Գլխավոր Հարցազրույց Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն էլ է հասկանում, որ 10 տարի առաջվա Թուրքիան և այսօրվա Թուրքիան տարբեր երկրներ են. Հովհաննես Իգիթյան

analitik.am

Այն ժամանակվա Թուրքիան և այսօրվա Թուրքիան տարբեր երկրներ են, և դա գիտակցում է նաև ԱՄՆ-ը: Analitik.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը՝ մեկնաբանելով հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վերաբերյալ ԱՄՆ կառավարության դիրքորոշման վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան արձագանքը:

Պարոն Իգիթյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ-ի արձագանքը: Ի վերջո, ինչո՞ւ հայ-թուրքական արձանագրություններն այս ավարտն ունեցան:

Նախ՝ պետք է ընդգծել, որ իրավիճակն իրոք փոխվել է: Այն ժամանակվա Թուրքիան և այսօրվա Թուրքիան տարբեր երկրներ են, և դա գիտակցում է նաև ԱՄՆ-ը: Նույն ԱՄՆ-ն էլ այսօր լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է արձանագրություններին, ապա այն հիմնական նպատակը, որ դրվել էր դրանց ստորագրման ժամանակ, այսօր չի իրականացել և չի կարող իրականանալ այս Թուրքիայի վարած ագրեսիվ քաղաքականության պատճառով: Պետք է հիշել, որ այն ժամանակ Թուրքիան հայտարարում էր հարևանների հետ ոչ մի խնդիր չունենալու քաղաքականության մասին, իսկ այսօր Անկարան չունի հարևան, որի հետ խնդիր չկա: Պարզ էր, որ այսպիսի քաղաքականություն ունեցող երկիրը չեր կարող գնալ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան հենց սկզբից նախապայմաններ է առաջ քաշել, որոնցից մեկը վերաբերում էր Հայոց ցեղասպանությանը, մյուսը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Դրա համար այս արձանագրությունները չէին կարող իրականություն դառնալ, ինչը հասկանում էին և՛ Հայաստանը, և՛ այլ երկրները, հատկապես՝ ԱՄՆ-ը:

ԱՄՆ-ի դիվանագիտորեն ձևակերպված արձագանքը  վկայում է արդյո՞ք, որ Վաշինգտոնը չի կորցնում հույսը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով:

Նախ՝ Հայաստանն ու Թուրքիան չպետք է հույսը կորցնեն: Պարզ է՝ կան շատ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ը, որ պատրաստ են օգնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Բայց առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ հենց Թուրքիան պատրաստ չէ: Օբյեկտիվորեն մեր տարածաշրջանում տիրող իրավիճակն իրոք չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:

Հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելուց հետո հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան փոխվելո՞ւ է, թե ամեն ինչ մնալու է կամ ընթանալու է այնպես, ինչպես դրանց գոյության ժամանակ:

Հայ-թուրքական հարաբերություններն ուղղակի ձևով կապված չէին այս արձանագրությունների հետ: Ինչպես Անկարան պարբերաբար նշում է, հայ-թուրքական հարաբերությունները կապված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Իհարկե, տարօրինակ է, որ մի երկիրն իր հարաբերությունները մեկ այլ երկրի հետ պայմանավորում է երրորդ երկրով, բայց դա փաստ է: Պետք չէ մոռանալ նաև Թուրքիայի պնդումները՝ Հայոց ցեղասպանության մասով, որ դա պատմաբանների հարցն է: Այս իրավիճակում արձանագրությունները չէին կարող իրենց ազդեցությունն ունենալ:

Նույն շարքից