Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ է ստուգելու դեղատոմսով են վաճառվել դեղերը, թե՝ ոչ, նման մարմին չկա. Բաբկեն Պիպոյան

analitik.am

Մարտի 1-ից Հայաստանում մի խումբ դեղամիջոցներ վաճառվելու են բացառապես դեղատոմսերով: Փոփոխությունն արդեն մի քանի օր է խուճապ է առաջացրել հասարակության մեջ: Analitik.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տեսչական մարմինը, որը պետք է վերահսկողություն իրականացնի, չկա, այն միայն թղթի վրա կա:

-Այսինքն հնարավո՞ր չէ վերահսկել գործընթացը:

-Հնարավոր է, սակայն դրա համար պետք է գործել, այլ ոչ թե խոսել: Ենթադրենք դեղատունը դեղն առանց դեղատոմսի բաց թողեց, հետո ի՞նչ: Տեսչական մարմինը, որը պետք է իրականացնի վերահսկողություն, չի գործում և միայն թղթի վրա կա: Ո՞վ կարող է ասել, ե՞րբ է այդ մարմինը վերջին անգամ չգրանցված կամ ժամկետանց դեղ հայտնաբերել:Կարո՞ղ է նախարարությունն ասել, թե իրենց ասած տեսչական մարմինը երբ է դեղի անվտանգություն ստուգել: Այդ տեսչական մարմի՞նն է նրանց ռեսուրսը:

Առողջապահության նախարարության թեթև ձեռքով հասարակության մեջ խուճապ է սկսվել: Ես չեմ ուզում, որ այն խուճապը խորանա: Առողջապահության նախարարության վրա գերխնդիր կա դրված՝ թույլ չտալ ուրիշներին խուճապ ստեղծել: Այս դեպքում Առողջապահության նախարարությունը ոչ միայն խուճապը չի կանխել, այլ ինքն իրենով ստեղծում է այդ խուճապը:

Պիպոյանի կարծիքով՝ պետք է դիտարկման առարկա լինի այն, որ նախարարությունն առանց հանրային կարծիքի ուսումնասիրման, առանց իրավիճակի գնահատման, առանց ենթակառուցվածքների զարգացման խոսում է օրենքի մասին, որի կատարման մասով վերահսկողություն իրականացնող մարմինը տարիներ շարունակ ոչ մի բան չի արել:

-Ի՞նչ եք կարծում, այս օրենքը երկար կյանք ունի՞ Հայաստանում:

-Ես չեմ ուզում գուշակություն անել: Կարող եմ ասել հետևյալը, եթե բոլոր ենթակառուցվածքները ճիշտ զարգացում ապրեն, հասարակությունն այս օրենքին ծափ կտա: Իսկ հակառակ դեպքում, սա առողջապահության ոլորտում կլինի ամենամեծ չարիքը մեր գլխին: Երրորդ տարբերակ չկա:

-Իսկ ինչպե՞ս պետք է իրականացվի կամ իրականացվեր գործընթացը:

-Առաջին հերթին պետք է հասարակությանը նախապատրաստել փոփոխություններին: Բացի դրանից, պետք է բացառեն այն, որ քաղաքացին ավել գումար է վճարելու դեղատոմսերով վաճառվող դեղեր ձեռք բերելու համար: Հասարակությանը պետք է անուն առ անուն իրազեկել, թե որ դեղերն են բաց թողնվում դեղատոմսով և ինչու է այդպես արվում: Պետք է մարդիկ իմանան, թե որ դեղերը կարող են առանց դեղատոմս ձեռք բերել, որպեսզի խուճապ չլինի: Մարդիկ պետք է իմանան, որ թեթև գլխացավի համար օգտագործվող դեղի համար դեղատոմս պետք չի, իսկ ծանր գլխացավի համար դեղ օգտագործողը պետք է հասկանա, թե ինչու պետք է 6 ամիսը մեկ գնալ բժշկի: Պետք է չլինի այնպես, որ նույն ազդող նյութով մի դեղը լինի դեղատոմսով, մյուսը՝ ոչ: Քայլերը պետք է լինեն ճիշտ և գրագետ:

Նույն շարքից