Հայաստան Քաղաքականություն 

Չեմ կարծում, որ հետայսու ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի. Սուրեն Սարգսյան «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նախընտրական այս փուլն անմասն չէ նաև արտաքին քաղաքականությանն առնչվող որոշակի ազդակներից: Բայց մինչ արտաքին ազդակների որոշ բաղադրիչներին անցնելը՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրույցում խոսել ենք ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի՝ արտաքին քաղաքականության պատկերացումների մասին:

«Ակնհայտ է, որ բոլոր քաղաքական ուժերի համար էլ արտաքին քաղաքական ուղղություններն ու օրակարգը պետք է լինեն առաջնահերթություն, կարևոր է նաև այն, թե ի՞նչ հնարավորություններ պետք է ունենանք արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի համար: Ակնհայտ է նաև, որ մեր արտաքին քաղաքականությունը կարևորագույն մարտահրավեր է: Այն անվտանգության ապահովումն է՝ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը, այն ուղղությունը, որտեղ անվտանգությունն ու արտաքին քաղաքականությունը սերտաճած են: Եվ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները չէին կարող այս մասին չխոսել և մոտեցումներ չունենալ իրենց ծրագրերում: Բոլոր ուժերի դրույթներում էլ անդրադարձ կա արտաքին քաղաքականությանը և, իհարկե, նաև Արցախի խնդրին՝ որպես ամենամեծ մարտահրավեր: Եթե ծրագրերում առանձնապես մեծ չէ արտաքին քաղաքականության անդրադարձը, ապա բանավեճերում կողմերը կարողացել են ավելի լավ ներկայացնել ու ավելի լայն անդրադարձներ կատարել արտաքին քաղաքական խնդիրներին»,–«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բովանդակային հատվածին, ապա, ըստ քաղաքագետի, չափազանց կարևոր է առանձին անդրադարձ կատարել գործող իշխանության արտաքին քաղաքականության պատկերացումներին, խոստումներին ու նախընտրական ծրագրին. «Որովհետև «Իմ քայլը» վերցրել է կառավարությունը, երկրի քաղաքական կառավարումը, այդ թվում՝ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը: Եվ կարծում եմ, որ հաջորդ ԱԺ–ում, լինելով մեծամասնություն, ամբողջությամբ ստանձնելու է արտաքին քաղաքականության իմպլեմենտացիան: Եվ այս առումով արտաքին քաղաքականության հիմնական սպասելիքներն ու պահանջները պետք է ներկայացնել իշխող ուժին: Ես, իհարկե, գոնե ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին մի փոքր այլ պատկերացում ունեմ, որովհետև ծրագրում շատ հպանցիկ է ներկայացված այն տեսլականը, որն ունեն ԱՄՆ-ի հետ հարաբերություններ կառուցելու տեսանկյունից: Բայց նորից եմ շեշտում՝ սա ընդամենը նախընտրական ծրագիր է, և մոտեցումները հասկանալու համար շատ ավելի կարևոր է հետևել քաղաքական հայտարարություններին և բանավեճերին»:

Անցում կատարելով արդեն այս փուլում առկա ազդակներին՝ քաղաքագետի հետ խոսեցինք ՀԱՊԿ գագաթաժողովի հետաձգման մասին: Նշենք, որ ՌԴ նախագահի օգնականը հայտարարել էր, թե Հայաստանի խնդրանքով է այն հետաձգվել՝ հղում էր արվել նախընտրական արշավը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսնակն էլ նշել էր, որ Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել: Խնդիրը ՀԱՊԿ–ի՞, թե՞ Հայաստանի դաշտում է: Քաղաքագետը նախ ընդգծեց՝ Հայաստանը գտնվում է չափազանց կարևոր մի շրջափուլում. «Ակնհայտ է, որ քաղաքական պատասխանատվություն ստանձնած ուժը ևս կարևորում է այս գործընթացը: Բնական է, որ պետք է նաև հաշվի առնել նախընտրական գործընթացները: Ընդհանրապես միջազգային պրակտիկայում ընդունված է նման հանդիպումների հետաձգումը՝ պայմանավորված նախընտրական գործընթացներով: Եթե Հայաստանի կողմից նման խնդրանք եղել է, ապա դա տրամաբանական է: Ես չեմ ուզում անդրադառնալ վերոնշյալ հեռակա բանավեճին՝ կողմերը պետք է իրար մեջ խոսեն, և հայտարարություններ անելուց առաջ պետք է համապատասխան կոորդինացիա լինի, ինչը ևս միջազգային հարաբերություններում ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ՝ ոչ մի զարմանալի բան չկա, որ հետաձգվել է, քանի կա միջազգային նման պրակտիկա»:

Սուրեն Սարգսյանն այդքան էլ համաձայն չէ այն տեսակետների հետ, որ ՀԱՊԿ-ում ճգնաժամ կա.

«Որպես այդպիսին, ճգնաժամ չէի համարի, որովհետև կառույցը, այդուհանդերձ, չունենալով գլխավոր քարտուղար՝ շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ: Թեև ճգնաժամ, որպես այդպիսին, չկա, բայց միևնույն ժամանակ չեմ կարծում, որ հետայսու Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու շանս ունի: Եվ կարծում եմ, որ ՌԴ ներկայացուցիչը՝ Սեմերիկովը, որը ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի տեղակալն է, իսկ այժմ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը, մինչև քվոտայով Հայաստանին հասանելիք ժամկետի ավարտը կպաշտոնավարի, որից հետո էլ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը»:

Քաղաքագետն այս կարծիքն ունի, որովհետև, ըստ նրա, այստեղ գործընթացները զարգացել են ոչ թե փակ դռների հետևում, այլ եղել են քաղաքական բաց ու հանրային հայտարարություններ. «Եվ կարծում եմ՝ Հայաստանն անզիջում է գտնվելու իր դիրքորոշումն առաջ մղելու հարցում: Նույնն էլ Բելառուսի դեպքում է լինելու: Ընդամենը 1 տարի և մի քանի ամիս է մնացել, որ Հայաստանը ղեկավարի այս կառույց, և սա շատ փոքր ժամանակահատված է, որ նոր գլխավոր քարտուղար նշանակվի: Նոր քարտուղարը չի կարող էֆեկտիվ աշխատանք իրականացնել այս փոքր ժամանակահատվածի համար, և կարծում եմ, որ դժվարությունները պայմանավորված են նաև այդ հանգամանքով: Կարծում եմ՝ որքան ձգձգվում է գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, դա, բնականաբար, չի բխում ՀՀ շահերից: ՀԱՊԿ պետությունների ղեկավարների հանդիպման հետաձգվելը նույնպես չի բխում ՀՀ շահերից, որովհետև մենք մեր թեկնածուին առաջ մղելու հարցում չենք կարող էֆեկտիվ լինել, մանավանդ, երբ գլխավոր քարտուղարի պաշտոնը ղեկավարելու ժամկետը մոտենում է ավարտին»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից