Հայաստան Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը գուցեև արդյունավետ է, բայց ոչ հիմա

analitik.am

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը բավականին շատ բացասական արձագանքների արժանացավ, և բողոքի ալիքը դեռևս շարունակվում է: Մի կողմից իշխանությունը փորձում է հիմնավորել այս համակարգի արդյունավետությունն ու օգտակարությունը, իսկ մյուս կողմից էլ բողոքներն են: Շատերը՝ մասնավորպես Արծվիկ Մինասյանը բազմիցս ներկայացրել է այս համակարգի բացթողումները և հետագա ռիսկերը,  ուստիև չկրկնվելու համար չեմ անդրադառնա դրանց: Մի կողմ թողնենք ապագա հնարավոր ռիսկերն ու վնասները և հասկանանք, թե այս պահի դրությամբ ի՞նչ կարող է տալ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը 1974թ.-ից հետո ծնվածներին, ովքեր փաստացի ՀՀ երիտասարդներն են: Սկսենք նրանից, որ այդ երիտասարդների մեծամասնությունն այսօր զբաղված է իր սոցիալական խնդիրները մի կերպ հոգալով, քանզի եթե համարենք, որ լավագույն դեպքում նրանցից շատերը ստանում են ամսական 150 000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ հունվարի մեկից սկսած այդ երիտասարդները փաստացի պետք է իրենց աշխատավարձից 44580 ՀՀ դրամը պարտադիր վճարումներ և հարկեր վճարեն՝  120 000 ՀՀ դրամի 24.4% գումարած 30 000 ՀՀ դրամի 26% և սրան էլ գումարած պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար 5%-ը՝  այսինքն 29280 +7800 +7500= 44580: Արդյունքում նրանք կարող են տնօրինել  105420  ՀՀ դրամին: Հիմա հասկանանք, թե ինչ կարող է անել այս գումարով նորաստեղծ երիտասարդ ընտանիքը, որի երկու անդամներն էլ աշխատում են և վաստակում այս դեպքում վերցնենք ավելի բարձր աշխատավարձ՝ օրինակ 250 000 ՀՀ դրամ, որից հանենք հարկերն ու վճարները՝ 29280 + 33 800+ 12 500= 75580 : Յուրաքանչյուրի մաքուր աշխատավարձը կազմեց 174420  ՀՀ դրամ, ընդհանուր՝ 348840 ՀՀ դրամ: Հիմա հասկանանք, թե ինչպե՞ս պետք է այս ընտանիքը կայանա, եթե նորաստեղծ է  և նույնիսկ բնակարան ունենալու դեպքում դեռ բավականին ծախսեր ունի անելու՝ կահույք, սարքավորումներ, տնային բազմաբնույթ իրեր: Համարենք, որ հայկական ավանդույթի համաձայն օժիտ էլ են տվել այս ընտանիքին: Նախ այսչափ աշխատավարձ ստացող անձնավորությունը ՀՀ-ում քիչ թե շատ պատասխանատու գործ է կատարում, ինչը նշանակում է, որ նա պարտավոր է ներկայանալի տեսք ունենալ՝ իհարկե իր հաշվին: Հիմա ներկայացնենք նախ մթերքների միջին գները.

 

Միս՝ 1 կգ.    

 3000 ՀՀ դրամ

Կաթ

300

Պանիր

3000

Մակարոն

500

Բրինձ

900

Հավ

2300

Խնձոր

600

Խաղող

700

Կանաչեղեն

200

Կարագ՝ 100 գրամ

600

Թթվասեր

300

Հնդկաձավար ՝ 0,5 կգ.

600

Ոլոռ

900

Ձուկ

2500

Արքայանարինջ

800

Կարտոֆիլ

200

Հաց

150

Ձու՝ հատը

80

 

Առհասարակ նորմալ մարդը պետք է սնվի օրական երեք անգամ՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք: Հասկանանք, թե ինչ կարժենա այս զույգի համար վերոնշյալ ձևով համեստ սնվելը: Օրվա կտրվածքով մինիմալ հաշված կկազմի 4000 ՀՀ դրամ: Ամսական միայն սննդի վրա ծախսվող գումարը կազմեց 124 000 ՀՀ դրամ: Այս ամենին գումարենք նաև տնտեսական պարագաների գումարը՝ սպասք լվանալու միջոց, լվացքի փոշի, ատամի մածում և այլն: Ամսվա կտրվածքով՝ նորից մինիմալ հաշված սա էլ կկազմի մոտ 30 000 ՀՀ դրամ: Այս ամենին գումարենք կոմունալ վճարումները՝ երկու հոգու դեպքում ձմռան ամիսներին, նորից մինիմալով, մոտ 30-40 000 ՀՀ դրամ: Տրանսպորտային ծախսերը՝ միայն հասարակական տրանսպորտից օրը երկու անգամ օգտվելու դեպքում մի հոգի համար կկազմի 6000 դրամ: Սա պրակտիկորեն անհնար է, քանզի այս մարդիկ միայն տուն-աշխատանքի-տուն չեն գնալու, բայց նորից մինիմալով հաշվենք՝ 12 000 դրամ երկուսի համար:  Այս ծախսերն արդեն կազմեցին 206 000 ՀՀ դրամ՝ սա դեռևս հաշվվել է բացարձակ տաղտկալի կյանքով ապրող երիտասարդ ընտանիքի համար, ովքեր ստանում են բավականին բարձր աշխատավարձ Հայաստանի պայմաններում, բայց անտանելի տաղտկալի կյանքով են ապրում՝ սնվում են, գնում են աշխատանքի, գալիս են տուն և քնում՝ անգամ ինտերներից չեն օգտվում:


Եթե փորձենք գոնե տանելի դարձնել այս երիտասարդների կյանքը, ապա պետք է ավելացնենք նաև՝ ինտերնետի համար ամսական վճար 8000 ՀՀ դրամ, կիրակի օրերին որևէ ժամանցի վայրի հաճախում՝ կինոթատրոնի տոմս՝ 2000 ՀՀ դրամ, սրճարան՝ երկու հոգու համար 5000 ՀՀ դրամ, եթե միայն սուրճ և ջուր չեն խմելու, ռեստորան՝ 10 000 ՀՀ դրամ: Փորձենք այսքանով բավարարվել: Ստացվեց 27 000 ՀՀ դրամ: 142 840-27 000=115 000 ՀՀ դրամ: Դեռևս չեմ խոսում հագուստի, կոսմետիկ պարագաների, հանգստի, գրքերի և երիտասարդ ընտանիքին անհրաժեշտ բազմաթիվ այլ պարագաների և ծառայությունների վճարների մասին:


Միայն ձմեռային քիչ թե շատ նորմալ  վերարկուն արժե 50 000 ՀՀ դրամ  և այսպես շարունակ: Այսինքն նույնիսկ Հայաստանի համար բավականին բարձր աշխատավարձ ստացող երիտասարդ ընտանիքը բավականին վատ պայմաններում է ապրում, և մեծամասնությունը հնարավորության դեպքում կարտագաղթի: Այս պայմաններում աշխատավարձի 5% պարտադիր վճարման մասին խոսելը հավասար է ամբողջ երիտասարդության համար թշնամի դառնալուն: Հասկանու՞մ եք, թե ինչու, ամեն դեպքում այս պահին, դա չի ընկալվում ու չի ընդունվում, ինչքան էլ որ գունավոր ապագա չխոստանա: Ներկայումս գրեթե ամբողջ երիտասարդությունը հակված է Հայաստանից դուրս իր ապագան կառուցելուն, ուստի, հարգելի իշխանություն,  ինչո՞ւ եք դրդում այն փոքրաքանակ երիտասարդներին էլ, ովքեր դեռևս Հայաստանի հետ հույսեր են կապում, մտածել հայրենիքը լքելու մասին:


 Գուցե պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ապագայի համար շատ հիանալի նախագիծ է, շատ օգտակար և արդյունավետ է, բայց հաստատ ոչ հիմա, ոչ այս պահին, երբ գրեթե բոլորը հազիվ են կարողանում հոգալ իրենց ընտանիքի մինիմալ ծախսերը, և այդ 5%-ը նրանց համար կենսական նշանակություն ունի: Ինչո՞ւ հնարավոր չէ հանել այդ պարտադիր բառը, ինչը նաև ժամանակ կտա մնացածին հասկանալու այս համակարգի դրական կողմերը:

 

Անի Հովհաննիսյան

 

Նույն շարքից