Գլխավոր Միջազգային Վերլուծական Քաղաքականություն 

Թրամփի ջղայնությունը, Պուտինի, Էրդողանի և Ռոհանու «եղբայրությունը», Մեծ Բրիտանիայի փնտրտուքները և մնացածը. Շաբաթվա ամփոփում

analitik.am

Անցնող շաբաթվա կարևորագույն միջազգային իրադարձություններից էր Թուրքիայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկված  հիմնական թեմաներից էին Սիրիայի կոնֆլիկտի կարգավորումը և  Աքքայու ԱԷԿ-ին վերաբերող հարցեր: Հետաքրքրականն այն էր, որ սա վերընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինի առաջին պաշտոնական այցն էր:

Հանդիպման արդյունքներից կարելի է նշել այն, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց առ այն, որ ռուսական «Триумф» C-400 համակարգերի վաճառքը Թուրքիային ավելի արագ է տեղի ունենալու:

Խոսվեց նաև Թուրքիայից ներմուծվող լոլիկների մասին, սակայն հանդիպման հիմնական նպատակը Սիրիայի հակամարտության կարգավորումն էր: Եռակողմ հանդիպման շրջանակներում հայտարարություն արվեց, որի մեջ նշվեց, որ  Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան կողմ են Սիրիայի տարածքային ամբողջականությանը, իսկ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Սրան հաջորդեց այն, որ Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարեց, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայից փախցրել է ահաբեկչական խմբավորումների ղեկավարներին և ինֆորմացիա ունի այն  մասին, որ վերջիններս օգտագործվելու են տարածաշրջանի այլ երկրներում:

Կարելի է փաստել, որ եռակողմ հանդիպումը՝ Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման հարցում տվեց իր արդյունքները, քանի որ Թրամփի հայտարարությունն իրեն սպասեցնել չտվեց: ԱՄՆ նախագահն ի զարմանս շատերի հայտարարեց. «Ես ցանկանում եմ զորքը դուրս բերել Սիրիայից, ցանկանում եմ այն վերադարձնել տուն»:

Der Spiegel-ն էլ՝  հղում անելով Բրյուսելում սեփական աղբյուրին, գրեց, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ հրաժարվելու են այսուհետ գումար հատկացնել Թուրքիային՝ փախստականներին օգնելու համար: Եվրոպական մամուլում հայտնվեցին վերլուծականներ այն մասին, որ Եվրոպային շահագործում են՝ փաստացի այլ երկրներ իրենց ռազմական գործողություններն են իրականացնում Սիրիայի տարածքում, բայց դրանց արդյունքում առաջացած վնասները հոգում է Եվրոպան, ինչպես նաև գումարներ է տրամադրում Թուրքիային այն բանի համար,  որ քիչ լինեն վնասները:

Անցնող շաբաթվա ընթացքում ավելի բարդացան ՌԴ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները՝ նշվեց այն մասին, որ  ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելուց հետո  հնարավոր է փակվի  Բրիտանիայում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչությունը, որը համարվում է լրտեսների որջ:

Ուկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիտ Գոֆն էլ  հայտարարեց, որ ՄԹ-ն՝ ռուսաստանցի նախկին լրտես Սկրիպալի թունավորման հետ կապված,  ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարց  կքննարկի, եթե ՌԴ-ի պահվածքը դրան տանի:

Սրան ի պատասխան ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց. «Երեխա ժամանակ ասում են, ով առաջինը սկսել է, նա էլ պետք է դադարեցնի: Մենք չենք ցանկանում տարվել մանկական խաղերով, սակայն մեր գրոծընկերները դեռ դրանով են զբաղվում»:

Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչն էլ Ռիա Նովոստիի հետ զրույցում  ասաց, որ Բրիտանիան հետաքրքրված է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ունենալու հարցում, սակայն Լոնդոնը պետք է համարժեքորեն արձագանքի ՌԴ ագրեսիվ վարքին:

Իրավիճակն էլ ավելի խճճվեց, երբ The Times-ում հայտնվեց  ՄԹ-ի Պաշտպանական գիտա-տեխնիկական լաբորատորիայի ղեկավար Գերի Էյտկենհեդի խոստովանությունն առ այն, որ  ռազմական լաբորատորիան չի կարողացել հաստատել, որ Սոլսբերիում օգտագործված նյարդապարալիտիկ նյութը պատրաստվել է Ռուսաստանում և  թույնի իրական աղբյուրն անհայտ է:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության  թվիթերյան պաշտոնական էջից էլ հեռացվեց գրառումն այն մասին, որ «Նովիչոկ» թույնը, որով Լոնդոնի պնդմամբ թունավորվել էր ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալը, ռուսական ծագում ունի:

Սակայն, սա չխանգարեց, որ բրիտանական հետախուզությունը պնդի, որ  «Նովիչոկ» թույնը ստեղծվել է Սարատովի երկրամասի Շիհանի քաղաքի ռազմական բազայում:

Ռուսաստանի քիմիական զենքի պետական հանձնաժողովի նախկին ղեկավար, Պրիվոլոժյան դաշնային շրջանում ՌԴ նախագահի ներկայացուցիչ Միխայել Բաբիչն էլ Ինտերֆաքսի հետ զրույցում ասաց, որ Սարատովի երկրամասի Շիհանի քաղաքի ռազմաբազայում երբեք քիմիական զենք չի պահվել՝ այդ թվում «Նովիչոկ»:

«Նովիչոկ» թույնի ստեղծման վերաբերյալ իրարամերժ հայտարարությունների ֆոնին Մոսկվայում տեղի ունեցան աղմկահարույց կալանավորումներ՝ Մոգամեդով եղբայրները հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում՝ մեղադրվելով յուրացումների, շորթման և վատնումների մեջ: Մամուլում հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Մոգամեդով եղբայրները ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի մտերիմ անձանց ցանկում են:

Այս ամբողջ իրադարձությունների ֆոնին էլ ավելի լարվեցին ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները: Չնայած այն հանգամանքին, որ ըստ ՌԻԱ Նովոստիի, Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել Վաշինգտոնում, Թրամփը հայտարարեց  ռուսական էլիտայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք տարածվեցին 38 գործարարի, պաշտոնատար անձի և ընկերությունների վրա:

Ռուսաստանում անցանկալի անձ հայտարարված ամերիկացի դիվանագետներն էլ լքեցին ՌԴ-ում տեղեկայված դեսպանատան տարածքը: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին էլ հայտարարեց, որ Ռուսաստանը երբեք չի լինի ԱՄՆ  ընկերը. «Մեր երկրում բանավեճեր են ընթանում՝ արդյո՞ք Ռուսաստանն ԱՄՆ-ի ընկերն է: Իրականում սա սխալ հարց է, քանի որ Ռուսաստանը երբեք չի լինի ԱՄՆ-ի ընկերը: Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք ուզում Մոսկվայի հետ աշխատել»:

Շաբաթվա վերջին էլ ամերիկացի կոնգրեսականներն օրինագիծ ներկայացրեցին, որով Ռուսաստանի նկատմամբ նոր սահմանափակումներ են նախատեսվում:

Լարվածությունը չթուլացավ նաև ՌԴ-ԵՄ հարաբերություններում, չնայած այն հանգամանքին, որ որոշ ԵՄ անդամ երկրներ չմիացան ակցիային և չարտաքսեցին ռուս դիվանագետներին: Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցն էլ հայտարարեց.  «Արտաքին գործերի նախարարի հետ որոշում կայացրեցինք չանել դա, քանի որ ավանդաբար լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, չեզոք երկիր ենք և մեզ մոտ են գտնվում շատ միջազգային կազմակերպություների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի շտաբ-գրասենյակները»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն էլ այս ընթացքում հայտարարեց, որ դաշինքը չի ցանկանում սառը պատերազմ, սակայն շարունակելու է հզորացնել իր պաշտպանունակությունը, իր ուժերի մարտունակությունը: Ռուսաստանն էլ իր հերթին որոշեց  ներկայացուցիչ չնշանակել ՆԱՏՕ-ում, քանի դեռ դաշինքը պատրաստակամություն չի հայտնել համատեղ աշխատանքի մասով:

Այս ամբողջ իրադարձություններին, եթե ավելացնենք նաև ԱՄՆ-Չինաստան փոխադարձ տնտեսական ճնշումներն ու միմյանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները,  կարելի է դեռևս գալ այն եզրահանգման, որ աշխարհում նոր զարգացումներ են տեղի ունենում և փաստացի փորձ է արվում գեոքաղաքական հարթության մեջ հասկանալ, թե ովքեր են հիմնական քաղաքական լիդերները: Հետաքրքիր է նաև հետևել, թե ինչպես է փորձ արվում բազմաբևեռ աշխարհակարգ կառուցել:

Վերջում էլ ներկայացնենք շաբաթվա ամենահետաքրքիր քաղաքական տեսանյութը, որում ԱՄՆ նախագահ Թրամփը շպրտում է ելույթը, քանի որ այն իրեն դուր չի եկել:

 

«Անալիտիկ» վերլուծական թիմ

Նույն շարքից