Հասարակություն Տնտեսություն 

Պետք է բանկային ամնիստիա իրականացնել

analitik.am

Վերջին տարիներին արդեն զարմանք են առաջացնում այն մարդիկ, ովքեր վարկեր չունեն: Հայաստանի բնակչության մի զգալի հատված իր կարիքները հոգում է հենց վարկերի շնորհիվ, ինչը ոչ լավ է, ոչ վատ, ուղղակի փաստ է: Այս երևույթը վկայում է այն մասին, որ պետք է հնարավորինս լավ պայմաններ ստեղծվեն վարկառուների համար, ովքեր փաստացի սնում են բանկերին: Ի տարբերություն այլ ոլորտների, բանկային ոլորտում կանոնները բավականին խիստ են և ոչ ճկուն, քանզի համակարգին չի հուզում ոչ մի հանգամանք, եթե գրանցվել է վարկի ուշացում, պատճառներն ու  հիմնավորումներն արդեն անօգուտ են:


Զարմանալին այն է, որ նման ճշտությամբ չի աշխատում աշխատավարձերի վճարման համակարգը, եթե մասնավոր հատվածը գոնե աշխատավարձերի ուշացման համար կարող է օբյեկտիվ պատճառներ ունենալ, ապա պետական ոլորտում ժամացույցի ճշտությամբ պետք է աշխատավարձները վճարվեն:


Իրական պատկերը միանշանակ այլ է, կազմակերպություններ կան, որտեղ մարդիկ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստանում, ինչն էլ իր հերթին պայմանավորված է երկրի ընդհանուր տնտեսական վիճակով: Մարդիկ բիզնես են հիմնել, ներդրումներ արել, վարկ են վերցրել և այսօր հայտնվել են անելանելի վիճակում՝ շարունակե՞լ գործունեությունը, թե ուղղակի փակել դռները և հեռանալ Հայաստանից:


Բիզնեսի առողջացմանը միանշանակ վարկը կարող է օգնել, քանզի միայն այդ կերպ կազմապերպությունը հնարավորություն կունենա գոնե ինչ-որ կերպ գոյատևման պայմաններ ստեղծել, բայց այստեղ էլ առաջանում է հաջորդ խնդիրը:


Վարկառուների արդեն բավականին լուրջ հատված հայտնվել է «սև ցուցակում», և շատ դեպքերում այդ մարդիկ մեղավոր չեն, քանզի իրենց ծրագրերը խաթարվել են ոչ թե իրենց, այլ տնտեսության վատթարացման պատճառով: Անհատներն էլ մեղավոր չեն, որ ժամանակին գործատուն չի կարողանում վճարել աշխատավարձը, որպեսզի աշխատողն ել ժամանակին վճարի բանկի հանդեպ իր ունեցած պարտավորությունները: Արդյունքում ստացվում է մի պատկեր, երբ «սև ցուցակում» հայտնվում են բավականին պարտաճանաչ, բայց ոչ իրենց մեղքով անպարտաճանաչ դարձած վարկառուներ, ովքեր այլևս հնարավորություն չեն ունենալու վարկ վերցնել:


Այս խնդիրը բավականին լուրջ է և վնասում է հասարակության զգալի հատվածին, ուստիև պետք է անհապաղ լուծման արժանանա:


Շատ օգտակար և կիրառելի լուծում կլիներ, եթե բանկային ամնիստիա հայտարարվի և «սև ցուցակները» մաքրվեն՝ վարկառուներին ևս մեկ հնարավորություն տալու համար, առավել ևս ներկայիս Հայաստանի պայմաններում, երբ շատերը հենց վարկերի միջոցով են կարողանում պահել իրենց կազմակերպությունը  կամ լուծել իրենց համար շատ կարևոր խնդիրներ: Նման որոշումը երկուստեք շահավետ կլինի թե բանկերի, թե հասարակության համար:

Անի Հովհաննիսյան

 

Նույն շարքից