Իրավական 

Սասնա Ծռերին քաղբանտարկյալ համարելու հարցի շուրջ

analitik.am

Սասնա Ծռերի ապստամբության իրավաչափությունը հնարավոր է և պետք է որոշվի ինքնապաշտպանության իրավունքի օրգանական մաս կազմող ապստամբության իրավունքի և զինված հակամարտությունների միջազգային իրավունքի (մարդասիրական իրավունք) խաչմերուկում։
Այսինքն՝ հարկավոր է պարզել երկու հարց․
ա) եղե՞լ է արդյոք Հայաստանում բռնապետություն, թե ոչ, այսինքն՝ յուրացվա՞ծ է եղել իշխանությունը, թե՞ ոչ, եղե՞լ է կեղեքում, թե՞ ոչ, ինչից պարզ կդառնա, թե եղե՞լ է արդյոք հիմք ապստամբելու համար։
բ) Սասնա Ծռերն ապստամբության ժամանակ կատարե՞լ են զինված հակամարտությունների միջազգային իրավունքի նորմերը խախտող գործողություններ, թե՞ ոչ։
Եթե առաջին հարցի պատասխանն է այո, իսկ երկրորդը՝ ոչ, ապա Սասնա Ծռերը քաղբանտարկյալ են և անպարտ են օրենքի և դատարանի առաջ, քանի որ իրավաչափության սահմաններում իրացրել են ինքնապաշտպանության և դրա օրգանական բաղադրիչ ապստամբության իրենց իրավունքը, որը Աստվածատուր և բնական իրավունք է։
Բացի այդ, Սասնա Ծռերի ապստամբության իրավաչափությունը որոշելու ամբողջ ընթացքում նրանք առնվազն պետք է չենթարկվեն խտրականության նրանց համեմատությամբ, ում դեմ ապստամբել են։ Եթե վերջիններս ազատության մեջ են, ապա Սասնա Ծռերը նույնպես պետք է ազատության մեջ լինեն մինչև դատարանի վճռի կայացման պահը։
Ասվածից հետևում է նաև, որ Սասնա Ծռերի ապստամբության իրավաչափությունը չի կարող քննվել ներկայումս նրանց ներկայացված մեղադրանքներով, ուստի նախ դրանք պետք է վերաձևակերպվեն ապստամբության իրավունքի և մարդասիրական իրավունքի ենթադրյալ հակասության տիրույթում, ապա միայն ներկայացվեն հանրային վստահություն ունեցող դատարանի քննությանը։
Հ․Գ․ Սասնա Ծռերին ժամ առաջ ազատության մեջ տեսնելու արդարացի սպասումը բավարարելուն միտված ամենակարճ իրավական ճանապարհը նրանց նկատմամբ առանց անհրաժեշտության կիրառված երկարատև ոչ իրավաչափ կալանքի վերացումն է։ Անվիճելի փաստ է, որ Սասնա Ծռերի (ինչպես և մյուս քաղբանտարկյալների) նկատմամբ անօրինական կալանքը կիրառվել է ժողովրդի իշխանությունը յուրացրած հանցավոր համագործակցության պարագլուխ ՍՍ-ի քաղաքական որոշմամբ և համաժողովրդական շարժման՝ ռեժիմի հանդեպ տարած, թեկուզ ոչ վերջնական, հաղթանակից հետո որևէ քաղբանտարկյալի առկայությունը պարզապես տարակուսելի և անընկալելի է շատերի համար։ Ինչ վերաբերվում է հնչող հորդորներին, որ նրանց ազատումը պիտի կատարվի բացառապես իրավական ընթացակարգերի շրջանակում և պետք է ձեռնպահ մնալ նորընտիր վարչապետին քաղբանտարկյալների ազատման հետ կապված որևէ պահանջ ներկայացնելուց, ապա որևէ մեկը չի վիճարկում, որ ամեն բան պիտի կատարվի իրավական գործիքակազմի գործադրմամբ, բայց որպեսզի դա տեղի ունենա, ժողովրդի շահերն արտահայտող քաղաքական ուժերն ու գործիչները, ինչպես նաև իրավապաշտպան հանրությունը քաղբանտարկյալներին անհապաղ և առանց վերապահումների ազատելու մասին պետք է հստակ արտահայտվեն։ Միայն այդ պարագայում համապատասխան իրավական գործիքակազմը գործարկողները ազդակ կստանան, որ իրավական հաշվեհարդարի ժամանակները վերջացել են։ Եվ թող որևէ մեկը չփորձի կեղծ փաստարկ ներկայացնել, որ դա կլինի միջամտություն դատարանի անկախությանը կամ դատախազության գործառույթների իրականացմանը։ Չեմ խոսում այն մասին, որ անկախ դատարան պարզապես գոյություն չունի, իսկ դատախազությունը դատարանի հետ տարիներ շարունակ հանդիսացել են քաղաքական հաշվեհարդարի գործիքներ ռեժիմի ձեռքին։ Վերը նշված ազդակը պարզ հիշեցում կլինի իրավական գործիքակազմը գործարկողների համար, որ նրանք պետք է գործեն բացառապես իրավունքի և օրենքի դաշտում։ Նշվածի լույսի ներքո ապրիլի 24-ից Գարեգին Չուգասզյանի կալանքի տակ գտնվելու փաստը պարզապես խայտառակություն է և հեղափոխության հաղթանակը շատերի աչքին դարձնում է պատրանքային։ Իրավապաշտպան հանրույթի այն մասը, որ խուսափում է Սասնա Ծռերին քաղբանտարկյալ ճանաչելուց (հավաստիացնում եմ իրենց, որ Սասնա Ծռերը քաղբանտարկյալ են թե ԵԽԽՎ 1900 բանաձևի, թե միջազգային հեղինակավոր Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ստանդարտներով) բնավ չի նպաստում քաղբանտարկյալների ազատության խնդրի շուտափույթ լուծմանը։

Մուշեղ Շուշանյան

Նույն շարքից