Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ-ն նոր զենք ունի՝ անհաղթահարելի, անփոխարինելի, երևի Պուտինը կավելացներ՝ իր պես. Արտասահմանյան ԶԼՄ-ների անդրադարձը

analitik.am

Ինչպես գիտենք մարտի 1-ին Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Վլադիմիր Պուտինը խոսել էր Ռուսաստանի նոր զինատեսակների մասին: Մասնավորապես,  նա հայտարարել էր նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների, ինքնակառավարվող սուզանավերի  և այլնի մասին: Պուտինի այս հայտարարությանն են անդրադարձել մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ:

The Globe and Mail-ի համար գրված հոդվածում էլ Տորոնտոյի համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Օրել Բրաունը գրում է, որ ՌԴ նախագահը՝ մեծ էկրանների առջև կանգնելով, ամուր ձեռքով ղեկավարում էր զանգվածային թատրոնը: « Նրա նախընտրական ուղերձը ռուս ազգին և աշխարհին այն էր, որ ռուսական զինված ուժերն անհաղթելի են, իսկ երկիրն էլ՝ անխոցելի: Նա շեշտը դրեց միջուկային զենքի վրա, քանի որ միայն այդ հարթության մեջ ՌԴ-ն կարող է հավակնել գերտերություն դառնալուն: Այդուհանդերձ, ՌԴ-ի ապագան չի կարելի համարել լավատեսական, քանի որ ռուսական ՀՆԱ-ն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի ՀՆԱ-յի մի փոքր մասն է կազմում: Արդյունքում՝ ՌԴ-ի միջազգային հարթակում կարևոր դեր զբաղեցնելու ամբիցիաների  և ունեցած ներքին հնարավորությունների միջև ճեղքվածքը կարող է ավելի խորանալ: Ինչ-որ մի օր ռուս ազգը ստիպված է լինելու էկրաններից նայել դեպի իրականություն և բացահայտել, որ Պուտինն այդքան էլ հզոր մարդ չէ, ինչքան ներկայացնում է »,- եզրափակում է Բրաունը:

The Times-ն էլ անդրադարձել էր այն հարցին, որ Պուտինը նախազգուշացրեց բոլորին, որ կարող է ոչնչացնել աշխարհը, եթե ուզենա. «Սա նորություն չէ,  ռուս լիդերները Ստալինի ժամանակից սկսած սպառնալիքների լեզվով են խոսում, բայց Պուտինի հայտարարությունը՝ կապված միջուկային զենքի նոր համակարգերի հետ, չի կարելի համարել դատարկ սպառնալիքներ: Հոդվածում ափսոսանք է հայտնվում առ այն, որ Պուտինը չի հասկացել անցյալի դասերը և այն, որ զենքի ոլորտի մրցավազքում Ռուսաստանը չի կարող հաղթել:  Պուտինին հաջողվեց իր միլիտարիստական ազգայնականությամբ մարդկանց սրտերը գրավել: Ռուսական ԶԼՄ-ներն էլ գրում են, որ ՌԴ-ն նոր զենք ունի՝ անհաղթահարելի, անփոխարինելի, անսաստելի, երևի Պուտինը կավելացներ՝ իր պես »:

Գերմանական Stern էլ ուշադրություն է հրավիրել այն հարցին, որ Պուտինի հայտարարած անխոցելի զինատեսակները գուցե բլեֆ են, բայց, անկասկած, կամրապնդեն Պուտինի դիրքերը Կրեմլում. «Մի երկրում, որտեղ ռազմական հզորությունից ավել ոչ մի բան չեն գնահատում, Պուտինի ելույթը մարդկանց սրտերը գրավելու ամենապարզ ուղին էր: Այս հայտարարությունից հետո որոշ ռուսներ հպարտորեն կսկսեն կենացներ ասել ՌԴ հզորության մասին և չարախնդորեն կնայեն Արևմուտքի ուղղությամբ »:

Sueddeutsche Zeitung-ի թղթակից Պաուլ Կարցենբերգերն էլ նշում է, որ, եթե Պուտինի ցանկությունը մարդկանց սրտերը գրավելն էր, ապա դա նրա մոտ ստացվեց. « Նա օգտագործեց այն միջոցը, որը տանուլ տալու հնարավորություն չունի՝ փառաբանեց ռուսական զենքը: Դահլիճում գտնվող մարդկանց՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի դեմքին կարելի էր բավարարվածություն տեսնել: Հետխորհրդային երկրի քաղաքացիները մինչև այսօր սրտանց ուրախանում են սեփական ռազմական հզորություններով: Սակայն, պետք չէ Պուտինի հայտարարությունը դիտարկել ուղերձ Արևմուտքին, այն ավելի շատ ներքին լսարանի  և ներքին օգտագործման համար էր »:

 

Նույն շարքից