Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Իրանի միջուկային խնդիրը միայն պատրվակ է

analitik.am

Այս տարվա ընթացքում Իրանի հետ համապարփակ համաձայնագիր կնքելու  ջանքերը չարդարացան: Նոյեմբերի 24-ին Իրանի միջուկային խնդրի շուրջը 7 օր տևած բանակցությունները  ևս ավարտվեցին առանց վերջնական համաձայնության: Իրանն ու «Վեցյակը», լարված բանակցություններից հետո, ի վերջո որոշեցին բանակցությունները երկարացնել մինչև 2015-ի հուլիսի 1-ը:


Դեկտեմբերի 10-ին կկայանա Իրան-«Վեցյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան և Գերմանիա) միջուկային բանակցությունների նոր փուլը: Կողմերը հույս ունեն մինչև 2015-ի ապրիլի սկիզբը մշակել ապագա համակողմանի պայմանագրի քաղաքական շրջանակները, ակկնկալվում է, որ մինչև հուլիս էլ կկարգավորվեն տեխնիկական վեճերը: Բանակցությունները երկարաձգելու ընթացքում Իրանը սառեցված ակտիվներից ամսական 700 մլն դոլար է ստանալու:


Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցյակի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, որի համաձայն՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Հուլիսի 20-ին ավարտվեց 2013-ի նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «Վեցյակի» միջև ստորագրված միջանկյալ համաձայնագրով նախատեսված «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետը, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան: Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014-ի նոյեմբերի 24-ը:
Վերջին 1 տարվա ընթացքում «Վեցյակը» զգալի փոխզիջումների է գնացել:

Նախ, հրաժարվելով նախկին սկզբունքային պահանջներից մեկից, այն է՝ ապամոնտաժել ուրանի հարստացման գործող ցենտրիֆուգները:

Դրա դիմաց իրանական կողմը պարտավորվեց նոր ցենտրիֆուգներ չտեղադրել, իսկ արդեն իսկ տեղադրվածները չշահագործել:
Միջուկային ծրագրի հարցում Թեհրանի կողմից արված զիջումներին ի պատասխան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը աստիճանաբար մեղմացրին Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները:

ԱԷՄԳ-ն տեսուչներն այս  տարվա ընթացքում իրանական միջուկային օբյեկտներում լայնածավալ ստուգումներ իրականացրին: Դրանք ցույց   տվեցին, որ Իրանը վերջին մի քանի ամսվա ընթացքում կտրուկ սահմանափակել է ուրանի հարստացման աշխատանքները:

Կարևոր իրողություն էր Իրանի համար հատկապես այն, որ հունվարի 20-ից հանվեց իրանական նավթաքիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանման, Իրանին ավտոմեքենաների պահեստամասեր վաճառելու, ոսկով ու այլ թանկարժեք մետաղներով գործարքներ կատարելու համար սահմանված արգելանքը:

Անդրադառնալով տարածաշրջանում ընթացող ներկայիս զարգացումներին՝ նշենք, որ միջուկային խնդրի լուծմանը խոչընդոտում են սիրիական և իրաքյան ճգնաժամերը: Իրանական միջուկային հարցի լուծումը բնավ չի բխում Պարսից ծոցի արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի և Կատարի շահերից, քանի որ այդ երկրները միջուկային ծրագիրը, ներկայացնելով որպես տարածաշրջանին սպառնացող վտանգ, փորձում են իրենց դերակատարությունը բարձրացնել ԱՄՆ-ի և Իսրայելի առջև, իսկ վերջինս էլ, Իրաքի քրդերի միջոցով, փորձում է նոր խաղ սկսել տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է Իրանի տարածաշրջանային դերին, ապա այս երկիրը մնում է կայունության գլխավոր կենտրոնը: Իրանի դերի բարձրացմամբ և Սաուդյան Արաբիայի գործոնի թուլացմամբ Մերձավոր Արևելքում նոր զարգացումների պետք է սպասել: Իրանի ազդեցությունը հսկայական է Լիբանանում և Սիրիայում, հավակնում է ավելի հզորանալ Աֆղանստանում, ինչու ոչ՝ Պարսից ծոցում:


Իրանի միջուկային հարցի լուծումը մեծապես կախված է եղել աշխարհաքաղաքական այս կամ այն լարված իրադրության հետ, հետևաբար, ինչպես բազմիցս հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին` միջուկային խնդիրը միայն պատրվակ է, եթե դա չլիներ, ապա այլ կեղծ պատրվակներ ի հայտ կգային:

 

Արմինե Բեգլարյան

Նույն շարքից