Գլխավոր Վերլուծական Տնտեսություն 

ՊԵԿ-ի ներկայացրած թվերում անճշտություններ կան

analitik.am

Վերջերս պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ 7 ամսվա ընթացքում հավաքագրել ենք այնքան ավելի եկամուտ, որը նախատեսվում էր ամբողջ տարվա ընթացքում: Նշել էին նաև, որ 2018-ի համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, այդ սահմանաչափին հասել են 7 ամսվա ընթացքում:

Այս հայտարարության մեջ կան բավականին վիճահարույց և ապատեղեկատվություն պարունակող կետեր: Նախ՝ 2017-ին նախատեսված էր հավաքել 1 տրլն 135 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, 2018-ին՝ 1 տրլն 248 մլրդ դրամ հարկեր եև տուրքեր: Պարզ թվաբանությամբ տարբերությունը ոչ թե 107 մլրդ դրամ է, այլ 113 մլրդ դրամ: Այսինքն՝ տարվա ընթացքում նախատեսված էր հավաքել ոչ թե  107 մլրդ դրամով, այլ 113 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ:

Երկրորդ՝ թեկուզ 107 մլրդ (ոչ թե իրականում նախատեսված 113 մլրդ) դրամ ավելի հարկային եկամուտները 7 ամսում արդեն հավաքվել են: Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թ. հունվար-հուլիսին» հրապարակման համաձայն, 2018-ի հունվար-հուլիսին հավաքվել են 675 մլրդ դրամ հարկեր և տուրքեր՝ 2017-ի հունվար-հուլիսին հավաքված 642 մլրդ դրամի փոխարեն: Դարձյալ տարբերությունը ոչ թե 107 մլրդ դրամ է, այլ 33 մլրդ դրամ: Հարց կարող է առաջանալ, թե ինչպե՞ս է հնարավոր, որ ՊԵԿ-ի ղեկավարությունը նման անհավանական թվեր հնչեցնի: Գուցե նկատի ունե՞ն նաև որպես գերավճար ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք վերադարձվում են արտահանող տնտեսվարողներին: Սակայն, այստեղ նույնպես ոչ մի կերպ 107 մլրդ դրամ չի ստացվում:

Այս տարվա ընթացքում որպես գերավճար տնտեսվարողներին հետ է վերադարձվել 55 մլրդ դրամ: Եթե այս թիվը գումարենք ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշների համադրման արդյունքում ստացված 33 մլրդ դրամին, ապա դարձյալ չի ստացվի 107 մլրդ դրամ, կստացվի 88 մլրդ դրամ: Հայտնի չէ, թե ընդհանրապես ինչ թվերի մասին է խոսքը, բայց գերավճարի հետ վերադարձի մասին չի բարձրաձայնվել: Եթե դա արվեր, ապա դարձյալ անհարմար վիճակ կստացվեր ներկայիս կառավարության և ՊԵԿ-ի համար:

Բանն այն է, որ վերոնշյալ 55 մլրդ դրամ գերավճարի վերադարձը տնտեսվարողներին տեղի է ունեցել հունվար-փետրվար ամիսներին, այսինքն նախորդ՝ ԿարենԿարապետյանի կառավարության կողմից: Ապրիլ-հուլիսին հետ է վերադարձվել ընդամենը մոտ 1 մլրդ դրամ: Սա էլ այն փաստն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հիշատակել:

Հավելենք, որ եթե հանկարծ գործող կառավարությունը որոշի նույնքան՝ 55 մլրդ դրամ հետ վերադարձնի տնտեսվարողներին, ապա կստացվի որ անցյալ տարվա համեմատ ոչ միայն ավելի հարկեր չեն հավաքել, այլ ընդհակառակը՝ պակաս են հավաքել:

Նույն շարքից