Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ադրբեջանն այն երկիրն է, որն ամենաանհարմար պահին, ամենանենգ ձևով կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն. Դավիթ Բաբայան

analitik.am

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է կառուցողական բանակցությունների, որոնց նպատակը կլինի ԼՂ հակամարտության փուլային տարբերակով  կարգավորումը:

Analitik.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի հետ, ով  ասաց, որ ինչի մասին խոսել է Մամեդյարովը,  նորություն չէ. «Այդ տարբերակն ոչ այլ ինչ է, քան պարզապես անիրական մի տարբերակ: Ի՞նչ է դա նշանակում. Անկախ ինքնիշխան երկիրը, որն ի վիճակի է իր անվտանգությունն ապահովել, պետք է համաձայնվի աստիճանաբար, փուլային կորցնել իր ազատությունը, անվտանգությունը թուլացնի և պարզապես վերանա ասպարեզից, այ սա է նշանակում, որովհետև  այն, ինչ նրանք ասում են, դա է: Մենք բազմիցս ասել ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը, որ պատրաստ ենք քննարկել ցանկացած հարց: Հակամարտության  կարգավորման համար պետք է լինի փաթեթային կարգավորում՝ փաթեթով պետք է կարգավորվեն և լուծվեն բոլոր հարցերը, իսկ դրանց իրականացման մի մասը  կարող է լինել փուլային: Օրինակ՝ փաթեթով կարգավորվել է ամեն ինչ, որ Արդբեջանն ու Արցախը պետք է իրար ճանաչեն, որ պետք է հստակեցվեն սահմանները, որ պետք է մարդասիրական ու ռազմաքաղաքական հարցեր կարգավորվեն և այլն:

Առաջին փուլը կարող է լինել իրար ճանաչելը՝ Արցախը պաշտոնական ճանաչում է Ադրբեջանին, Ադրբեջանն էլ Արցախին, սա առաջին ուղղությունն է, որը կարելի է համարել որպես փուլ: Երկրորդը կարող է լինել ռազմաքաղաքական կարգավորված և հստակեցված հարցերի իրականացում՝ օրինակ սահմանների հստակեցում. Սահմանների տակ մենք հասկանում ենք հյուսիսային Արցախը՝ պաշտոնական Ստեփանակերտը, որովհետև հյուսիսային  Արցախն ու ԼՂԻՄ-ն են ստեղծել ԼՂՀ-ն, հյուսիսային Արցախը հայաթափվեց նաև Ղարաբաղյան շարժման և Ադրբեջանի բռնապետական քաղաքականության հետևանքով:

Այստեղ նաև պետք է արծարծել Նախիջևանի հարցը, որովհետև ԼՂԻՄ-ն ու Նախիջևանը եղել են մեկ պետական միավորման կազմում և պաշտոնական Ստեփանակերտն իրավասու է այդ հարցը բարձրացնել: Այսպես պետք է լինի կարգավորումը, ոչ թե այնպես, ինչպես Ադրբեջանն է առաջարկում: Ադրբեջանն առաջարկում է հետևյալը՝ ոչ թե բոլոր հարցերը կարգավորել և հետո տեսնել՝ որն է առաջինը կամ երկրորդը՝ ժամանակագրական առումով, այլ նրանք ասում են՝ ոչ մի հարց կարգավորված չէ, և Արցախը սահմանների առումով պետք է վերադառնա 1988 թվականները և դրանից հետո կտեսնենք՝ ինչ ենք անում:

Սա ի՞նչ է, սա աննորմալ երևույթ է, ի՞նչ է, մենք պետք է մեր ամեն ինչից զրկվե՞նք, այն էլ ահաբեկիչների քմահաճույքների համար, ովքեր հերոսացնում են Սաֆարովի նման տականքներին, ովքեր խախտում են միջազգային օրենքն ու օրենսդրությունը: Նման բան չի լինելու, կամ եթե մենք այսպիսի տրամաբանությամբ շարժվենք, ինչն Ադրբեջանն է ուզում, դա կդիտարկեմ և՛ մեր թուլություն, և՛ ոչ պրոֆեսիանալիզմի արդյունք: Իհարկե, սա փոփոխություն կառաջացնի և իրենք մի քանի փուլից հետո մեզ հետ չեն ցանկանա խոսել, որովհետև մենք՝ որպես ռազմաքաղաքական միավոր այլևս որևէ բան մեզանից չենք ներկայացնելու, որն ի վիճակի է իրեն պաշտպանել, իսկ այդպիսի միավորների հետ ոչ մեկ չի խոսում»:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի այն հայտարարությանը, որ հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից, ադրբեջանցիներին պետք է թույլ տրվի վերադառնալ Արցախ, Բաբայանն ասաց, որ դա նույն տրամաբանության մեջ է մտնում՝ այն,  ինչ նրանք ուզում են: Ինչ վերաբերում է Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Մամեդյարովի արած հայտարարությանը, թե դա վկայությունն է այն բանի, որ Բաքուն պատրաստ է առարկայական բանակցությունների, Բաբայանն ասաց՝ շատ լավ է, որ պայմանավորվածություն կա. «Առարկայական բանակցությունները ո՞րն է  կամ բանավոր պայմանավորվածությունը ո՞րն է: Շատ լավ է, որ կա պայմանավորվածություն, որովհետև խախտումների թիվը կտրուկ նվազել է, բայց դա հիմք կարո՞ղ է հանդիսանալ, որ մենք հանձնվենք Ադրբեջանին: Շատ լավ է, որ  իրենք չեն խախտում, ոչ էլ մենք ենք այդ խախտումներին պատասխան տալիս, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանը պատրաստ է, որովհետև այն, ինչ նա անում է և այն, ինչ խոսում ու մտածում է, իրար հակասում են: Իսկ եթե  բանավոր պայմանավորվածությունը կա և ինչ-որ կերպ պահպանվում է, դա կարող է վաղը կամ մյուս օրը խախտվել, որովհետև բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանն այն երկիրն է, որն ամենաանհարմար պահին, ամենանենգ ձևով կարող է խախտել ցանկացած պայմանավորվածություն»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը՝ հակամարտության կարգավորման գործընթացն արգելակվելու մասով, Բաբայանն ասաց, որ հակամարտության սառեցված լինելն Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության արդյունքն է:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից