Գլխավոր Հասարակություն Հարցազրույց Ռազմական 

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ՝ ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու ՀՀ հնարավորության մասին

analitik.am

Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը կարող է զենք ձեռք բերել ԱՄՆ-ից՝ շահավետ առաջարկ լինելու դեպքում:

 Analitik.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն ասաց, որ գործնականում կնքված պայմանագրերն ու ստանձնած պարտավորություներն են որոշում նման հարցերը. «Հաճախ շատ երկրների միջպետական հարաբերություններում լինում է, որ երկրի առաջին դեմքերն ու բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ են անում, որն ինչ-ինչ հանգամանքներից կամ այլ իրողությունից ելնելով, կյանքի չի կոչվում և չի վերածվում պայմանագրերի ու պարտավորությունների: Չեմ ուզում շտապել, հաշվի առնելով այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, որն ունի նաև իրավունքներ ու պարտականություններ այդ կառույցի հետ: Հայաստանը նաև ինքնիշխան երկիր է, և ինքն է որոշում, թե որ երկրի հետ և ինչ ոլորտներում ինչպիսի քաղաքականություն իրականացնի: Բայց նաև կան ստանձնած պարտավորվածություններ և դրանց տիրույթի տրամաբանության մեջ պետք է ամեն ինչ գնահատվի»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությունը սկանդալային համարելուն, ռազմական փորձագետն ասաց, որ Հայաստանը ՆԱՏՕ անդամ որոշ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցություն արել է դեռևս  նախորդ իշխանության տարիներին. «Ռազմատեխնիկական համագործակցությունն իր մեջ պարունակում է նաև զենքի գնում, զենքի վերանորոգում և այլն: Համագործակցությունն իր մեջ որևիցե առումով սկանդալ չի պարունակում, եթե սկանդալին նայենք, ուրեմն Հայաստանը Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն է իրականացրել և, ըստ իս, բավականին լուրջ»:

Հարցին, թե  ի՞նչ կարծիք ունի այն մասով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիրը զենք մատակարարի հակամարտող կողմերին, Նահապետյանն ասաց, որ այստեղ մեծ հաշվով ոչ թե զենքի խնդիրն է, այլ ազդեցություն ունենալու. «Եթե այդ ամենը նայենք Հայաստանի պետական շահերի տեսանկյունից, ապա ՀՀ-ի շահերը սպասարկող պետական կառույցների և քաղաքացիների կողմից կան դժգոհություններ, բայց հարցին պետք է նայել նաև արդարության տեսանկյունից՝  ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ղեկավարությունը  վերջին շրջանում բացահայտ ՌԴ-ն դիտել և դիտում է՝  որպես թշնամի պետություն: Նայենք չեզոք տեսանկյունից՝ ինչպե՞ս է ՌԴ-ի հետ ռազմական-տնտեսական համագործակցություն իրականացնում Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ է: Եթե ՌԴ-ի տեսանկյունից նայենք, ապա ստացվում է, որ Հայաստանն իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի թշնամու հետ համագործակցություն է իրականացնում, դա ինչպե՞ս որակենք:

Երկրորդ՝ Հայաստանի զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների դրոշի ներքո վաղուց  իրականացնում են խաղաղապահ առաքելություն՝ Աֆղանստանում և Կոսովոյում: Այսինքն՝ Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում  ՆԱՏՕ անդամ երկրների դրոշի ներքո, այդ դեպքում, նախկին իշխանությունների օրոք ինչու՞ Հայաստանը չէր իրականացնում խաղաղապահ առաքելություն այնտեղ, որտեղ բարոյական և իրավական առումով բավարար հիմքեր ուներ. Սիրիայի մասին է խոսքը, չէ՞ որ այնտեղ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներն են, որոնց անվտանգությանը սպառնում են  Իսլամական պետության զինյալները, և մեր Սիրիայի քաղաքացի հայրենակիցները զենքը ձեռքներին կռվում էին այլ քաղաքացիների կողքին, ովքեր դավանում էին այլ կրոն: Այդ դեպքում  ինչու՞ ՀՀ-ն իր խաղաղապահ մեկ ստորաբաժանում չուղարկեց, չէ՞ որ այնտեղ միայն զինական գործ չէր, կար նաև հումանիտար՝ ականազերծում, բուժօգնություն և այլն:

Եթե ՌԴ-ի տեսանկյունից նայենք, ապա իր համար առանձնապես հասկանալի չէ  Հայաստանի իշխանությունների այդ դիրքորոշումը: Կարծում եմ, որ այսօր կոնկրետ ԱՄՆ-ի հետ կապված ինչ-որ հայտարարվել է, եթե դա արտառոց է, ուրեմն արտառոց է ընդհանրապես ՀՀ-ի նախորդ իշխանությունների վարած քաղաքականությունը ՆԱՏՕ անդամ երկրների հետ խիստ անմիջական և գործնական ռազմատեխնիկական համագործակցություն իրականացնելուց և դա, եթե արվել է ի շահ ՀՀ-ի, դրան նորմալ եմ նայում, բայց այդ ամեն ինչն արվելուց առաջ  առաջնահերթ պետք է նայել, որ եթե այլ ռազմական դաշինքների անդամ ես, ապա այդ քայլերը  որքանո՞վ կարող են վնասել այդ դաշինքի ընդհանուր նպատակներին և արդյո՞ք դա կարող է վտանգել կոնկրետ ՀՀ-ի ազգային անվտանգությունը: Եթե այդ տեսանկյունից գնահատենք, ապա կարող եմ ասել, որ խորհելու տեղիք ունենք»:

Մեր մյուս հարցին՝ տարբերակ կա՞, որ ՌԴ-ն դադարեցնի զենք մատակարարել  ՀՀ-ին և Ադրբեջանին,  և եթե նման բան լինի, որքանո՞վ է դա ձեռնտու Հայաստանին, Նահապետյանն ասաց, որ դա բամբասանքների մակարդակ է, որովհետև միջպետական հարաբերությունները որոշում են կնքված պայմագրերով, որի մեջ կա իրավունքներ և պարտականություններ. «Եթե պայմանագրի կետեր են խախտվում կամ վերանայվում, այդ դեպքում միայն կարելի է ասել՝ կտրվի, թե ոչ, իսկ սա զուտ քարոզչական հնարք է»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից