Մամուլի ակումբ 

Բանակը կտրորի հենց վարչախմբին, այն ժողովրդի դեմ հանելու դեպքում. Նախախորհրդարան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» կենտրոնում տեղի ունեցած «Նախախորհրդարանը ստեղծել է նոր որակի հայկական պետության Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողով. նպատակները, խնդիրներն ու հեռանկարները» թեմայով ասուլիսի  հյուրերն էին  նոր ձևավորված Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանը, նախագահի տեղակալ Գայանե Ավագյանը և Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

 

Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց, որ  Հիմնադիր խորհրդարանը դեռ նոր պետք է ստեղծվի և արդեն  ստեղծվել է խորհրդարանի ընտրական հանձնաժողովը:  «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը  գաղութացված է և ՀՀ-ում այժմ  գաղութային կառավարման ռեժիմ  է,  Հիմնադիր խորհրդարանը նպատակ ունի  համախմբել  ժողովրդին և նրա կամքի ու ուժի գործադրման միջոցով հեռացնել ներկայիս  հանցավոր ռեժիմը: Այնուհետև դրանից հետո առաջացող կարճատև անցումային շրջանում կառավարելու է պետությունը՝ ստեղծելով նաև ժամանակավոր կառավարություն, անցումային շրջանի ավարտին անցկացնելու է արտահերթ ընտրություններ, որոնց հիման վրա կձևավորվեն  Նոր Հայաստանի Ազգային Ժողովն ու կառավարությունը»:


Բանախոսը նշեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, հատուկ ծառայություների աշխատողները, կուսակցական վերնախավի ներկայացուցիչները չեն կարող լինել  հիմնադիր խորհրդարանի պատգամավորներ:  Նա նաև տեղեկացրեց, որ հիմնադիր խորհրդարանն օրեր առաջ ստեղծել է նաև Արդարության ատյան: «Նշեմ, որ Հիմնադիր խորհրդարանի ստեղծման  պահից նախախորհրդարանը որևիցե լիազորություն չունի  և այն ընդամնեը մասնակցել է խորհրդարանի  ձևավորման և կազմակերպչական աշխատանքներին»:

 

Հարցին, թե ինչպես կարող են  որպես Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու գրանցվել,  բանախոսը պատասխանեց.  « Ընտրական հանձնաժողովի կողմից նախապես սահմանված որոշակի ժամկետում պատգամավորության թենածուն պետք է հավաքի 300 չկրկնվող  ստոագրություն:  Առավելագույն  ձայներ ստացած 65 հոգին դառնում են Հիմնադիր խորհրդարանի պատգամավորներ: Հետագայում պատգամավորներից որևէ մեկի դուրս գալու պարագայում նրա տեղը լրացնում է վարկանիշային քվեարկությամբ առավել շատ ձայներ ստացած հաջորդ թեկնածուն»:

 

Բանախոսը նշեց, որ այժմ Հայաստանում իրականացվող ժողովրդի ըմբոստացումները, վառ ապացույց են այն բանի, որ ժողովրդի ներքին կոլեկտիվի գիտակցությունն ավելի բարձր է, քան ծախու կառավարության խարդավանքները: Այդ ընբոստացումները մինչև այժմ որևիցե արդյունքի չեն հասել, քանի որ գոյություն չի ունեցել այնպիսի կազմակերպող ուժ, որը մինչև վերջ տեր կլիներ ժողովրդին և կառաջնորդեր նրան:

 

Հարցին, արդյոք Հիմնադիր խորհրդարանին, այսպիսի վարչակազմի դեպքում  կհաջողվի իրականացնել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև, Ավետիսյանը պատասխանեց. «Պետական կառավարման համակարգն այժմ ոչնչացման եզրին  է: Ես համակարգը ներսից շատ լավ գիտեմ՝ իմ աշխատանքի բերումով: Այսօր պետական համակարգի ներսում կոնսոլիդացիա չկա,  բացի վերնախավից: Ժողովրդի ջախջախիչ մասը կողմ է ազատությանը, կախյալությունը հաղթահարելու առաջին իսկ հույսի դեպքում, ժողովուրդը ոտքի կկանգնի և կպայքարի իր իրավունքների համար»:

 

Հարցին, արդյոք այդ դեպքում իշխանությունը բանակը չի հանի ժողովրդի դեմ, նա պատասխանեց.  «2008 թվականին բանակը ընդամենը բերվեց հրապարակ և չօգտագործվեց: Իշխանությունը, եթե փորձի հրապարակ բերել բանակը, համոզված եղեք, որ  առաջին իսկ փորձի ժամանակ բանակը կտրորի հենց վարչախմբին: Բացասական լիցքը, որը կուտակվել է ժողովրդի մեջ, պետք է կարողանալ օգտագործել ճիշտ՝  այն վերածելով երկրում փոփոխության հասնելու  էներգիայի»: Նախախորհրդարանի արտաքին քաղաքական կողմնորոշման մասին Վարուժան Ավետիսյանն ասաց. «Մենք մերժում ենք Մաքսային միությունը, Եվրասիական միությունն ու ԵՄ-ն, մենք կարծում ենք, որ   Հայաստանը պետք է որպես տարածաշրջանային միավոր լինի, այնուհետև նաև համաշխարհային քաղաքականության  սուբյեկտ: Այն պետք  է վերածվի քաղաքակրթությունների, մայրցամաքների միջև կրթության կամրջի, քանի որ մեր դիրքն ու հազարամյա պատմությունը դա են ապացուցում:

 

 

Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ  Վարդան Գերավետյանը նշեց, որ  Հիմնադիր խորհրդարան ստեղծելու  գործընթացն այլ կուսակացական և քաղաքական ընտրություններից տարբերվում է նրանով, որ սա համահայկական գործընթաց է. «Մենք Հիմնադիր խորհրդարանում ունենք 11 տեղ, որը հատկացված է սփյուռքին: Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր  կարող է լինել  27-ից բարձր ցանակացած քաղաքացի,  եթե համապատասխանում է մեր ներկայացրած չափանիշներին: Մենք աշխատում ենք հնարավորինս հեղինակավոր մարդկանց մեր շարքերը ընդգրկել, հեղինակավոր  մասնագիտական առումով, ովքեր կարող են երկրում ինչ-որ բան փոխել: Ունենք նաև  սահմանափակումներ, օրինակ՝  5 տեղ ունենք ոչ բարձրագույն կրթությամբ քաղաքացիների համար: Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի կազմը  բաղկացած է լինելու  9 հոգուց: Այս պահին 7 հոգի կա և ունենք  թափուր երկու տեղ»:

 

 Բանախոսը ներկայացրեց Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի կազմը, որը ներկայացնում ենք ստորև.


Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահ Վարդան Գերավետյանը, նախագահի տեղակալ Գայանե Ավագյան, Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի անդմաներ՝ Մարիամ Ավագյան, Զարուհի Գագոյան,  Տիգրան Եգորյան, Սիրանույշ Ղուկասյան, Ժիրայր Սեֆիլյան:

 

Հիմնադիր խորհրդարանի ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գայանե Ավագյանը  նշեց, որ պետք է կարողանալ պայքարել  սեփական իրավունքների պաշտպանության համար. «Ես հասարակ քաղաքացի եմ, ինքս լինելով ըմբոստ, կարծում եմ, որ պետք է պայքարել սեփական իրավունքների պաշտպանության համար: Պետք չէ վախենալ, պետք է ապրել և   կարողանալ ազատ կամք արտահայտելով, հասնել մեր երազած կյանքին: Ես այսօր ավելին եմ ցանկանում, ուզում եմ ապրել նորմալ և պայքարելու եմ դրա համար»:

Նույն շարքից