Հայաստան Քաղաքականություն 

Այսօր պատգամավորը մեզանից տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում. Արա Սաղաթելյան

analitik.am

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցել է նոյեմբերի 13-15-ը Կիևում GIZ-ի կողմից հրավիրված միջազգային համաժողովին: Այն նվիրված է եղել Արևելյան գործընկերության երկրներում խորհրդարանի վերահսկողական գործառույթի հզորացմանը:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Արևելյան գործընկերության երկրներում խորհրդարանական վարչակազմերի բարեփոխման ընթացիկ մարտահրավերները, խորհրդարաններում հետագա բարեփոխումների գործընթացում գիտահետազոտական վերլուծական կենտրոնների կարևորության, ինչպես նաև բարձրագույն վերաքննիչ հաստատությունների և խորհրդարանների միջև ավելի ամուր համագործակցության հարցերը:

Համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը` մասնավորապես նշելով.

«Հարգելի՛ գործընկերներ և բարեկամներ,

Շնորհակալ եմ GIZ-ին հրավերի և հետաքրքիր քննարկման հնարավորության համար: Խորհրդարանների աշխատակազմերի բարեփոխումներն առաջ մղելու, փորձի փոխանակման և նոր ու հետաքրքիր մոտեցումների ծանոթանալու տեսանկյունից նման քննարկումներն իսկապես կարևոր են և օգտակար:

Շատ կարևոր է նաև այստեղ ծավալվող քննարկումների արդյունքում ձեռք բերվող նոր գաղափարների գործնական կիրառությունը՝ խորհրդարանների վերլուծական պոտենցիալի մեծացման, միջգերատեսչական համագործակցության խորացման և աշխատանքի ընդհանուր արդյունավետության բարձրացման ուղղություններով:

Հայաստանում այս հարցերն այժմ առավել քան արդիական են, քանի որ, ինչպես գիտեք, 2018թ.-ին մեր երկիրը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց խորհրդարանական մոդելի և այժմ գտնվում է կառավարման նոր համակարգին ադապտացվելու փուլում, որը ենթադրում է որոշումների կայացման, ներքաղաքական օրակարգերի ձևավորման գործում խորհրդարանի դերի վերարժևորում ու նոր մարտահրավերներին դիմակայելու պարտաստվածության մակարդակի բարձրացում:

Միաժամանակ, խորհրդարանական համակարգին անցումը հանգեցրեց գործող Ազգային ժողովի պատասխանատվության բեռի ավելացմանը, ուստի լայնածավալ բարեփոխումներն, այդ թվում՝ աշխատակազմում, դարձան անհրաժեշտ և անխուսափելի:

Հարգելի՛ գործընկերներ,

Խորհրդարանների աշխատակազմերում բարեփոխումների գործընթացն անընդհատություն է պահանջում, քանի որ մշտապես անհրաժեշտ է ապահովել խորհրդարանական ենթակառուցվածքների գործունեության համապատասխանությունը՝ պատգամավորների ընթացիկ կարիքներին և ակնկալիքներին, ինչպես նաև երաշխավորել խորհրդարանի oրենսդրական, ներկայացուցչական, վերահսկողական (այդ թվում՝ բյուջեի ձևավորման) և մի շարք այլ գործառույթների իրականացման լիարժեք և համահունչ լինելը:

Հայաստանի Ազգային ժողովում շարունակական բնույթ կրող բարեփոխումների նպատակը պատգամավորների սահմանադրական լիազորությունների և գործառույթների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն է: Բարենպաստ պայմաններ ասելով՝ նկատի ունենք ԱԺ աշխատակազմի կողմից խորհրդարանի և դրա առանձին մարմինների՝ ԱԺ խոսնակի, փոխխոսնակների, պատգամավորների, հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքային կարիքների համակարգված և արդյունավետ սպասարկումը:

Ցավոք, բարեփոխումների գործընթացը հարթ և միատարր չէ, և հաճախ ծագում են մի շարք խնդիրներ ու մարտահարվերներ, որոնք որոշակիորեն դանդաղեցնում են բուն գործընթացը:

Իմ խորին համոզմամբ՝ բարեփոխումների սկզբնական փուլում հանդիպող մեծագույն խնդիրը խորհրդարանի աշխատակազմի կառուցվածքի ռացիոնալացումն ու դրա համապատասխանեցումն է փոփոխվող քաղաքական պահանջներին և սոցիալ-տնտեսական պայմաններին, ինչպես նաև՝ խորհրդարանականների ու հանրության ակնկալիքներին: Այս փուլում, որպես կանոն, դրսևորվում է ներքին դիմադրություն բարեփոխումն իրականացնողների և այն աշխատակիցների միջև, ովքեր չեն ցանկանում դուրս գալ իրենց «հարմարավետության գոտուց» և դժվարություններ են ունենում նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու հարցում: Հենց այստեղ էլ ի հայտ են գալիս մի շարք տեխնիկական խնդիրներ, այդ թվում՝ աշխատակազմի ոչ լիարժեք համակարգման, գործառույթների կրկնման և այլնի տեսքով, որոնք պետք է լուծել իրականացվող բարեփոխումների համատեքստում:

Մեկ այլ կարևոր խնդիր է կադրերի կոմպետենտության և բարձրորակ փորձագետների ներգրավվածության հարցը: Հաշվի առնելով բյուջետային միջոցների անբավարարությունը՝ դժվար է մրցակցել մասնավոր հատվածի հետ: Պրոֆեսիոնալ կադրերը, որպես կանոն, նախընտրում են հենց մասնավոր հատվածում աշխատել, քանի որ լավ մասնագետը աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն է պահանջում:

Բյուջետային միջոցների սղությունը խոչընդոտում է նաև փորձի փոխանակման ծրագրերի իրականացմանը, կամ շատ սահմանափակ է դարձնում դրանք: Այդ պատճառով էլ առաջադեմ փորձի փոխանակման գործընթացի շարունակականության ապահովման և վերապատրաստման հարցերը բոլոր աշխատակազմների «Աքիլլեսյան գարշապարն են», և այս խնդիրը մենք չենք կարող լուծել առանց միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածության:

Իմ գնահատմամբ՝ հաջորդ խնդիրը խորհրդարանի դերի և նշանակության ամբողջական և խորքային ընկալման բացակայությունն է, ընդ որում՝ թե՛ իշխանության մյուս ճյուղերի, թե՛ հանրության կողմից. սա, թերևս, քաղաքական մշակույթի լիարժեք ձևավորված չլինելու հետևանք է:

Խնդիրների մյուս խումբը վերաբերում է աշխատակազմի ֆինանսական ապահովմանն ու ֆինանսական անկախությանը: Միաժամանակ, շատ կարևոր է ֆիսկալ մարմինների հետ ծախսերի հաստատման ընթացակարգերի պարզեցումը: Այս տեսանկյունից, որպես մարտահրավեր, կարելի է մատնանշել նաև Կառավարության կողմից պատշաճ մակարդակի երկխոսության հաստատման պատրաստակամությունն ու հաղորդակցման չափանիշների մշակումը, այդ թվում՝ խորհրդարանական վերահսկողության ընթացակարգերի շրջանակներում:

Լուրջ խնդիր է նաև փորձագիտական հանրույթի հետ ինստիտուցիոնալ համագործակցության պակասը, ինչի մասին խոսվելու է հաջորդ քննարկմանը նախատեսվող ելույթում:

Հարգելի գործընկերներ,

Երևի շատ սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ թվարկածս խնդիրները մի քիչ ավել, մի քիչ պակաս ներհատուկ են մեր բոլորի երկրների խորհրդարանների աշխատակազմերի զարգացման ընթացքին: Բայց կա մեկ խնդիր, ավելի շուտ մարտահրավեր, որ հաստատապես բոլորինս է և ամեն հաջորդ օր ավելի ուժգին է բախում մեր դռները: Դա հենց ժամանակի մարտահրավերն է: Թեթև, գերարագ ինֆորմացվող, գերարագ տրամադրությունը փոխող ու նույնպիսի արագությամբ էլ պահանջներ ներկայացնող տեխնոլոգիական-ինտերնետ-հասարակության և մեր ինստիտուցիոնալ, լուրջ ու համակողմանի կշռադատող կառույցների միջև ամեն օր ավելի շատ երևացող խզման մարտահրավերն է: Եթե լրիվ անկեղծ լինենք, բոլորս էլ դա նկատում ենք: Մեր աշխատակազմերը, անգամ դրանցից ամենաձևավորվածները, նման են լավ խնամված, լուրջ, յուրաքանչյուր շրջադարձը համակողմանի ծանրութեթև անող, առանց խախտումների ճամփա ընկած ավանդական Ռոլս-Ռոյսերի, որոնք անցյալում հանրային վարքագծի խնդիրներ էին կարողանում լուծել՝ անգամ իր ներկայացուցչական տեսքով ազդելով մարդկանց պատկերացումների և պահանջների վրա: Այսօր իրավիճակը մի փոքր այլ է: Հիմա մեր Ռոլս-Ռոյսերը պիտի սպասարկեն հասարակություններ, որտեղ եղանակ են ստեղծում մեքենաների արանքով սլացող չմշկորդը, թվիթերի հաղորդագրությունը, ֆեյսբուքյան քոմենթը, սելֆին ու վիքիպեդիայից արված «քոփին»: Այսինքն արագը, թեթևը, ոչ խորը, պարզը ու ամենակարևորը` ներառականը, երբ քաղաքականության օբյեկտը այլևս պարտադիր ուզում է նաև դրա իրականացման սուբյեկտը լինել: Սա է այսօրվա իրականությունը: Արդյոք մեր ավանդական համակարգերը պատրա՞ստ են սրան, կարծում եմ` ոչ ամբողջովին:

Այսօր պատգամավորը մեզանից առաջին հերթին ակնկալում է ոչ թե օժանդակություն երկօրյա համաժողովների կազմակերպման համար, այլ տեխնիկական սատարում է խնդրում ֆեյսբուքյան «լայվ» մտնելու հարցում: Ես, իհարկե, պարզունակ օրինակներ եմ հիմա բերում ավելի պատկերավոր լինելու համար, բայց ասածս երևի պարզ է. մենք պիտի կարողանանք պահպանել ավանդականը, ինստիտուցիոնալը, Ռոլս-Ռոյսը, բայց չպետք է շատ հետ մնալ առաջ սլացող չմշկորդից, այլապես կկորցնենք մեր ու իր կապը, ինչը ամենևին էլ ցանկալի չէ: Սա խնդիր է, որի շուրջ քննարկումների առիթներ դեռ շատ կունենանք, կարծում եմ:

Ավարտելով ելույթս՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին և գործընկերներին օգտակար և արդյունավետ քննարկման համար»,-ասել է Արա Սաղաթելյանը:

 

Նույն շարքից