Վերլուծական Տնտեսություն 

Կա´մ «տեղում չեն», կա´մ «չգիտեն». Նախարարը այլ բա՞ն է ցանկացել ասել

analitik.am

Հնդկական «DiaZone MR» դեղը, որը նախատեսված է շաքարային դիաբետով հիվանդների համար, վերջին շրջանում մեծ իրարանցում է առաջացրել դեղն ընդունողների մոտ: Հիվանդները բողոքում են, որ այդ հաբերը խմելուց հետո ո՛չ միայն փոփոխություն չեն զգում, այլև ունենում են մկանային ցավեր, սրտխառնոց, գլխապտույտ: Այս խնդրին շատ անգամ անդրադարձել են նաև լրատվամիջոցները, բայց դեղի որակի հանելուկային հանգամանքն այդպես էլ մնացել է չպարզաբանված: Հայտնի է միայն այն, որ դիաբետով հիվանդների համար պետգնումներով ձեռք բերված հնդկական «DiaZone MR»-ը չի համեմատվել միջազգային ստանդարտների հետ և այն Հնդկաստանից Հայաստան է ներմուծվում հայկական «Արմֆարմ» ընկերության կողմից:

 

 Նշենք` վերջին անգամ դեղի նոր խմբաքանակը Հայաստան է ներկրվել 2014թ. հոկտեմբերին: Հետաքրքիր է նաև այն, որ այս խնդրի շուրջ, հատկապես դեղի վատ որակի մասին, խուսափում են խոսել նաև բժիշկները:

 

Analitik.am-ը փորձեց կապ հաստատել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ, ճշտելու՝ խնդրահարույց մի շարք հարցեր, նաև հստակեցնելու` իսկապե՞ս «DiaZone MR»-ն նեֆրոպատիա է առաջացնում, ինչպես հայտնում են դեղն ընդունող հիվանդները, սակայն բժիշկները կա´մ «տեղում չէին», կա´մ «չգիտեին ինչի մասին է խոսքը»:

 

 Իսկապես, ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ են բոլորը խոսքերը մեկ արած լռում:

Ի դեպ, օրերս՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարական էր տվել  ստեղծել հանձնաժողով` ուսումնասիրելու շաքարային դիաբետով հիվանդներին տրվող հնդկական դեղերի որակը։

 

Այսօր, Analitik.am-ը ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից փորձեց պարզաբանում ստանալ` արդյոք ստեղծվել է այդ հանձնաժողովը, ուսումնասիրվե՞լ են հնդկական դեղերը և ինչ եզրակացության են եկել:


Նախարարի մամուլի  քարտուղար Անահիտ Հայթայանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հարցը քննարկման փուլում է, ներկա դրությամբ ուսումնասիրվում է, բայց եզրահանգման դեռ չեն եկել. «Նորություն լինելու դեպքում` լրատվամիջոցներին կտեղեկացնենք»,- ասաց նա:

 

Փորձեցինք ճշտել նաև Ա. Մուրադյանի կողմից երեկ արված հայտարարությունը` թե դոլարի արժևորման հետևանքով Հայաստանում կարող է թանկանալ առաջին անհրաժեշտության դեղորայքը: Մենք հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ո՞ր դեղերն են համարվում «առաջին անհրաժեշտության»:

 

Տիկին Հայթայանը` նախ զարմացավ, որ նախարարը նման բան է ասել, ապա փորձեց հստակեցնել`«Նա անշուշտ ուզեցել է ասել` եթե շուկայում թանկացումներ լինեն, հնարավոր է դեղորայքի վրա էլ ազդի: Իսկ առհասարակ մենք հույս ունենք, որ միջամտությունների շնորհիվ որոշ դեղորայք կեժանանա և ոչ թե կթանկանա»,-ասաց մեր զրուցակիցը:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից