Միջազգային 

Յանուկովիչն ու Ալիևը քննարկել են Վրաստանի հետ հարաբերությունների

analitik.am

Ադրբեջանի նախագահը երդմնակալությունից հետո երկրորդ պաշտոնական այցը կատարել է ոչ թե Ռուսաստան, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, այլ Ուկրաինա։

 Независимая газета-ն անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ Կիև կատարած այցին և ներկայացրել ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների զարգացման հնարավոր տարբերակները։

 Իլհամ Ալիևը Կիև մեկնեց կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, և հայրենիք վերադարձավ երեկ։ Չնայած մամուլում հնչում էին էներգետիկ ոլորտում ուկրաինա-ադրբեջանական պայմանավորվածությունների ձեռք բերման հնարավորությունների մասին ենթադրություններ, սակայն փաստաթղթեր չստորագրվեցին։

 Փոխարենը՝ Կիևում խոսել են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) միության վերականգնման մասին, որին, հավանաբար, կարող է միանալ նաև Թուրքիան։

 «Պենտա» վերլուծական կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն կարծում է, որ պետք չէ ենթադրել, որ Ալիևի՝ Կիև այցը հակառուսական քայլ էր։

«Պարզապես այդպես է դասավորվել աշխատանքային գրաֆիկը»,- կարծում է նա։

 Ուկրաինան և Ադրբեջանը մոտ են այնքանով, որ երկու երկրները հետաքրքրված են Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում հավասարակշռությամբ։

«Թե՛ Բաքուն, թե՛ Կիևը համաձայնություն չեն տվել Մաքսային միությանը լիարժեք անդամակցելուն, սակայն երկու երկրներն էլ ցանկանում են նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ ունենալ ԱՊՀ ներկայացուցիչների հետ»,-կարծում է նա։

 Փորձագետը կարծում է նաև, որ Իլհամ Ալիևը ցանկանում է հասկանալ՝ ի՞նչ ակնկալել Վիլնյուսում ԵՄ-ի գագաթնաժողովից, որի արդյունքում հնարավոր է Ասոցացման համաձայնագիր ստորագրվի Ուկրաինայի և ԵՄ-ի միջև։

Ուկրաինայի քաղաքականության ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Բոնդարենկոն նշել է, որ Ալիևի՝ Կիև այցի նշանակությունը ոչ թե էներգետիկ խնդիրների ոլորտում է, այլ՝ ռազմավարության։

 «Մեր պետություններին ռազմավարական համագործակցությունն է միավորում։ Թե՛ Կիևը, թե՛ Բաքուն հետաքրքրված են բոլոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու հարցում։ Որոշ ոլորտներում՝ ինչպես, օրինակ, ենթակառուցվածքների զարգացումն ու տրանսպորտային միջանցքները, մենք կարող ենք աշխատանքներն սկսել արդեն մոտ ապագայում։ Համագործակցություն այլ ուղղություններով, այդ թվում նաև գազի մատակարարումը, հնարավոր է՝ հետաձգվի։ Կարևոր է հիշել, որ Ուկրաինան և Ադրբեջանը եվրոպական «Արևելյան գործընկերության» շրջանակներում են, և երկու պետություններն էլ նախկինում Վրաստանի և Մոլդովայի հետ նույն կառույցում են եղել։ Այժմ նախագիծը կարող է վերածնվել, սակայն այլ մակարդակով և այլ մասշտաբներով»,-ասել է փորձագետը։

 Ֆեսենկոն կարծում է, որ Յանուկովիչն ու Ալիևը քննարկել են Վրաստանի հետ հարաբերությունների հարցը՝ Սաակաշվիլիի հեռանալուց հետո, նաև՝ Թուրքիայի հետ համագործակցության հարցը։

Կիևում փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ն, որը համարվում է ՎՈՒԱՄ-ի ստեղծման նախաձեռնողը, այժմ դարձյալ Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ-ի վրա ազդելու հետաքրքրվածություն է ցուցադրում։ Ուկրաինայի համար դա կարող է իրավիճակից դուրս գալու ելք լինել, ինչով էլ որ ավարտվի Վիլնյուսում ԵՄ գագաթնաժողովը, գրում է թերթը։
 

Նույն շարքից