Քաղաքականություն 

Միջամտությոն անձնական կյանքի՞ն, թե՝ քաղաքացիների անվտանգության ապահովում. Օրենքն անցավ առաջին ընթերցմամբ

analitik.am

Այսօր՝ հունվարի 17-ին, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց և քվեարկեց «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագիծը: Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ում խոսքերով, առաջարկվող փոփոխություններով նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Առաջարկվող լրացումների արդյունքում օրենքի մակարդակով կամրագրվեն տեխնիկական միջոցների օգտագործման հիմքերը, կարգը, տվյալների պահպանման ժամկետները, կապահովվի տեղեկությունների հավաքման և օգտագործման նպատակի լեգիտիմությունը, այսինքն, կհաստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները:

Մասնավորապես օրենքում ամրագրված է, որ կսահմանվեն հանրային վայրերում անշարժ տեսանկարահանող և լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսանկարահանող սարքերի օգտագործման առաձնահատկությունները:

Տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարհանումը իրականացվելու են միայն ծառայողական, ոչ անձնական տեխնիկական միջոցներով:

Տեխնիկական միջոցով իրավախախտում հայտնաբերելու կամ ամրագրելու դեպքում ոստիկանության ծառայողն իրավունք չի ունենա դադարեցնելու տեսանկարահանումը կամ լուսանկարահանումը:

Օրինագծով կսահմանվի տեխնիկական միջոցների օգտագործման մասին  պարտադիր նախազգուշացման պահանջ, շարժականի դեպքում՝ բանավոր,  անշարժ դեպքում ցուցանակներ տեղադրելու և կայքում հասցեները հրապարակելու միջոցով:

Կսահմանվեն տեսանյութերն ու լուսանկարները պահպանելու ժամկետները, օգտագործելու նպատակները, ինչպես նաև կսահմանվի դրանք այլ նպատակներով օգտագործելու, այդ թվում  հրապարակելու կամ այլ նպատակով օգտագործելու արգելքը:

Հաշվի առնելով տվյալների մշակման համաչափության սկզբունքը՝ նախագծում տվյալների պահպանման ժամկետ է ընտրվել 7 օրը, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն: Միաժամանակ սահմանվում են այն դեպքերը, երբ տեսանյութերի կամ լուսանկարների ոչնչացումը կարող է տարաժամկետվել:

Օրենքի ընդունումից հետո Ոստիկանության պետի հրամանով կսահմանվեն նաև տեսանյութերի և լուսանկարների պահոց մուտք գործելու, տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող ոստիկանության պաշտոնատար անձանց ցանկը տվյալներից օգտվելու, պահպանելու, դրանք ոչնչացնելու կարգը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկը, շարժական տեխնիկական միջոցների օգտագործելու վերաբերյալ որոշում կայացնող պաշտոնատար անձանց շրջանակը:

Օրենքի նախագիծը տարբեր մեկնաբանությունների արժանացավ: Եթե հիմնականում իշխանական թևի ներկայացուցիչները պնդում է, որ փոփոխությունների նպատակն է հանցագործությունները կանխելը, բացահայտելը, քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, ապա ընդդիմադիրների կարծիքով սրանով խախտվելու է մարդու անձնական կյանքի իրավունքը: Պատգամավորները նաև երաշխիքներ պահանջեցին, որ ձեռք բերվելիք նյութերը չեն օգտագործվի շանտաժի նպատակով: Ընդդիմադիրների համար նաև անհասկանալի էր, թե ինչու է օրենք բերվել արտակարգ ռեժիմով:

Օրենքի քվեարկվեց առաջին ընթերցմամն և անցավ ձայների 57 կողմ, 31 դեմ հարաբերակցությամբ:

Պատգամավորները գնացին ընդմիջման, քանի որ օրակարգը սպառվեց: Նիստը կվերսկսվի 16:30-ին, և կառավարության ներկայացուցիչները կպատասխանեն պատգամավորների հարցերին:

 

Նույն շարքից