Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա նաև իր կառավարության օրենսդիր մարմնի կատարած քայլերի համար. Նարինե Մկրտչյան

analitik.am

Հարցազրույց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հետ

-Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մնացին անցյալում: Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բնակչության մեծ մասը չմասնակցեց ընտրություններին։

-Ընտրություններին չմասնակցեց ընտրողների 51 տոկոսը: Նրանց զգալի մասը 11 քաղաքական միավորների շարքում չի տեսել այնպիսի մեկին, որին վստահեր իր քվեն Հայաստանի ներկան և ապագան կառուցելու համար, այդ կուսակցություններն ընտրողներին չեն համոզել մասնակցելու ընտրություններին իրենց քաղաքական ծրագրերով, առաջարկներով, որոնցից պետք է ընտրություն կատարեին:

Չմասնակցողների մեծ մասը ոչ թե ենթագիտակցական, այլ գիտակցական ընտրություն կատարողներն են: Սա բնավ չի նշանակում, որ քվեարկությանը մասնակցածները ենթագիտակցական ընտրություն են կատարել: Բնավ, նրանց մեջ նույնպես մեծաթիվ են գիտակից ընտրողները, որոնք իրենց ձայնը տվել են այս կամ այն ուժին:

Չմասնակցողների մի մասն էլ պարբերաբար ընտրակաշառք ստացողներն են եղել, որ ընտրություններին միշտ մասնակցել են ընտրակաշառք վերցնելու համար:

Չնայած սրան, ընտրությունների օրինական ընթացքը ցույց տվեց, որ իշխանությունների լեգիտիմությունը վիճարկելի չէ: Թեպետ լուրջ ահազանգ է իշխանությունների համար, որ մեծ դժգոհություն կա ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի կառավարությունից: Այդ մերժումը վկայում է նոր իշխանությունների գործունեության խորքային բացթողումների մասին:

-Քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները մինչև ընտրությունները շատ էին խոսում իշխող կուսակցության բարձր լեգիտիմությանը զուգահեռ մեծ պատասխանատվության գոյության մասին՝ նշելով, որ այդ առումով ՔՊ-ն բավականին բարդ իրավիճակում է հայտնվելու: Դուք ի՞նչ կարծիքի եք:

-Այսօր ողջ իշխանությունը պատկանում է «Քաղպայմանագրին»՝ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր իշխանությունը։ ՔՊ-ն ու Նիկոլ Փաշինյանն այլևս չեն կարող երկրի համար պատասխանատվությունը վերահասցեագրել այլ ուժի՝ պատճառաբանելով, թե այդ ուժը խանգարում է իրենց: Ողջ իշխանության համար այժմ պատասխանատվությունը կրում է վարչապետի պաշտոնակատարը, և այսօր, վաղը, մոտ ապագայում նա պետք պատասխան տա նաև իր կառավարության օրենսդիր մարմնի կատարած քայլերի համար:

Եթե մի քանի ամիս անց չունենանք հստակ արդյունքներ, ապա նա լրջորեն ձախողելու է: Արդեն իսկ լուրջ մարտահրավերներ կան իշխանության առաջ: Նրանք պետք է կարողանան շտկել այն սխալները, որոնք արել են վերջին յոթ ամիսներին կադրային քաղաքականության, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ, սոցիալ-տնտեսական ոլորտում: Նախորդ փորձն առայժմ հույս չի ներշնչում, որ մի բան կփոխվի:

Մանրամասն՝ Հայոց Աշխարհ

Նույն շարքից