Միջազգային 

Քեսաբահայերը Էրդողանի հայտարարության մասին. BBC-ի թուրքական ծառայություն

analitik.am

Սիրիացի զինյալները ռազմավարական առավելության հասնելու համար Քեսաբ ավանը գրավելուց հետո երկրում միլիոնավոր փախստականներին նորերն ավելացրին, գրում է բրիտանական BBC-ի թուրքական ծառայությունը՝ անդրադառնալով Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերին։

 
 

Միևնույն ժամանակ Քեսաբի վրա իրականացված հարձակումը Թուրքիային դժվար կացության մեջ դրեց։ Քեսաբից հեռացածներն իրենց հետ տեղի ունեցածի համար մեղադրեցին Թուրքիային, իսկ Անկարայի՝ «Ալ Կաիդա» խմբավորմանն աջակցություն հայտնելու մասին մեղադրանքներին նորերն ավելացան։

Ավանը գրաված խմբերի թվում «Ալ Կաիդայի» հետ կապ ունեցող «Նուսրայի ճակատ» խմբավորման ու այլ ծայրահեղական խմբերի՝ Թուրքիայի սահմանը հատելու տեսանյութը բուռն արձագանքի պատճառ դարձավ, և մեղադրանքներն ավելացան։

 

Քեսաբից փախչելով Լաթաքիա հասած հայերը, առանց իրենց անունները նշելու, պատմում են, թե ինչպես Թուրքիայի աջակցությամբ տեղի ունեցավ հարձակումն ու ինչ տեղի ունեցավ դրանից հետո։

 

Մենք միայն մեր կյանքը փրկել էինք ուզում
 

Զինյալ ապստամբները մարտի 21-ին գրավեցին Քեսաբը և փորձեցին Միջերկրական ծովին հասնել ու Լաթաքիա քաղաքի վրա ճնշում գործադրել, սակայն դեռևս չեն հասել իրենց նպատակին։ Լաթաքիա հասած քեսաբահայերը հաճախ են հարցնում. «Այժմ ի՞նչ է լինելու, ե՞րբ ենք վերադառնալու»։

 

Հիմնականում հայերով բնակեցված ավանում նաև փոքրաթիվ ալևիներ և Հալեպի բախումներից փախած ընտանիքներ կային։

 

Լաթաքիայի հայկական եկեղեցում, ազգականների տներում, կամ 3-4 ընտանիք միասին վարձակալած բնակարաններում են բնակվում։ Սիրիայի տարբեր քաղաքներ կամ Լիբանան մեկնած քեսաբցիներ էլ կան։

 

Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերը պատմում են, որ հարձակմանն անպատրաստ են եղել, քանի որ այն անսպասելի է սկսվել։

 

Պատմում են, որ շատերն առավոտյան 6-ին պայթյունների ուժգին ձայներից են արթնացել, և մեքենաներով սկսել են Լաթաքիա մեկնել։

 

Գիշերանոցներով, առանց գումար, թանկարժեք իրեր, անգամ առանց անձնագրերը վերցնելու են հեռացել։ «Միայն մեր կյանքը փրկել էինք ցանկանում»,- պատմում է կանանցից մեկը։

 

Ոմանք, չնայած ուժգին ձայներին, մտածել են, որ բախումները մի քանի ժամից կդադարեն, կանանց և երեխաներին Լաթաքիա են ուղարկել, իսկ իրենք մնացել են Քեսաբում։

Թուրք զինվորներն այնտեղ էին

Քեսաբից բախումների երկրորդ օրը հեռացած հայերից մեկն ասում է. «Հալեպցիների հետ խոսելիս, լուրերը դիտելիս տխրում էինք, սակայն երբ պատմված բաները մեր գլխին եկան, հասկացանք, թե ինչ են զգում նրանք»։

 

Լաթաքիայում վարձակալած տանը կնոջ, աղջկա և թոռների հետ է բնակվում։ Ամեն ինչից երևում է, որ այնտեղ ժամանակավոր են։ Շենքի 4-րդ հարկում սկսել են լոբի, սոխ, լոլիկ աճեցնել։ «Մենք՝ քեսաբցիներս, հողագործ ենք։ Չաշխատել և հողից հեռու մնալ չենք կարող»,-ասում է նա։

 

Մեկ ուրիշ հայ նշում է, որ իր տունը սահմանին շատ մոտ է և մարտի 21-ի լուսադեմին սկսված բախումները տեսել է թուրք-սիրիական սահմանից։
 

«Արթնացա առավոտյան 5-ին։ Որդիս զանգեց, ասաց, որ Քեսաբի վրա հարձակման մասին խոսակցություններ է լսել։ Ճշտելու համար դուրս եկա, որ նայեմ։ Երկու անցակետ կար, որտեղ 3-4 սիրիացի զինվոր էր լինում, տեսա, որ դրանց վրա հրթիռներ են ընկնում։ Ապա «Ալլահ ու աքբար» գոռոցներ լսեցի։ Սահմանի բոլոր կողմերից սև հագնված զինյալ մարդիկ Քեսաբ էին մտնում։ Թուրք զինվորներն առջևում էին։ Տեսա՝ բոլորը հեռակապով հրամանատարներ էին։ Մենք տեսանք, որ Թուրքիայի կողմից երկու հրթիռ արձակվեց։ Ընդդիմությունը նման տեխնիկա չունի։ Թուրքական կառավարությունը որքան էլ ասի, թե Քեսաբի հարձակմանը չեն մասնակցել, մենք տեսանք՝ այդ հրթիռները Թուրքիայի կողմից եկան»,-պատմել է նա՝ նշելով, որ սահմանը թուրք զինվորներն էին պահում, և իրենք, թեև երբեմն մտահոգվում էին, սակայն քանի որ 3 տարի ոչինչ չէր պատահել, մտածում էին, որ ոչինչ չի լինի։

 

Զինյալ ընդդիմությանը չեն վստահում

 

Ավանում վերահսկողություն սահմանած զինյալների հայտարարություններին, թե քեսաբցիները կարող են վերադառնալ, չեն վստահում։ «7 հայ և 2 ալևի դեռ անհետ կորած է։ Գևորգի սպանության լուրը լսեցինք (Քեսաբում սպանված 23-ամյա Գևորգ Ջուրյանի- Tert.am)։ Եթե երիտասարդներին սպանում են, ինչպե՞ս հավատանք և վերադառնանք։ Ո՞վ է մեզ երաշխիք տալու։ Մենք տեսանք՝ ինչպես են ավերում, այժմ ինչպե՞ս հավատանք նրանց խոստմանն ու ետ դառնանք»,- ասում են նրանք։

 

Քեսաբցի հոգևորականին կասկածելի են թվում ծայրահեղականների հայտարարությունները, թե եկեղեցիներին վնաս չեն տվել։ «Youtube-ում տեսանյութ տեսա՝ եկեղեցում։ Նրանք ասում են, որ եկեղեցուն վնաս չեն տվել, սակայն շատ արագ են շարժում տեսախցիկը։ Որքանով հասկացա՝ եկեղեցում արձաններ, սրբապատկերներ, թանկարժեք գորգեր ու իրեր չկային։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ նկարահանելուց հետո եկեղեցին չեն այրել կամ պայթեցրել։ Ավանում թանգարանային նմուշներ կային, որտե՞ղ են։ 23-ամյա երիտասարդին ինչո՞ւ սպանեցին։ Մեքենա չուներ, մոր և հոր հետ մնաց, շատ լավ տղա էր։ Եթե վերադառնանք, Աստված գիտի՝ մեզ ինչ կանեն»,- ասում է նա։


Էրդողանի ապրիլքսանչորսյան հայտարարությունն ինչպե՞ս է ընդունվել
 

Զենքի ձայներից արթնացած, զարմացած և խուճապի մատնված քեսաբցիների աչքերում դեռ վախ կա։ Եկեղեցում, որտեղ ապաստանել են, կախված է զինյալների կողմից սպանված Գևորգ Ջուրյանի լուսանկարը։

 

BBC-ի թուրքական ծառայության թղթակցի այցը համընկել է եկեղեցում 1915թ.- ապրիլ 24-ի զոհերի հիշատակի միջոցառմանը։ Նրանք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն անկեղծ չեն համարում:

 

Եկեղեցում հավաքված հայերից մեկը նշում է, որ իրենք հարևան թուրքական գյուղերի հետ լավ հարաբերությունների մեջ են։ «Մենք թուրք ժողովրդի հետ խնդիր չունենք։ Պետությունը թող ասի, որ «Իթթիհաթ վե Թերաքիին» է արել Ցեղասպանությունը, բայց ճանաչի մեր ցավը, թող չժխտի»,-ասում է նա։


Նա հիշեցնում է, որ Թուրքիայում ցավակցական ուղերձ հղողն ու Քեսաբի սահմանը հարձակման համար բացողը նույն կառավարությունն է։


Նույն շարքից