Հասարակություն Տնտեսություն 

ՀՀ-ն չունի գիտելիքահեն կրթական համակարգ

analitik.am

Կրթությունը մշտապես դիտարկվել է հայ ժողովրդի առաջընթացի կարևորագույն նախապայմաններից մեկը: Հայ ժողովուրդն ունեցել է բազում առաջընթացներ և հաղթանակներ, որոնք ձեռք են բերվել կրթության և հանճարեղ մտքի միջոցով: Սակայն այսօր կրթական ոլորտում առկա հիմնախնդիրները չեն նպաստում կրթութական ոլորտի էական զարգացումներին, ինչի արդյունքում կրթության որակը ցածրանում է:


Այսօր հանրապետության երիտասարդների մեծամասնությունը «դիպլոմավորված մասնագետներ»  են, սակայն վերլուծությունները ցույց են տալիս, որ նրանցից շատերը կա’մ աշխատանք չունեն, կա’մ զբաղված են ոչ մասնագիտական գործունեությամբ: Մյուս կողմից առաջ է գալիս մեկ այլ խնդիր: Քանի որ հանրապետությունում երիտասարդների մեծամասնությունը բարձրագույն կրթություն ստացած անձինք են, իսկ մեզ բոլորիս հայտնի է, որ ոչ բոլոր կրթություն ստացած անձինք են իրականում տիրապետում իրենց մասնագիտություններին, ապա այս պարագայում իրապես կոմպետենտ և իր մասնագիտությանը ամբողջովին տիրապետող երիտասարդի համար առաջ են գալիս լուրջ խոչընդոտներ` համապատասխան աշխատանք գտնելու տեսանկյունից: Այս պարագայում գործատուները մեծամասամբ չեն կարողանում ճիշտ կողմնորոշվել համապատասխան կադր ընտրելու ժամանակ: Նրանք բոլորին հավասարաժեք են համարում, այսպես ասած «բոլորին նույն աչքով են նայում», քանզի կարծում են, որ դիպլոմի առկայությունը չի խոսում երիտասարդի կոմպետենտ, խելացի, կարողունակ լինելու մասին:  


Հիմնախնդիրների շարքում առանձնանում է նաև դիպլոմավորված մասնագետներին աշխատանքով ապահովման հիմնախնդիրը: Ինչպես վերը նշվեց, երիտասարդների մեծամասնությունը կա’մ գործազուրկ են, կա’մ զբաղված են ոչ մասնագիտական գործունեությամբ: Պետությունը նույիսկ աշխատանքով ապահովման հնարավորություն չի ընձեռում անվճար համակարգում ուսանած և ավարտած երիտասրադներին: Չկան հստակ մեխանիզմներ, կազմակերպություններ, որոնք զբաղվեն այս կարևորագույն հիմնախնդրով: Իսկ այս հիմնախնդրի հետագա լճացումը հանգեցնում է նրան, որ մեր պետությունը ունենում է «ուղեղների արտահոսք»: Մի շարք մասնագետներ գերադասում են լքել երկիրը և իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք գտնել այլ երկրներում:


Փաստորեն սրանք խոսում են այն մասին, որ մենք դեռևս չունենք արդյունավետ, գիտելիքահեն կրթական համակարգ, որը ոչ միայն կտրամադրի բարձրորակ կադրեր, այլ նաև հետևողական կլինի վերջիններիս աշխատանքի տեղավորման հարցում:


Հիմնախնդիրների շարքում առանձնանում է կրթության ֆինանսական ապահովման հիմնախնդիրը: Հայաստանում բարձրագույն կրթության պետական ֆինանսավորման մակարդակը բավականին ցածր է: Այն նկատելիորեն  ցածր է տարածաշրջանի միջինից` կազմելով ՀՆԱ-ի շուրջ 0.2 %-ը և ընդհանուր կրթության ծախսերի` 6-7%-ը, ինչը զգալիորեն զիջում է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշին (համապատասխանանաբար 1.3% և 20%):


Ներկայումս պետական բյուջեից բուհերին հատկացվող ֆինանսավորումը կազմում է վերջիններիս եկամտի մոտ 21 տոկոսը: Պետական բուհերում ուսանողական վարձավճարները բավականին բարձր են` հասնելով մեկ շնչին ընկնող եկամտի շուրջ 20 տոկոսին (համեմատության համար, օրինակ, ԱՄՆ-ում կամ Ճապոնիայում այն հասնում է եկամտի 11 տոկոսին): Վճարների հատուցման հիմնական ծանրաբեռնվածությունը բաժին է ընկնում ուսանողների ծնողներին, ինչն ուսումնառության ընթացքում լրացուցիչ ֆինանսական դժվարություններ է ստեղծում ուսանողների և նրանց ընտանիքների համար և լուրջ խնդիրներ է առաջացնում բարձրագույն կրթության մատչելիության և հավասարության տեսանկյունից:


Այս խնդիրները հնարավոր է հաղթահարել միայնումիայն արդյունավետ կրթական համակարգի ներդրման միջոցով, այն համակարգի, որն արդյունավետ կլինի մեր պետության համար: Այլ ոչ թե կրկնօրինակել այս կամ այն պետության կրթական համակարգում իրականցվող բարեփոխումները: Իրականում այդ պետության կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները միգուցե արդյունավետ են տվյալ պետության համար, բայց դրանք կիրառելի և արդյունավետ չեն մյուս պետությունների համար:


Թինա Ղազարյան

Նույն շարքից