Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Դինքի սպանության օրը՝ ուղերձ Թուրքիայից. Դավութօղլուն շարունակում է «ցավակցությունների» քաղաքականությունը

analitik.am

2014-ի ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, վարչապետ Թայիփ Էրդողանը տարածեց հայտնի ուղերձը, որը մեկնաբանվեց որպես «ցավակցություն հայերին»: Նույն ձեռագիրը պահպանվեց նաև 2015-ի հունվարի 20-ին՝ Հրանտ Դինքի սպանության հաջորդ օրը վարչապետ Դավութօղլուի տարածած հաղորդագրությունում:

 

Թուրքական կառավարության տարածած հաղորդագրությունը ևս պարունակում է Հայկական հարցի համար թուրքական հայտնի թեզերը, հնարքները, «հայ-թուրքական բազմադարյա բարեկամության» հիշատակումները: Դինքի վերաբերյալ դրական խոսքերից հետո երկար անդրադարձ է կատարվում հայ-թուրքական հարաբերություններին, դրանց անցյալին ու ապագային:

 

Առաջինը, ինչն աչք է ծակում Դավութօղլուի ուղերձում, այն է, որ, ինչպես Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի պարագայում է, այնպես էլ այս դեպքում, պաշտոնական հաղորդագրությունը ներկայացված է միանգամից մի քանի լեզուներով: Դավութօղլուի ուղերձը 6 լեզվով է (անգլերեն, թուրքերեն, ռուսերեն, արաբերեն, իսպաներեն և ֆրանսերեն), այստեղ հայերեն չկար՝ ի տարբերություն Էրդողանի ուղերձի: Այնուամենայնիվ, հստակ է՝ Թուրքիայի կառավարության խնդիրը, նախևառաջ, միջազգային լսարանի վրա ազդելն է, ինչի վկայությունն էլ այն աշխարհում տարածված լեզուներով մատուցումն է: Սա Թուրքիայի հերթական քայլերից մեկն է՝ «փոփոխվող Թուրքիայի» ճանապարհին՝ ցույց տալու համար, թե թուրքական իշխանությունները դրական առաջընթաց են ապահովում, առաջընթաց նաև Հայկական հարցում: Այնպես որ, օտարալեզու լսարանին այս պատրանքը հնարավորինս տեսանելի դարձնելու թուրքական իշխանությունների գիծն այստեղ ևս ակներև է:

 

Ուղերձում, ինչպես և կարելի էր սպասել, Դինքը ներկայացվում էր դրական հատկանիշներով, բայց պետք չէ մոռանալ, որ հայ մտավորականը սպանվեց հենց Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության տարիներին, երբ «Ակօսի» խմբագրապետը շարունակաբար թիրախավորվում էր, իսկ նրա սպանության հետևում նաև պետական հետք է նշմարվում:

 

Ինչևէ, հասկանալի է, որ 2015-ի ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիան ևս մեկ ճակատ չի ցանկանա ունենալ՝ հանձին Դինքի սպանության և դատավարության, որը և´ երկրի ներսում, և´ նրա սահմաններից դուրս քննադատությունների է արժանանում: Այս տեսանկյունից պակաս կարևոր չէ, որ Թուրքիայում Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել, և տուժող կողմի պահանջով գործով անցնում են նաև պաշտոնյաներ, որոնք կարողացել էին առաջին դատավարության ընթացքում խույս տալ պատասխանատվությունից: Դինքի գործի՝ Անկարայի համար բացասական ազդեցությունը մեղմելու համար Թուրքիան դիմում է տարատիպ հնարքների, որոնցից մեկն էլ հենց այս ուղերձն է:

Եվ ամենևին զարմանալի չէ, որ Դավութօղլուն իր հայտարարությունում հղում է կատարում Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին: Թուրքական կողմն այս ուղերձը մշտապես շահարկում է՝ ցույց տալու, թե Անկարան քայլ առաջ է կատարել Ցեղասպանության հարցում: Կասկածից վեր է, որ առաջիկայում Էրդողանի ուղերձի հետ մեկտեղ կիրառության մեջ է դրվելու նաև Դավութօղլուի այս ուղերձը՝ լուծելով նույն խնդիրները: Խնդիրներ, որոնց նպատակն է առաջ քաշել «Նոր Թուրքիայի» կամ «փոփոխվող Թուրքիայի» տեսլականը:

 

Մնացյալ առումներով ևս «ցավակցությունների» քաղաքականությունը շարունակող Դավութօղլուի ուղերձում տեղ են գտել թուրքական դիվանագիտության՝ Հայկական հարցի դեմ պայքարի նորագույն զինանոցի նմուշները, որոնք անընդհատ կարմիր գծի պես անցնում են թուրքական պաշտոնյաների խոսքում, այն է՝ «հայ-թուրքական դարավոր բարեկամությունը», «խնդիրները միայն իրար մեջ լուծելու առաջարկը», «ապագային նայելու պատրաստակամությունը», «վերացվող ու քանդվող տաբուները» և այլն:

 

Ուղերձն ուղղակի չէր կարող իր մեջ չպարունակել նաև «ընդհանուր ցավի» թեզի դրույթներն առ այն, որ «Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1915-ին, ցավալի դեպքեր են եղել, և դրանք ցավոտ են ոչ միայն հայերի, այլև մյուսների, այդ թվում նաև թուրքերի համար»:

 

2015-ին ընդառաջ նմանատիպ ուղերձների պակաս չի լինելու. այս ամենը թուրքական քաղաքականության տրամաբանության շրջանակներում է:

 

Թուրքիայի երկակի խաղը շարունակվում է: Ու կարևոր է այստեղ հիշել, որ Դավութօղլուի այս ուղերձից օրեր առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՀՀ նախագահին հրավիրում էր Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակին, որն Անկարան հայտնի պատճառներով որոշել էր նշել… ապրիլի 24-ին:

 

Կարծես Դավութօղլուի՝ ուշագրավ տողատակերով ու արտաքնապես դրական ուղերձը և Էրդողանի աղմկահարույց հրավերն իրար ամբողջովին հակասող քայլեր են, սակայն Թուրքիան այս երկու քայլերով էլ սեփական խնդիրներն է լուծում, այն է՝ մի կողմից «թոզ փչել» արտաքին լսարանի աչքերին, իսկ մյուս կողմից շարունակել ժխտել Ցեղասպանության փաստը:

 

Հ.Գ. Իհարկե, աշխարհն ավելի հաճելի վայր կլիներ, եթե հնարավոր լիներ հավատալ Դավութօղլուի խոսքերին, սակայն թուրքական պետության շարունակական քայլերն արդարության և անկեղծության տեղ չեն թողնում: Ցավոք:


Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

 

Նույն շարքից