Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Պետք չէ ջրից ելնել կրակն ընկնել. Խորհրդարանը քննարկում է ընտրախախտումերի դեմ պայքարը խստացնելու հարցը

analitik.am

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ժամանակ  ներկայացրեց քրեական օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է մի շարք փոփոխություններ կատարել քրեական, վարչական իրավախախտումների օրենսգրքում, այսինքն այն օրենսգրքերում, որով պատասխանատվություն է նախատեսված ընտրական ընթացակարգերը խախտելու, ընտրական օրենսդրության պահանջները խախտելու համար։ Առաջին փոփոխությունը վերաբերում է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․10-րդ հոդվածով նախատեսված արարքը քրեականացնելուն։ Այս արարքի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ առավելագույնը երկուսուկես միլիոն դրամ, սակայն ըստ Ա․Հովհաննիսյանի այս արարքն իր բնույթով գրեթե նման է ընտրակաշառք տալուն կամ ընտրակաշառք տալն առաջարկելուն․ «Ուղղակի այդ կաշառք տալու քողարկված կամ այլ միջոց է, իսկ մենք գիտենք, որ ընտրակաշառք տալն այսօր քրեորեն պատժելի արարք է, և արդարացված չէ, որ այս մյուս արարքը մնա որպես վարչական զանցանք, սա է հիմնական նպատակը, թե ինչու ենք մենք այս արարքը քրեականացնում նախատեսելով 3-6 տարի ազատազրկում՝ հաշվի առնելով այդ արարքի հանրորեն վտանագավոր լինելու աստիճանը»։

Արդարադատության առաջին տեղակալը նաև առաջարկեց քրեականացնել ոչ միայն ընտրակաշառք ստանալը կամ պահանջելը, այլ նաև այդ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը, որովհետև այս երկու արարքներն ըստ Ա․Հովհաննիսյանի ևս չեն զիջում իրենց հանրորեն վտանգավորության աստիճանով․ «Մենք առաջարկում ենք հստակ գրել, թե ինչ նպատակի համար է տրվում կամ պահանջվում ընտրակաշառք, այս առաջարկությամբ ավելացնում ենք ուրիշի օգտին քվեարկելը կամ մեկից ավելի անգամ քվեարկելու նպատակով ստանալը կամ պահանջելը կամ ընտրակաշառք տալը կամ խոստանալը»։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նախագծի վերաբերյալ ներկայացրեց կառավարության հետ պայմանավորվածությունը, որի համաձայն հանձնաժողովի հետ դրական եզրակացություն տրվել է քաղաքական նկատառումներից ելնելով, որովհետև այս նախագծում կան իրավական խնդիրներ․ «Այս իրավական նախագիծն ընդունելը վտանգ է պարունակում իր մեջ, հետևաբար կառավարության հետ մենք պայմանավորվեցինք, որպեսզի արտահերթ նիստը չտապալվի, քաղաքական նկատառումներից ելնելով կողմ քվեարկել՝ դրական եզրակացություն տալով, բայց պայմանով, որ պետք է իրավական առումով այնպիսի շտկումներ լինեն, որպեսզի մենք ունենք իրավական, օրինական օրենք, որը միտված կլինի ընտրական գործընթացը բարելավելու և վստահություն ձեռք բերելու ընտրական գործընթացի նկատմամբ»։

Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ոչ մեկ դեմ չէ ընտրություններում ընտրակաշառքի բացառման մասով․ «Բայց չի կարելի ինչպես ժողովրդական լեզվով է ասվում «ջրից ելնել կրակն ընկնել»։ Իսկապես կա նպատակ ընտրությունները զերծ պահել նման միջամտություններից, բայց չի կարելի այդ զերծ պահելն անել ավելի կարևոր շահեր ոտնահարելով կամ ոտնահարման իրական սպառնալիքի տակ դնելու հաշվին։ Այս նախագիծն ուղղակիորեն սպառնում է քաղաքացու շահերին, այսինքն քաղաքացին կարող է չիմանալով կամ ինչ-որ ազդեցության տակ ընկնելով խոստաանալ, որ կողմ կքվեարկի այս կամ այն թեկնածուին, բայց միթե սա ճիշտ վարչարարություն է պետության կողմից, ընդ որում բավականին ազդեցիկ սանկցիա է նախատեսում՝ մարդուն տանել երեք տարի ազատազրկման դատապարտել ընդամենը նրա համար, որ խոստացել է կողմ քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին։ Եվ ընդհանրապես սա նաև հակասում է քրեական իրավունքի գիտությանը, և ընդհանրապես քրեական իրավունքի գիտությունը թույլ չի տալիս, որպեսզի մարդկանց իրենց մտքերի, մտադրությունների համար ենթարկեն քրեական պատասխանատվության և նաև խոստումը հավասարեցված է կաշառք ստանալուն, այստեղ նույնպես խախտված է արարքի նկատմամբ համարժեք պետիրավական մոտեցում ցուցաբերելու սկզբունքը»։

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ անչափ կարևոր է, որ այս թոհ ու բոհի ընթացքում հանկարծ չանտեսվի ընտրողի իրավունքների պաշտպանությունը․ «Այո, մենք խստացնում ենք ընտրակեղծարարության առանձին դեպքերի համար քրեական պատասխանատվությունը դիցուկ միջին ծանրության հանցագործությունները դարձնելով ծանր հանցագործություններ։ Այս համատեքստում և այս շրջանակներում ես նախագծին կողմնակից եմ, նախագծի վերաբերյալ ունեմ իմ մտահոգությունները, սակայն ես պայմանավորելու եմ իմ քվեարկությունը և կոչ եմ անելու իմ գործընկերներին այդ քվեարկությունը պայմանավորել իրականում այս հարցադրումներին պատշաճ լուծում տալու հանգամանքից»։

Ծառուկյան դաշինքի Նաիրա Զոհրաբյանը նույնպես կողմ արտահայտվեց նախագծին՝ ասելով․ «Ես երկու ձեռքով պաշտպանում եմ այս նախագծին, որովհետև որպես նաև նախկին լրագրող, ես տեսել եմ, թե ինչպես տարիներ շարունակ մեր երկրում այլանդակվել է ընտրությունը, ես տեսել եմ, թե ինչպես է քաղաքացին ընտրել մեկին, բայց ընտրությունների արդյունքում ձևակերպվել մեկ այլ հաղթող։ Այս օրենքի խստացման գնում ենք այն պարզ պատճառով, որ միգուցե սա միակ տարբերակն է, որպեսզի կարողանանք մեր երկրում կասեցնել ընտրակեղծարարության այն խայտառակ քայլարշավը, որը Հայաստանում ընդունեք արդեն դարձել էր ոսկերչական մակարդակի։ Այո, սանկցիաները միգուցե որոշ առումներով խիստ են, քան օրինակ Ֆրանսիայի քրեական օրենսգրքում կամ այլ եվրոպական քրեական օրենսգրքում, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ այս տարիների ևս տեսել եմ, թե ինչ է արվում ընտրողի քվեի հետ։ Մենք վստահ ենք, որ սրանով լուծելու ենք օրինակ ստրկամիտ այն պաշտոնյաների հարցը, որոնցից մեկը, ում անունը ես չեմ հնչեցնի, երեկ ինձ ասում էր «դե գիտես հրահանգի ենք սպասում, հրահանգ դեռ չենք ստացել, ինչ ենք անելու և թեկնածուներից ում ենք պաշտպանելու Երևանի ավագանու ընտրություններում»։ Այս ստրկամիտները միևնույնն է չեն փոխվելու, որովհետև ամբողջ կյանքում այդ մարդիկ ստրուկ են եղել, ամբողջ կյանքում իրենք աշխատել են կառավարությունից կամ նախագահականից եկած զանգով։ Մարդիկ ունակ չեն ինքնուրույն մտածելու, մարդիկ մտածում են, որ ինչ-որ տեղի է ունեցել բլեֆ է, ու միևնույն է իրենց զանգելու են և հրահանգելու, թե ինչ անել»։

Նույն շարքից