Տնտեսություն Քաղաքականություն 

ՄՄ. ի՞նչ տնտեսական վնասներ կարող է ունենալ ՀՀ-ն

analitik.am

Հայաստանի իշխանությունների որոշումը կտրուկ փոխելու երկրի ինտեգրացիոն գործընթացը ԵՄ-ից ՄՄ, բազմաթիվ հարցերի տեղ թողեց, որոնց մեծ մասի պատասխաններում հետաքրքրված են գրեթե բոլոր շարքային ՀՀ քաղաքացիները: Հարցերի հիմնական մասը վերաբերվում է այն հնարավոր փոփոխություններին, որոնք կարող են անգամ հեռակա կարգով հարվածել թե շարքային քաղաքացիների, թե գործարար շրջանակների գրապաններին: Հարցերի մյուս շրջանակը կարող է վերաբերվել հնարավոր շահեկան կողմերին:

Չնայած նրան, որ Հայաստանը գտնվում է միայն ճանապարհին ու անդամ պետությունների (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) հետ ունի ձևավորած աշխատանքային բանակցային խմբեր, ինչպես նաև ընթացքի մեջ են ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզի» վրա տարվող աշխատանքները, այդուհանդերձ, անգամ այժմ պարզ է, թե ինչ դրական ու բացասական հնարավորություններ են բացվել կամ բացվելու Հայաստանի առջև:
Աշխատանքային խմբերի հիմնական նպատակը միասնական օրենսդրաիրավական միջավայրի ձևավորումն է, ինչպես նաև ապրանքների ու չափորոշիչների համապատասխանեցումն անդամ երկների միջև տեղափոխվող արտադրանքի համար:

Այս ընթացքում հավանական են նաև խնդիրների բացահայտում, որոնք, համաձայն գործընթացի օրակարգի, պետք է արագացված կարգով ներկայացվեն կառավարության խորհրդակցական նիստում համապատասխան եզրակացությունների համար: Ի դեպ, դրանց հավանականության մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ անուղղակի նշեց նաև տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ. «Կան գործոններ, որոնք կունենան բացասական ազդեցություն, և բնականաբար, կառավարությունն իրականացրել է մեծածավալ վերլուծական աշխատանք:»

Փորձենք հասկանալ բացասական կողմերը. Նախ տեղի՝ հայկական ընկերությունները հնարավոր է անմրցունակ դառնան ռուսական, բելառուսական կամ ղազախական այն ընկերությունների արտադարանքի հանդեպ, որոնք գործում են նույն շուկայում ու Հայաստան այդ դեպքում կներմուծվեն առանց մաքսային հավելավճարների ու տուրքերի, որոնք կձևավորեին գնային որոշակի տատանումներ տեղական ու ներմուծվող արտադրանքների միջև: Արդյունքում, կարող են դժվարին վիճակում հայտնվել հայկական հրուշակեղեն, կաթնամթերք արտադրող ընկերությունները, որոնք միաժամանակ մյուս կողմից կարող են հուսալ ավելի մեծ արտաքին շուկայի մասին, որում սակայն պետք է ունենան չափորոշիչային համապատասխան մակարդակ:

Նման սպառնալիք կա նաև վառելիքի շուկայում, որտեղ հավանական է համաշխարհային գերհսկաներից մեկի՝ «Ռոսնեֆտի» ի հայտ գալը: Ու չնայած նրան, որ Հայաստանը բենզին ներկրում է հիմնականում Եվրոպայից ու միայն դիզելն է ռուսական, այդուհանդերձ, արդեն ստորագրված համաձայնագիրը «Ռոսնեֆտ»-ի և «Օյլ տեխնո»-ի (Հայաստանի գրանցում ունեցող ընկերություն) միջև ենթադրում է Հայաստանում «...նավթամթերքի պահպանման և բաշխման համար համապատասխան ենթակառուցվածքների զարգացման միջոցների ներդնում», ասել է թե բենզալցակայանների սպասարկման ցանց: Դա արդեն իր հերթին մրցակցության սպառնալիք է հայկական «Ֆլեշ» և CPS ընկերությունների համար:

Բացասական լուրջ խնդիրների թվում է նաև մաքսատուրքերի բարձր մակարդակը ՄՄ-ի անդամ երկրների համար երրորդ պետություններից ներկրման դեպքում: Հայաստանում գործող մաքսային օրենսդրությանբ սահմանված է համեմատաբար ցածր դրույքաչափը՝ մոտ 2,5 տոկոս ներմուծվող ապրանքի համար, այնինչ ՄՄ-ում այն 7 տոկոսի շրջանում է: Դա կարող է հանգեցնել ապրանքների մի մեծ շրջանակի գնաճային իրական տատանումների:
Հայաստանի տնտեսական աճի վրա իրական ազդեցություն էր սպառնում թողնել նաև այդ ամենի հետևանքով աճող գազի և էլեկտրաէներգիայի գները: Այդ ուղղությամբ տարված բանակցությունները կողմերի միջև ավարտվել են հայտնի արդյունքով, որի շնորհիվ գազի գինը Հայաստանում 5 տարի պահպանելու է ներկայիս սակագինը:  

 
Վերջապես հիմնական խնդիրների թվում ընդհանուր սահմանի բացակայությունն է ՄՄ երկրների հետ: Այն բացասական հետևանքներով  սպառնում է հատկապես արտահանող հայ գործարարներին: Այդ ընթացքում հնարավոր է նրանք կանգնեն մաքսազերծման խնդիրների առջև, որոնք լուծելու ուղղությամբ փորձ է արվում փոխառնել ՌԴ Կալինինգրադի շրջանի օրինակը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը չունենա որևիցե խնդիր մաքսային ծառայությունների հետ ու գործի հեշտացված ընթացակարգ:

Սրանք սպառնալիքների ու բացասական հետևանքների ոչ ամբողջական ցանկն է, որը կարող է զսպել ու խոչընդոտել Հայաստանի Հանրապետության հետագա տնտեսական աճը և ազդել ՀՀ ամեն քաղաքացու վրա: Էլ ավելի մտահոգիչ է այն, որ նման մասշտաբային խնդիրների լուծումները ոչ թե նախապես ունեցել են գոնե իրենց հեռանկարային լուծումներն, այլ այն, որ աշխատանքներն ու դրանց բացահայտումը տարվում է հընթացս ինտեգրացիոն գործընթացի:

Միաժամանակ խնդրահարույց անկյունների բացահայտման՝ Մաքսային Միությունը լայն հնարավորությունների մեծ շուկա է: Այն ընդգրկում է հսկայական տարածք, որն առիթ է ամեն հայկական ընկերության համար՝ ծառայություն, թե ապրանք, բացահայտելու սպառնողների նոր խմբերի:

Հայ գործարարների համար դա նաև իրավական հիմքի վրա դրված արտոնյալ պայմաններ են, առանց մաքսազննման ու հավելյալ թղթաբանական «քաշքշուկների» մասնակցելու ընդհանուր շուկայի ձևավորմանը: Հաշվի առնելով Հայաստանի հետ միասնական սահմանի բացակայությունը՝ հայկական կողմը, համաձայն պաշտոնական Երևանի հայտարարությունների, ունենալու է էլ ավելի հեշտացված ընթացակարգեր ապրանքաշրջանառության ոլորտում:

Հայ գործարարները կկարողանան մասնակցել անդամ պետությունների տեղական ու պետական կառավարման մարմինների ու գերատեսչությունների կողմից հայտարարվող տենդեռներին, մասնակցելու պետական գնումներին և այլն: Իհարկե, հաշվի նստելով այն հանգամանքի հետ, որ ՄՄ անդամ պետությունների շրջանում կաշառքի գնով տենդեռներում հաղթելու հավանականությունն ավելի բարձր է, քան նույնիսկ Հայաստանում: 

Ենթադրվում է նաև հավելյալ ֆինանասավորում անդամ պետությունների կողմից՝ որոնք նպատակաուղղված են լինելու Հայաստանի՝ որպես ՄՄ-ի նոր անդամի վերացնելու ծառացած խոչընդոտները և իհարկե, որն ամենակարևորն է, տարատեսակ արտադրական ոլորտներում օտարերկրյա (ՄՄ անդամ պետությունների) ընկերությունների մասնակցությունն է տեղի՝ հայկական շուկայի զարգացմանն ու ներդրումներին: Դա իր հերթին արտադրական ծավալների մեծացում է, աշխատատեղերի հնարավոր ավելացում և այլն:

Գևորգ Ղազարյան

Նույն շարքից