Գլխավոր Հասարակություն 

Սիրելի ղեկավարություն, այս հարցը չէր կարելի ձգել մեկ-երկու ամիս. Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Ելփին գյուղում

analitik.am

Սեպտեմբերի 1-ին Վայոց ձորի Ելփին գյուղի  բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տվել գնալ դպրոց՝ պահանջելով դպրոցում աշխատող չորս ուսուցիչներին ազատել աշխատանքից։

Analitik.am-ը զրուցեց Վայոց Ձորի փոխմարզպետ Նանե Բագրատունու  հետ, ով ներկայացրեց Ելփին գյուղում տիրող իրավիճակն ամբողջությամբ .«Երբ նշանակվեցի այս պաշտոնում պարզվեց, որ Ելփինի դպրոցի հետ կապված արդեն խնդիր կար, բայց հնչեղություն ձեռք էր բերել ապրիլին տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Երեկ ես հանդիպում եմ ունեցել ծնողների, համայնքի բնակիչների և աշակերտների հետ: Դպրոցի խնդիրն արդեն պատերից դուրս է եկել՝ դառնալով համայնքային խնդիր, ստեղծել է անձնական թշնամական մթնոլորտ ուսուցիչների և ծնողների միջև։ Ավագանու և համայնքապետի հետ քննարկվել է գյուղում առկա հիմնախնդիրները, այդ թվում աղանդավորության դեմ պայքարի վերաբերյալ ծնողների մտահոգությունը»։

Տիկին Բագրատունին նշեց, որ նախկին մարզպետի բանավոր թույլտվությամբ դպրոցում տեղի է ունեցել ինչ-որ կրոնական կազմակերպության հանդիպում, որտեղ գրքույկներ են բաժանվել. «Դպրոցի տնօրենն այդ պահին բացակա է եղել, և ուսմասվարը տնօրենի հրահանգով հավաքել և պահել է դրանք։ Հետո շատ տարօրինակ կերպով այդ հավաքն անհանգստություն է առաջացրել ծնողների մոտ և թիրախավորվել են  չորս ուսուցիչ, որոնցից միայն մեկն է ավետարանչական եկեղեցու հետևորդ , ով, ի դեպ, ոչ մի օրենք չի խախտել և քարոզչություն չի իրականացրել դպրոցում»:

Մեր այն հարցին, թե ինչու են այդ դեպքում հենց այդ ուսուչին առանձնացրել, փոխմարզպետը պատասխանեց, որ նա նախկինում բողոքել է աշխատավարձի իջեցման հետ կապված. « Ապրիլյան հեղափոխության օրերին ծնողները, թիրախավորելով նրանց, սկսել են իբրև աղանդավորության դեմ պայքար և ստորագրահավաք են իրականացրել, դիմելով նախարարություն , մարզպետարան` ասելով որ դպրոցում աղանդավոր ուսուցիչներ են աշխատում, որի պատճառով անհանգստացած են: Ուսուցիչնեը նաև նամակ են ուղարկել ՄԻՊ, որտեղից ասել են, որ սահմանադրորեն նրանք ճիշտ են, որովհետև խղճի, դավանանքի ազատության օրենքով իրենք ունեն ազատ իրավունք և եթե մենք չենք ամրագրում, որ դպրոցում իրենց կողմից քարոզչություն է եղել, որևէ կերպ խոցելի չեն դառնում։

Երեկ՝ հանդիպման ժամանակ, ծնողները վիրավորված էին և բարձրաձայնեցին, թե ուսուցիչներն իրենց և իրենց երեխաներին ասել են անգրագետներ, իսկ ուսուցիչներն էլ վիրավորված են, որ ծնողները ստորագրահավաք են իրականացրել։ Երեկ ես ծնողներին ներկայացրել եմ նաև, այն որ միայն հավատացյալ լինելու համար չենք կարող ուսուցիչներին հեռացնել աշխատանքից, որին հաջորդեց ծնողների կողմից բարձրաձայնված մի շարք այլ հարցեր՝ տնօրինության և ուսուցչական կազմի աշխատանքների հետ կապված և այլն: Ես խնդրել եմ ծնողներին ներկայացնել հստակ ձևակերպված պահանջ և այսօր սպասում եմ պատասխանի, որպեսզի մենք մեր իրավասության շրջանակներում կարողանանք ընթացք տալ»։

Տիկին Բագրատունին նաև նշեց, որ երբ ծնողներն աղանդավորական շարժ նկատելուց անհանգստացած մարտ կամ ապրիլ ամսին առաջին բողոքն են ուղարկել, սակայն այնտեղ անուններ չեն նշել ։

 Analitik.am-ը զրուցեց նաև Ելփինի դպրոցում սովորող աշակերտներից մեկի ծնողի՝ Գևորգ Թովմասյանի հետ, ով ասաց, որ ամեն ինչ սկսվել է մայիս ամսին, երբ համայնքապետի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են գյուղի ուսուցչի տանը աղանդավորական շարժման ձևավորվելու  մասին հարցը.  «Մենք բոլորս մտահոգված այցելեցինք դպրոց, որպեսզի տնօրենի ներկայությամբ պարզեինք, թե ինչքանով են մեր կասկածները համապատասխանում իրականությանը: Պարզաբանման ժամանակ ուսուցիչները շատ վատ արձագանք տվեցին, սպառնալիքների տեսքով մեզ ասացին, որ դատի կտան՝ իրենց աղանդավոր շարժման մեջ մեղադրելու համար: Այդ ամենից հետո ստորագրահավաք ենք իրականացրել՝ մոտ 120 ստորագրությամբ և ուղարկեցինք ԿԳ նախարարին, որպեսզի տեղյակ լինեն համայնքում կատարվելիք երևույթներից: ԿԳ նախարարությունից արձագանքը փոխանցվել է Վայոց ձորի մարզպետարան, տեղի աշխատակիցները հանդիպել են մեզ հետ, սակայն մինչ օրս ոչ մի դրական տեղաշարժ չկա:

Պետք է անպայման նշեմ, որ այս ամենի հետ կապված մենք ոչ մի փաստ չենք ունեցել, սակայն ուսուցչուհիներից մեկը՝ Քնարիկ Ավագյանը, խոստովանեց, որ ինքը հավատացյալ է։ Մեր ստորագրահավաքից հետո տվյալ չորս ուսուցիչները նամակ են ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որտեղ նշված է եղել 18 անձի անուն, որից մեկն իմ անունն է: Նշեմ, որ մեր ստորագրահավաքի մեջ ոչ մի անուն նշված չի եղել, իսկ իրենք նշել են։ Նամակում ուսուցչուհիները գրել են նաև, որ մենք ահաբեկում ենք իրենց, իրենց ընտանիքի անդամներին և իրենց անդորրն ենք խանգարում, նաև խնդրել են վարչապետին, որ մեզ ենթարկեն պատասխանատվության, սակայն այդ նամակին ի պատասխան ոչ մի հետապնդում կամ պատասխանատվություն մեր նկատմամբ չի իրականացվել։ Դուրս է գալիս, որ մենք մեր վրդովվմունքն արտահայտեցինք, մտածելով, որ հարցը կլուծվի մեր համայնքում, այլ ոչ թե կհասնի այլ տեղեր, իսկ իրենք ուրիշ ձև արձագանքեցին։ Ներկայումս էլ դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ է ընթանում, որովհետև իրենք մտածում են, որ տնօրենը կապ ունի մեր հետ, բայց մենք տնօրենի հետ կապ չունենք։ Մենք հստակ ներկայացրել ենք մեր մտահոգությունները և ասել ենք, որ եթե հարցը չլուծվի, մենք մեր երեխաներին սեպտեմբերի մեկից դպրոց չենք ուղարկելու՝ ասեմ ավելին, մեր երեխաները չեն ուզում հաճախել դպրոց»։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Ելփինի դպրոցում ուսուցիչները քարոզում են կրոնական թեմաներ՝ Գ․Թովմասյանը պատասխանեց․ « Նման տեղեկություն չունենք, որ կրոնի քարոզչություն է եղել, քանի որ երեխաներից ոչ մեկ հստակ ոչինչ չի ասել, բայց գիտենք, որ դասընթացների ժամանակ ուսուցիչներն իրենց մոտ ունեցել են աստվածաշունչ։ Կոնկրետ իմ երեխան երբևէ չի ասել, որ դասընթացների ժամանակ նման երևույթներ են կատարվում, սակայն կան ծնողներ, ովքեր ասում են, որ իրենց երեխաներն այդ մասին պատմել են։ Պետք է ասեմ նաև, որ մինչև սեպտեմբերի մեկը երեխաներն արդեն սկսեցին խոսել այս մասին, որ դասի ժամանակ, դա նաև երեխայի ծնողն է պնդում, ուսուցչուհին երեխային ասել է «քո տեղը գերեզմանն է», բացի այդ, կոպիտ վերաբերմունք է ցուցաբերել երեխաների նկատմամբ։ Եվ մի բան էլ՝ դպրոցի կոլեկտիվի ժողովների ժամանակ  այդ չորս ուսուցիչների կողմից վիրավորանք է հնչել ծնողների հասցեին, որ մենք անգրագետ ենք և ոչինչ չկարողացանք ապացուցել։ Ներկա պահին դպրոցում ամեն օր ժողովներ են ընթանում, պարզաբանումներ, սակայն երեխաներն այս պահին դպրոց չեն հաճախում։

Մենք բողոքի ակցիաներ ենք իրականացրել մեր կուլտուրայի տան դիմաց, հանդիպումներ ենք ունեցել համայնքի ղեկավարության հետ, և ես ուզում եմ դիմել նաև մեր երկրի ղեկավարությանը՝ սիրելի ղեկավարություն, այս հարցը չէր կարելի ձգել մեկ-երկու ամիս։ Մենք խնդրում ենք շուտ արձագանքել և այս հարցին լուծում տալ, քանի որ եթե այս ամենը շարունակվեց կարող է լուրջ բախումների առիթ դառնալ ուսուցչուհիների և ծնողների միջև։ Մեր պահանջն է, որպեսզի այդ չորս ուսուցչուհիները հեռացվեն դպրոցից, այլապես մեր երեխաները կզրկվեն կրթություն ստանալու իրավունքից»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից