայն միայն այն փաստը, որ Հայաստանի նախագահը ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով, արտաքին ասպարեզում անհամեմատ ուժեղացնում է երկրի ղեկավարի դերն ու գործոնը, թույլ է տալիս նրան բանակցությունների ժամանակ Հայաստանի անունից հանդես գալ վստահ ու ամուր դիրքերից: Այդ իսկ պատճառով համոզված եմ, որ չարժե հանուն նեղ քաղաքական ու կուսակցական շահերի հարվածի տակ դնել մեր պետության փխրուն -կայուն իրավիճակը:

 

Սարգիս Լևոնյան   

Նույն շարքից