Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Համոզիչ արդարացում չի, պարոն վարչապետ...

analitik.am

ՀՀ վարչապետի մասնագիտական վերլուծությունից բխող ներկայումս վարվող տնտեսական քաղաքականության դրական կողմերը  գուցեև հասկանալի են տնտեսագետներին, բայց այստեղ բավականին անտրամաբանական պահեր կան: Նախ շինարարության աճի տեմպին մեղադրելը ներկայիս Հայաստանի տնտեսական ճգնաժամի մեջ այդքան էլ գրագետ չէ, քանզի, եթե իրականում մինչև 2008թ.-ն իրականացվող լայնածավալ շինարարության վարչապետի խոսքով ասած «փուչիկը» կար, ապա այս իշխանությունը պետք է պատրաստ լիներ դրա պայթելուն, քանզի այդ ժամանակահատվածում նույն Տիգրան Սարգսյանը ԿԲ նախագահն էր, իսկ ներկայիս գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներն էլ այդ տարիներին կառավարության կազմում էին: Համարենք, որ այդ տարիներին նույն տնտեսագետները՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ վախեցել են բարձրաձայնել լայնածավալ շինարարության հետագա տնտեսական վտանգների մասին, կամ էլ ուղղակի հիմա են բարձրաձայնում, քանզի խնդիր կա որևէ մեկի վզին փաթաթել Հայաստանի ներկայիս անմխիթար տնտեսական վիճակի մեղքը:


Առաջին տարբերակի դեպքում այս մարդիկ բավականին ժամանակ ունեին՝ սկսած 2008թ-ից մինչև այսօր որևէ խելամիտ ծրագիր մշակելու՝ երկրում  այդ «չարաբաստիկ շինարարության» հետևանքները կանխելու համար, իսկ եթե չունեին կամ չկարողացան առաջին հինգ տարում մշակել, ապա ուղղակի պետք է հեռանային՝ տեղը զիջելով նրանց, ովքեր կկարողանային: Փոխարենն այս կառավարությունն ավելացրեց ՀՀ արտաքին պարտքը, արտագաղթի տեմպը, գնաճը և այսպես շարունակ: Վերջում էլ գոնե ընդուներ իր վարած քաղաքականության  (եթե կար այդպիսին, քանզի երկրի համար  կարևորագույն  որոշումներն ընդունվում էին անկանխատեսելիություն սկզբունքով՝ անգամ կառավարության անդամներն էին շատ դեպքերում մի բան հայտարարում, այնուհետև ստիպված էին լինում իրենք իրենց հերքել, քանզի չկար մշակված և հաստատված քաղաքականություն գրեթե ոչ մի ոլորտում)  սխալ լինելը, մեղադրում են նախորդ իշխանությանը: Ոչ ոք չի ասում, որ նախորդ իշխանությունն անթերի էր կամ անսխալական, բայց չէ՞ որ այդ իշխանության հետ էին  նույն Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, Արմեն Աշոտյանը և ներկայիս բոլոր ՀՀԿ-ականները:


Առավել անտրամաբանական է հիփոթեքային վարկերի հետ կապված Տիգրան Սարգսյանի վերլուծությունը՝ մի՞թե ավելի լավ է, երբ մարդիկ 5 տարուց ավելի ժամկետով են հիփոթեքային վարկ ձևակերպում, քան մինչև 5 տարի մարման ժամկետով: Արդյոք սա չի նշանակում, որ մարդկանց ֆինանսական վիճակը ծանրացել է, քանզի, եթե մինչև 2008թ.-ը, երբ անշարժ գույքը  շատ ավելի թանկ էր, մարդիկ ի վիճակի էին 5 տարում մարել իրենց ձեռք բերած գույքի արժեքը, իսկ հիմա՝ ոչ: Գուցեև Տիգրան Սարգսյանը փորձի ապացուցել, որ 5 տարի ավել ժամկետով ձևակերպված հիփոթեքային վարկի մարման պայմանագրերը ցույց են տալիս մարդկանց ֆինանսական վիճակի կայունություն, բայց անգամ 1 տարի մարման ժամկետով վարկ վերցնող մարդը պետք է ֆինանսական համեմատաբար կայուն վիճակ ունենա, ուստի 5 տարուց ավել ժամկետով վերցված հիփոթեքային վարկերը վկայում են միայն մարդկանց ֆինանսական դրության անկման  մասին:


Բավականաին զավեշտալի էր նաև հիփոթեքային վարկի տոկոսադրույքների մասին Տիգրան Սարգսյանի վերլուծությունը՝ գուցե իմաստ ունի հիշեցնել նրան, որ այդ տարիներին հենց նա էր ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահը:


Հ.Գ. Վերլուծությունը կարդալիս այնպիսի տպավորություն էր, որ Տիգրան Սարգսյանն արդարանում է այն ամենի համար, ինչը չարվեց կամ էլ գրեթե ամբողջությամբ սխալ արվեց այս տարիներին: Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի այսօր դժգոհ է՝ ԲՈԼՈՐԸ դժգոհ են՝ սկսած հարուստներից վերջացրած չքավորներով: Այս տարիների ընթացքում գրեթե բոլոր ոլորտներում վերացավ փոքր և միջին բիզնեսը, լավագույն մասնագետների մի ստվար զանգված լքեց Հայաստանը՝ հիմնականում զուտ ֆինանսական վիճակի բարելավման համար, հասարակությունը կորցրեց հույսը, հավատն իշխանության նկատմամբ, նվազեց  հարգանքն ու վստահությունը պետական մարմինների նկատմամբ, կտրուկ ավելացավ մենաշնորհային դիրքեր ունեցող գործարարների ունեցվածը և այսպես շարունակ: Այս ամենում փաստորեն մեղավո՞ր էր «շինարարության աճող տեմպը» ... Համոզիչ արդարացում չի, պարոն վարչապետ...


Ա.Հովհաննիսյան 

Նույն շարքից