Բարի օր Հասարակություն Հարցազրույց Մշակույթ 

Իմ երազանքն է, որ երեխաներս ապրեն, ոչ թե հարուստ, այլ ավելի օրինական և ապահով երկրում. Արսեն Սաֆարյան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է երգիչ Արսեն Սաֆարյանը։

Ձեր ո՞ր ձեռքբերումն է ամենաշատը տպավորվել այս տարիների ընթացքում։

Ամենաշատը տպավորվել են այն ստեղծագործությունները, որոնք գրվել են իմ և եղբորս կողմից։ Այդ երգերն ինձ համար մեծ հարստություն են։ Ձեռքբերումներ են նաև տեսահոլովակներն ու համատեղ աշխատանքները, ինչպես նաև համերգներն ու մենահամերգները, որոնք թվով այդքան էլ շատ չեն, բայց կարծում եմ` մենք կարողացել ենք ճաշակով ներկայանալ մեր հանդիսատեսին:  Ես ունեմ մոտ 40 երգ, որոնցից շատերն, ի ուրախություն ինձ, հանդիսատեսը ճանաչում է։

Ըստ Ձեզ, հայկական մշակույթը գնահատողների թիվն ինչո՞ւ է կրճատվել։

Դա գալիս է նրանից, որ բոլոր ինֆորմացիոն միջոցները՝ հեռուստատեսությունը, ռադիոն և այլն, ներկայացրել են երգեր, որոնք ժամանակ առաջ արգելվում էր և դրա արդյունքում ամեն ինչ խառնվել է իրար։ Այս դեպքում, կարծում եմ, որ տուժել է միայն հեղինակային երգարվեստը։ Իսկ թե ինչի՞ է տուժել, որովհետև ամեն ինչ սկսվել է՝ ինչ երգեն, որ գումար աշխատեն նպատակով, որի արդյունքում կա նույնություն՝ երգեր հարս ու փեսայի մասին, զոնքաջների մասին։ Հեռուստատեսությունը պետք է ունենա պետական, մշակութային քաղաքականություն, որտեղ հստակ պիտի ամրագրվի դասականներից սկսած մինչև հեղինակ կատարողներ և դրա շրջանակներում ունենա որոշակի վերահսկողություն։

Ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր իշխանություններից։

Կոնկրետ Մշակույթի նախարարության առջև ծառացած են գլոբալ խնդիրներ։ Օրինակ՝ Սփյուռքի նախարարության հետ համատեղ կարելի է այնպիսի պրոյեկտներ անել, որպեսզի սփյուռքի հայությունը համերգ գնալիս լսի բազմաժանր երաժշտություն։ Մասնակիցները պետք է այնպես ընտրվեն, որ նրանք ներկայացնեն իրական, հայկական երաժշտություն, ոչ թե մեկ ուղղություն լինի և համերգը վերածվի հարսանիքի։ Գուցե պետք է նաև արդեն բավականին ճանապարհ անցած մարդկանց պետական կարգավիճակ տալ, որ ինչ-որ առումով այդ մարդիկ մոտ լինեն կանգնած Մշակույթի նախարարությանը։

Իսկ Հայաստանում տեղի ունեցածի վերաբերյալ ի՞նչ կասեք։

Ես դրական եմ գնահատում այն, ինչ տեղի է ունեցել, որովհետև դա մեկ կամ երկու հոգու շնորհիվ չէր, դա ժողովրդի կամքն էր։ Օրենքի սահմաններում կատարվող ցանկացած պայքարի ես կողմ եմ, բայց այդ օրերին շատ սխալ բաներ տեղի ունեցան, մասնավորապես այն, որ մի խումբ մարդիկ կոչ էին անում միանալ շարժմանը և հետո հարցնում. «Յա, բա էս ո՞ւր էիր»՝ այսինքն, եկեք կողմնորոշվեք, հիմա դուք ուզո՞ւմ էիք, որ մարդիկ միանան, թե՝ չէ։ Այդ օրերին իսկապես շատ քննարկվեց այս կամ այն մարդու մասնակցությունը, բայց դա, իմ կարծիքով, մի փոքր սխալ էր։ Իհարկե, ես ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, բայց ամսի 8-ին հրավեր եմ ստացել և մեծ սիրով երգել եմ Հանրապետության հրապարակում՝ այդպիսով իմ մասնակցությունն ունենալով շարժմանը։

Այդ օրերին հայ արվեստագետների հասցեին հնչած վիրավորանքների վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

Կոնկրետ ինձ համար տհաճ էր տեսնել կոլեգաներիցս շատերի նկարների վրա անհարգի բաներ, չէ՞  որ այդ նույն մարդկանց իրենք են ծափահարում, իրենք են լսում և սիրում։ Շարժումը գնում էր իր ճիշտ ճանապարհով, բայց պետք չէր այդպիսի պոպուլիստական բաներ անել, գուցե մարդիկ ինձ հետ համաձայն չլինեն, բայց դա, իմ կարծիքով, փոքրոգություն էր։

Խոսենք ձեր վերջին երգի և տեսահոլովակի մասին։

Երգի հեղինակը ես եմ, խոսքերն Ավետ Բարսեղյանն է գրել, գործիքավորումը Սերգեյ Հովհաննիսյան, ինչպես նաև ընկերներներիս՝ ռեժիսոր Խաչիկ Եղոյանի և Սուրեն Թադևոսյանի օգնությամբ որոշեցինք նկարել։ Այդպես ստեղծվեց «Էս ինչ սիրուն ես» կոչվող երգը։ Նպատակն էր ստեղծել ավելի ամառային, բարի ու թեթև տրամադրություն։ Իսկ տեսահոլովակում նկարահանվելու համար դիմեցինք Լուիզա Ղամբարյանին, քանի որ մեզ պետք էր դերասանուհի, ով հասկանում էր՝ ինչ է նշանակում ռեժիսոր և ինչ է նշանակում տեսահոլովակ նկարել՝ տեսահոլովակը հենց այդ պրոցեսի մասին է։ Արդյունքում ստացվեց շատ թեթև ու ամառային տեսահոլովակ։

Իսկ առաջիկայում ի՞նչ նոր երգերով և մենահամերգներով եք հանդես գալու։

Պետք է ասեմ, որ հեշտ չի արագ, կարճ ժամանակում հանդես գալ նոր երգերով, բայց շուտով կսկսվի հաջորդ երգիս գործիքավորման ու ձայնագրման պրոցեսը։ Կանգառներ չի լինելու մոտավորապես 2 տարի, դադար ունեցել եմ, հիմա հնարավորինս հաճախակի եմ ներկայանալու նոր գործերով։ Իսկ մենահամերգների հետ կապված, վերջերս՝ մայիսի 21-ին, Գյումրիում կայացավ իմ մենահամերգը, չնայած ի սկզբանե այն դրված էր ապրիլի 21-ին, սակայն շարժման հետ կապված հետաձգվեց։ Իսկ առաջիկա մենահամերգը սպասվում է հունիսի 29-ին՝ էջմիածին քաղաքում։ Հնարավորության դեպքում միշտ էլ սիրով եմ համերգներ ունենում, հատկապես մարզերում, որովհետև շատ եմ սիրում մարզերում ելույթ ունենալ։ Իսկ Երևանում մեծ մենահամերգի համար դեռ պատրաստ չեմ, որովհետև ամեն ինչ շատ ծախսատար է։

Ինչպե՞ս եք վերաբերվում երաժշտության մեջ նոր մատուցմանը։

Նոր մատուցմանը կողմ եմ, բայց երբ մոտենում ես մեկ դար անցած երգին, պետք է շատ զգույշ անել դա։ Ես ինքս էլ շատ զգուշավորությամբ եմ մոտենում մեր ժողովրդական և գուսանական երգերին։ Իմ կարծիքով՝ այդ երգերին չպետք է «մոտավորապես» մոտենալ։ Իհարկե, նոր մատուցմամբ կարելի է վերցնել և երգել, բայց երբ այդ երգերը գլխիվայր փոխում են, ես դրա կողմնակիցը չեմ, որովհետև այդ երգերի կարևորագույն դիմագիծը չպետք է փոխվի։

Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք մեր ազգին, մեր հայրենիքին։

Առաջին հերթին մեր սահմաններին խաղաղություն եմ մաղթում, երկրորդը՝ մեզ բոլորիս խոհեմություն, իրար նկատմամբ ներողամիտ վերաբերմունք։ Իսկ նոր իշխանություններին մաղթում եմ, որպեսզի նրանք  խելամիտ լուծումներ գտնեն։ Հեշտ չի մեկ ամսում Հայաստանը դրախտավայր դարձնել, բայց եթե իրենք իրենց գաղափարների հետևորդն են լինելու, ապա մենք կզգանք նոր ու ավելի բարեկեցիկ առօյայի ստեղծումը։ Իմ երազանքն է, որ երեխաներս լավ ապրեն, ոչ թե հարուստ, այլ ապրեն ավելի օրինական և ապահով երկրում։

Յանա Մարտիրոսյան

Նույն շարքից