Քաղաքականություն 

Տնտեսելով չենք հարստանա. Նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ` պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ.

Նախ, շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթում հաջողություն և համբերություն: Հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով, ապրելով արտերկրում, սերտորեն կապված է Հայաստանի հետ, հաճախ այն այցելում է, ակտիվ մասնակցում է արտերկրում հայկական համայնքի կյանքին, ինչպես նաև զբաղվում է ազգային ինքնությանն առնչվող հարցերի գիտական ուսումնասիրությամբ` դիմում եմ Ձեզ որպես ներկայիս փուլում մեր ազգի և պետության ճակատագրի վրա ազդելու բացառիկ հնարավորություն ունեցող անձի:

Գաղտնիք չի լինի ասել, որ մենք` հայերս ընդգծված համայնքային ինքնության կրող ենք: Սա այն գործոններից է, որի ազդեցությամբ մենք մեզ ընկալում ենք որպես ազգ և ոչ որպես ժողովուրդ: Մի կողմ թողնենք այս ընկալման լավ կամ հակառակ կողմերն ու հետևանքները: Արձանագրենք, որ սա փաստ է, որը կարող ենք օգտագործել ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման: Ի տարբերություն շատ երկրների, մենք բնակության տարածքով կամ քաղաքացիությամբ չէ որ որոշում ենք մեր ինքնությունը, այլ` ազգային ծագումով: Կարևորում եմ նաև այն փաստը, որ շատերիս համար Հայաստանը ոչ միայն ծագման, այլ նաև մշակութային կապի կենտրոն է:

Լիովին համամիտ եմ, որ Հայաստանի պես տնտեսություն ունեցող երկրի համար շռայլություն է ներկայիս չափերի հասած պետական ապարատը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ մեր երկրի թիվ մեկ խնդիրը բնակչության փոքր թվաքանակն է, որի ավելացման գծով անհրաժեշտ է պետական հետևողական քաղաքականություն: Չենք խուսափի մենք նաև այն պատմականորեն ձևավորված ինքնապաշտպանական հզոր բնազդից, որով երևի թե պայմանավորված էր 2016թ.-ի ապրիլյան պատերազմից հետո` այդ բարդ և ճակատագրական իրավիճակում, կես կատակ, կես լուրջ տարածված այն միտքը, որ Հայաստանը միակ երկիրն է, դեպի ուր պատերազմի ժամանակ ներգաղթ է տեղի ունենում:

Հուսով եմ կհամաձայնվեք այն մտքիս հետ, որ մեր երկրի բնակչության թվաքանակի ավելացման առավել գերադասելի ուղին սփյուռքի ներգրավումն է: Այստեղ նպատակ չեմ հետապնդում բացահայտելու այս ուղղությամբ վերջին 2-3 տասնամյակների ընթացքում ունեցած հաջողությունները, ինչպես նաև գործընթացը ցանկալիից ավելի ցածր արդյունավետությամբ իրականացնելու պատճառներն ու բացթողումները: Սա առանձին ուսումնասիրության և մեկնաբանության առարկա է: Մեծ կարևորություն տալով հայկական աշխարհի ներգրավման հարցում մշակութային կապին` այնուամենայնիվ կարծում եմ, որ գործարար կապերը ոչ պակաս կարևոր են և կարող են հայության համար Հայաստանը ապրելու կամ հաճախ այցելելու համար (այդ թվում` ընտանիքներով) գրավիչ դարձնել: Առանց մեծացող ազդեցություն ունեցող Հայաստանի, ընդամենը մեկ սերունդ հետո հայկական սփյուռքը կամ առնվազն դրա զգալի մասը կարող է այլևս գոյություն չունենալ` վերածվելով ազգային ինքնությունը կորցրած և միայն ծագումով հայ մարդկանց թվաքանակի: Սփյուռքի արդյունավետ ներգրավումը ռացիոնալ ընտրություն է: Ամեն ինչից բացի, այդ գործընթացը մեր երկրին հնարավորություն կտա թեթևացնել, եթե ոչ լուծել, մասնագիտական և միջազգային կապերի առումով որակյալ ռեսուրսի սակավությունը: Սփյուռքը, առաջին հերթին, միջազգային որակյալ աշխատուժ է:

Սփյուռքի գործերի նախարարության` որպես ներգրավման քաղաքականություն պլանավորող և իրականացնող մարմնի գոյությունն անհրաժեշտ է, և այն պետք է պայմանավորված լինի բացառապես դրա ֆունկցիոնալ տեսանկյունից: Ինքնախաբեության գիրկը չընկնենք: Մեկ այլ կառույցի մաս դառնալով` սփյուռքի գործերով զբաղվող ստորաբաժանումը ստորադասվելու է այդ կառույցի հիմնական նպատակներին և դիտվելու է որպես վերջինիս կցորդ: Մեզ համար հայկական աշխարհը դեպի ոչ հայկական` ավելի մեծ աշխարհ դուրս գալու հնարավորություն է` մեր տեսակի ազգի համար երևի թե միակ արդյունավետը: Միևնույն ժամանակ, հայկական պետությունը հայկական աշխարհի համար հիմք է և երկարաժամկետ գոյության հենարան: Սփյուռքը ներգրավելով կուժեղանա մեր ազգային ինքնության ընկալումը, ինչն էլ մեր պետությանը թույլ կտա միջազգային ավելի մեծ ազդեցություն վայելել: Որպես ածանցյալ, այս գործընթացը կոգնի լուծել համահայկական նշանակության խնդիրներ, ինչպիսիք են, մասնավորապես, Մեծ Եղեռնի-Հայոց Ցեղասպանության և Արցախի միջազգային ճանաչումը:

Ներկայումս հնչում են կարծիքներ, որ հայկական աշխարհի հետ հարցերով պետք է զբաղվեն ոչ պետական հասարակական կառույցներ: Հարկ է հիշել, որ Խորհրդային Միության տարիներին և պայմաններում, երբ քաղաքականի մենաշնորհը միայն կենտրոնին` Մոսկվային էր վերապահված, Հայաստանը Միության միակ հանրապետությունն էր, որտեղ կար հայրենակիցների հետ աշխատող հատուկ կառույց (այն ժամանակ` հասարակական): Ոչ պետական կառույցների դերը սփյուռքը Հայաստանում ներգրավելու հարցում իհարկե շատ մեծ է, դրանք փափուկ ուժի (soft power) կրողներ և կիրառողներ են, սակայն քաղաքականություն պլանավորող և իրագործող չեն կարող լինել: Սա բացառապես պետության առաքելությունն է: Պետությունն ու այդ կառույցները մեկը մյուսին չեն բացառում և մեկը մյուսի գործառույթները չեն կրկնօրինակում:

Հայաստանը աշխարհագրական դիրքով և աշխարհաքաղաքական պայմաններով եզակի է աշխարհում: Ինչպես նախորդ հոդվածներիցս մեկում էի նշել, այն աշխարհում ցամաքով ամբողջությամբ շրջապատված պետություններից միակն է, որն ունի թեկուզ մեկ հարևան-պետության հետ լուրջ խնդիր` դիվանագիտական հարաբերության կամ որևէ ներկայացուցչության բացակայություն, և որը սեփական անվտանգության ապահովման առաջնային պատասխանատուն է: Մեր դեպքում, Հայաստանը նաև ներկայացնում է ոլորտի խոշորագույն մասնագետների կողմից ամենախիստ չափանիշներով բնութագրվող սփյուռքային (դիասպորիկ) գոյություն ունեցող ընդամենը երկու ազգերից մեկը: Եվ եթե աշխարհում կա երկու պետություն, որտեղ պետք է լինի սփյուռքի գործերով զբաղվող նախարարություն (այդ կարգավիճակով քաղաքականություն պլանավորող և իրագործող պետական մարմին), ապա դրանցից մեկը, համոզված եմ, Հայաստանն է:

Սփյուռքի գործերի նախարարության գոյությունը ինքնանպատակ չէ և, ըստ իս, պետք է ուղղված լինի ինտեգրացված քաղաքականություն իրագործելուն` հետևյալ հիմնական չորս ուղղություններով

Սփյուռքում ազգային ինքնության ուժեղացման և Հայաստանի հետ կապի ամրապնդում,

Հակահայկական քարոզչության դեմ պայքար: Ի թիվս այլ քայլերի, սա ներառում է «ցեղասպանություն» իրավական կատեգորիայի տեղի ունեցող արժեզրկման դեմ ուղղված քայլեր: Նման արժեզրկման օրինակ է Ադրբեջանի կողմից 1992թ.-ի փետրվարի հայտնի իրադարձությունների ներկայացումն ու առաջ մղումը:

Հայաստանի և սփյուռքի միջև կապի ամրապնդում: Սա ենթադրում է սփյուռքը Հայաստանի համար ավելի ճանաչելի դարձնելը` ուղղություն, որը վերջին տասնամյակների ընթացքում հիմնականում անտեսված է մնացել:

Էթնիկ հայերի (ովքեր սփյուռքահայ չեն, սակայն միայն ծագումով են հայ) շրջանում հայկական ինքնության ուժեղացում` նրանց սփյուռքահայ դարձնելու նպատակով:

Տնտեսելով չենք հարստանա: Կհարստանանք եկամուտներն ավելացնելով: Ավելացնենք արդեն ստեղծածը և սովորենք ուրիշի հաջողված փորձից: Իր բազմազանությամբ հայկական աշխարհի հետագա զարգացումը չթողնենք ինքնահոսի: Հայկական սփյուռքը Հայաստանից հեռու է եղել և, ցավոք սրտի, մնում է այդպիսին Հայաստանի հետ իր թույլ կապի արդյունքում: Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, որի ուժեղ և ազդեցիկ լինելը հայության գոյության առաջնային նպատակը պետք է լինի, ունի պատմական առաքելություն դառնալու հայկականության կենտրոնն ու պահապանը:

Հարգանքով` Վահագն Վարդանյան

«Աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն» մասնագիտության դոկտոր, Չինական (Հան) ակադեմիայի փոխտնօրեն

ք. Հոնկոնգ

Հ.Գ. Ազգային ժողովում կառավարության հարց-պատասխանի նիստերի ժամանակ, 2008թ.-ից ի վեր, Սփյուռքի նախարարի ամենահեռավոր` վերջին շարքում տեղ զբաղեցնելը իր հերթին ենթագիտակցաբար նպաստել է հանրության և պետության կողմից նրա ներկայացրած նախարարության դերի ու նշանակության թյուրընկալմանը:

Նույն շարքից