Հասարակություն Տնտեսություն 

Ավստրալիայի թվային էներգետիկ բիրժան. Վերականգնողական էներգիայի օգտագործումն աշխարհում

analitik.am

Աշխարհի փոփոխվող պայմաններին հարմարվում են բոլոր ոլորտները: Հաշվի առնելով կլիմայական գլոբալ խնդիրները, տնտեսական ցուցանիշները և մի շարք այլ հանգամանքներ աշխարհի որոշ երկրներ գործուն քայլեր են ձեռնարկում էլեկտրոէներգիայի այլ աղբյուրներ զարգացնելու և կիրառելու համար: Ներկայացնենք մի քանի երկիր, որոնք ծրագրում են անցնել մաքուր էներգիայի օգտագործմանը: Այսպես՝

2018-ից սկսած Ֆինլանդիայում արգելվում է էլեկտրական էներգիայի արտադրության համար ածուխի օգտագործումը: Նախատեսվում է,որ 2030-ին  Ֆինլանդիան ամբողջովին կհրաժարվի այս նպատակով  ածուխի օգտագործումից:

Իրանը պլանավորում է ամեն տարի վերականգնողական էներգիայի աղբյուրներ կառուցել:

Նիդեռլանդները 2,4 ԳՎ-ից ավել հզորության արևային էլեկտրակայաններ են կառուցելու:

Կանխատեսումների համաձայն Չինաստանը մինչև 2030 թվականը էներգիայի ստացման համար օգտագործվող 300 մլն. տոննա ածուխը կփոխարինի  էներգիայի այլ աղբյուրներով: Այս դեպքում Չինաստանը կկարողանա խնայել  ՀՆԱ-յի 1%-ի չափով գումար՝ արևի  և քամու էներգիան օգտագործելու շնորհիվ:

Ճապոնիան ամբիցիա ունի դառնալ աշխարհի ջրածնային մայրաքաղաք: Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է ջրածնային հիմքով վառելիքային մարտկոցներ ստեղծել: Այդ մարտկոցներով աշխատող մեքենաների և ավտոբուսների թիվը Ճապոնիան ձգտում է մինչև  2030 թվականը հասցնել   800 հազարի: Սրա համար Ճապոնիան ձգտում է իջեցնել  ջրածնային մարտկոցներով աշխատող մեքենաների գները՝ մի հատի արժեքը հասցնելով 18 000 ԱՄՆ դոլարի, ինչպես նաև ավելացնել ջրածնային լիցքավորման կայանների թիվը: Ջրածնային մեքենաների արտադրությամբ հետաքրքրված են Տոյոտան և Հոնդան:

ԱՄՆ-ում վերականգնողական էներգիայով մեծապես հետաքրքրված են  Կալոֆորնիա նահանգում: Պորտլենդը նույնպես ցանկանում է մինչև 2035 թվականը վերականգնողական էներգիայի աղբյուրներով բավարարել բնակչության էլենտրաէներգիայի պահանջները, իսկ 2050-ին վերջնականապես հրաժարվել  ածխաջրածնային աղբյուրներից:

Հնդկաստանն ավելացնում է արևային էներգիայի կայանները և նպատակ ունի մինչև 2022 թվականը հասնել տարեկան 100ԳՎ արևային էներգիայի արտադրության:

Ավստրալիան աշխարհում առաջին երկիրն է, որ դեռևս տեքստային տարբերակով, բայց թողարկել է թվային էներգետիկ բիրժա: Այստեղ արևային էներգիա արտադրողները վաճառում են իրենց ավելացած էներգիան և նույնիսկ  միավորվում միմյանց հետ՝ ստեղծելով վիրտուալ էլեկտրակայաններ:

Փորձագետների տվյալներով, այս պահին Ավստրալիայում տեղադրված է 6750 արևային մարտկոց՝ յուրաքանչյուրը մինչև 5ԿՎ հզորության, որոնք արտադրում են ամբողջ էլեկտրականության 16%-ը:

Ստեղծված բիրժան ապակենտրոնացված է: Այն թույլ է տալիս էլեկտրոէներգիա արտադրողներին մուտք ունենալ ինչպես շուկա, այնպես էլ շփվել հաճախորդների հետ: Ալգորիթմն ավտոմատ կերպով ընտրում է էներգիայի մոտակա աղբյուրը, եթե տեսնում է էլէներգիա գնելու հայտ:

2017 թվականին Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ վեց տարվա ընթացքում երկիրն իր էլեկտրաէներգիայի պահանջի 10%-ը կբավարարի վերականգնողական էներգիայի աղբյուրներով: Այս նպատակի իրագործման համար երեք տասնյակ նախագծեր պետք է իրականացվեն, 10ԳՎ հզորության արևային և քամու էներգիայի կայաններ կառուցվեն:

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ ստեղծելու է վերականգնողական էներգիայի աղբյուրների զարգացման աշխարհի ամենագրավիչ, մրցունակ և լավ կազմակերպված պետական ծրագիրը:

 

 

Նույն շարքից