Տնտեսություն Քաղաքականություն 

Ի՞նչ տարբերություն կա նախկին նախագահ Քոչարյանի և երիտասարդ թոշակառու Քոչարյանի միջև

analitik.am

2008թ. Հայաստանի բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 14.8 տոկոս, 2009թ.՝ 14.2 տոկոս, 2010թ.՝ 13.1 տոկոս, 2011թ. և 2012թ. թվականներին եղել է 12.6 տոկոս, իսկ անցած տարի՝ 12.2 տոկոս: Սա վերաբերում է դրամով տրված վարկերին: Իսկ դոլարով տրված հիփոթեքային վարկերն ունեցել են հետևյալ պայմանները՝ 2008թ.՝ 17.8, 2009թ.՝ 16.2,  2010թ.՝ 14.4, 2011թ.՝ 12.7, և անցած ու նախանցած տարիներին բանկերը դոլարով հիփոթեքային վարկ են տվել 12,4 տոկոսով:

Այսինքն անցած 6 տարիներին մեր երկրում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, թեև մի քանի տոկոսով, այնուամենայնիվ նվազել են: Սա հիփոթեքային վարկերի համար բավականին վատ գին է, եթե հիշենք որ եվրոպական և ամերիկյան զարգացած երկրներում այն գտնվում է 4-6 տոկոսի սահմաններում: Նույնիսկ ՀՀ ԿԲ-ն առևտրային բանկերին շատ ավելի բարձր՝ 7,75 տոկոսով է վարկ տալիս, քան այլ երկրների առևտրային բանկերն են տալիս իրենց հաճախորդներին: Իսկ մեր առևտրային բանկերը մի քանի տոկոս էլ ավելացնում են և իրենց հաճախորդներին են վարկ տալիս, իհարկե, հիփոթեքային վարկի դեպքում, քանի որ առևտրային վարկերն ավելի թանկ են:

Այնուամենայնիվ նկատելի է, որ վարկերի տոկոսների թեև դանդաղ, բայց նվազեցում կա:

«Առաջին լրատվական»-ը ԿԲ-ին այս հարցումն ուղղարկել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո, որտեղ նա հայտարարում է, թե «հիփոթեքային վարկերի պայմանները, եթե դրանք կարելի է հիփոթեքային անվանել, նշանակալի վատթարացել են»: ԿԲ-ի տրամադրած այս տվյալները ցույց են տալիս, թե Ռ. Քոչարյանի նախագահությունից անմիջապես հետո՝ 2008-2013թթ. այդ տոկոսադրույքները որքան են իջել: ԿԲ-ն իր պատասխանում նաև նշել է, որ «Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների հաշվառումն իրականացվում է 2008 թվականից», և չի նշել, թե 2004-2007 թվականներին հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը որքան է եղել: Բայց հայտնի է, որ այդ տարիներին այն մի քանի տոկոսով ավելի բարձր՝ 15-18 տոկոս է եղել: Այսինքն` 2004-2007թթ. համեմատ, անցած տարի արդեն հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը նվազած է եղել 5-6 տոկոսով:

Ակնհայտորեն նկատելի է, որ հիփոթեքային վարկերի պայմանները թեև շատ քիչ, բայց համեմատության մեջ մատչելի են դարձել, և տրված վարկերն էլ բավականին ավելացել են: Իհարկե, նորից նշենք, որ այս պայմանները շատ հեռու են զարգացած երկրների նույն պայմաններից, որոնք մի քանի անգամ ավելի մատչելի են: Բացի այդ, մեր երկրում կրկին դժվար է վարկեր ստանալը, և ոչ բոլորին է դա հաջողվում: Սակայն այժմ հայաստանյան բանկերի տված վարկերի պայմաններն ավելի լավն են, քան 6-7 տարի առաջ: Այս մի քանի տարիներին հատուկ դեպքերում նույնիսկ 9-9,5 տոկոսով են հիփոթեքային վարկեր տրվել:

Տվյալ դեպքում դժվար է ասել, թե նախկին նախագահն ինչու է նման հայտարարություններ անում, երբ իր պաշտոնավարման տարիներին վարկերի պայմանները այսօրվա վատ պայմաններից էլ ավելի վատն էին: Իհարկե, նա կարող է ասել, որ չի վստահում թե ԿԲ-ի, թե վիճվարչության տվյալներին: Դրանց չեն վստահում նաև ՀՀ քաղաքացիները: Ստեփան Մնացականյանը նրա նախագահության տարիներին էլ եղել է ԱՎԾ-ի պետը, և այսօր էլ նախկինի նման շարունակում է մեզ տարատեսակ անհավանական ցուցանիշներ հրամցնել: Բայց եթե Ռ. Քոչարյանը չի վստահում այդ կառույցների՝ 2008-2013թթ. տվյալներին, ապա ՀՀ քաղաքացիները դրանց չեն վստահել նաև իր պաշտոնավարման տարիներին: Թեև այդ կառույցները նույնն են, այնտեղ այսօր էլ գրեթե նույն մարդիկ են աշխատում: Արթուր Ջավադյանն այդ տարիներին ԿԲ-ում երկրորդ դեմքն էր, հիմա նախագահ է: ԿԲ նախագահ էր Տիգրան Սարգսյանը, և զարմանալի կերպով Ռ. Քոչարյանն այդ տարիներին հավատում էր նրա ներկայացրած ցուցանիշներին ու բացատրություններին: Իսկ թե ինչու է Ռ. Քոչարյանը իրական համարում այս պաշտոնյայի 2004-2007թթ. վիճակագրությունը և չի հավատում 2008-2013թթ. վիճակագրությանը, դա բավականին ցավոտ հարց է: Միգուցե խնդիրը իր՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեջ է: Հարցին գուցե պատասխանի նախկին նախագահի գրասենյակը:


Սկզբնաղբյուրը՝ 1in.am


Նույն շարքից