Հայաստան Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Հայոց Ցեղասպանության ճանաչման չեխական հեռանկարները

analitik.am

ՀՀ Նախագահ հունվարի 29-ին կատարած պետական այցը Չեխիա համընկավ որոշ քաղաքական եզրերի հետ, որոնք թույլ կարող են տալ ենթադրել կողմնակի խորը մտածված «դիվանագիտական քայլերի» մասին: Նախ, Վիլնուսյան գագաթնաժողովից հետո դա առաջին արտագնա այցն էր (չհաշվված դեկտեմբերին Մոսկվա այցը, որը աշխատանքային էր ու պայմանավորված էր Եվրասիական տնտեսական խորհրդում ՀՀ նախագահի մասնակցությամբ), ու այն էլ Չեխիա՝ պետություն, որը Մեծ Բրիտանիայի հետ միասին ամենաեվրասկեպտիկներից մեկն է:

Նախավիլնյուսյան զարգացումների մասին մանրամասներն արդեն բոլորիս են հայտնի, երբ մեկ-երկու օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը բևեռայնորեն փոխեց արտաքին ինտեգրման ուղղությունը դեպի Մաքսային Միություն: Այդ տեսանկյունից դիտարկել նախագահի Չեխիա այցը, որը ըմբռնումով է մոտենում Հայաստանի ընտրությանը դեպի արևելք (Մաքսային Միություն), կարող է թվալ նախապես մտածված, սակայն մերօրյա հայկական «սպոնտան» դիվանագիտության պայմաններում դա առավել քան տարօրինակ է: Ավելի շատ իրականությանը մոտ է, որ դա «դիվանագիտական պատահականություն է», երբ համընկնությունը մի պահ կարող է թվալ որպես իրականության շղթայի մի մասնիկ:

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցն աչքի ընկավ այլ հետաքրքիր իրադարձություններով: Միլոշ Զեմանը, Սերժ Սարգսյանի հետ համատեղ հանդիպման ու փաստաթղթերի ստորագրումից հետո, տված մամուլի ասուլիսում ոչ թռուցիկ անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանությանը՝ 1915 թվականի դեպքերը բնորոշելով «գենոցիդ» եզրույթով: «Հաջորդ տարի լրանում է հայ ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցը: 1915 թվականին 1.5 միլիոն հայեր սպանվեցին», - ասաց Չեխիայի նախագահը: (http://www.azatutyun.am/content/article/25247984.html):

Սա և այն հանգամանքը, որ Միլոշ Զեմանը հրավիրել է ՀՀ նախագահին ներկա գտնվելու ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին, որը իրականում գրեթե ամբողջությամբ ֆորմալ ու պայմանական բնույթ է կրելու, թույլ է տալիս ենթադրելու, որ հայ-չեխական երկխոսությունում Հայոց Ցեղասպանության հարցին առանձնահատուկ տեղ է տրվում:

«Շնորհակալ եմ Չեխիայի Նախագահին նաև ապրիլի 24-ին Պրահայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին հրավիրելու համար և շնորհակալ եմ առանձնապես այն բանի համար, որ նա գնահատում է իմ այցն ապրիլի 24-ին Պրահա՝ հասկանալով հանդերձ, որ ապրիլի 24-ին ամբողջ աշխարհի հայերն իրենց հարգանքի տուրքն են մատուցում Ցեղասպանության զոհերին»,- իր ողջույնի խոսքում նշել է Սերժ Սարգսյանը:

Իհարկե, Հայոց Ցեղասպանության Չեխիայի կողմից ճանաչման հեռանկարը քննարկելի առարկա է, մանավանդ, որ դեռևս հստակ շեշտադրումներով հայտարարություններ չեն հնչել, սակայն նույն պաշտոնական այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Չեխիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների՝ խորհրդարանի պատգամավորական պալատի նախագահի և Սենատի նախագահների հետ: Հանդիպումների արդյունքների մասին տարածված հայտարարությունները թույլ են տալիս կրկին ենթադրելու, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի ու ընդհանրապես դրա շուրջ հարցերը նույնպես ընդհանուր դիսկուսի առարկա են եղել:

Սերժ Սարգսյանի Չեխիա այցի մյուս ուղղությունները, որոնց թվում եղել են համագործակցություն առողջապահության, արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տնտեսական՝ մասնավորապես առևտրաշրջանառության մեծացման հնարավորությունը, մնում են երկրորդ պլանում, քանի որ գալիք երկու տարիների հայկական դիվանագիտության «ամբողջ սպառազինությունը» գործի է դրվելու ի սպաս մեկ հիմնական մարտահրավերի՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ու այդ հեռանկարը հասկանալով՝ Թուրքիան արդեն կազմ-պատրաստ է խոչընդոտներ ստեղծելուն:

Գևորգ Ղազարյան

Նույն շարքից