Քաղաքականություն 

Ներքին թուլացումը Փաշինյանին ստիպեց մեղմել իր դիրքորոշումն արտաքին քաղաքական օրակարգում. Իգոր Կորոտչենկո. «168 ժամ»

analitik.am

«168 ժամ» թերթը գրում է. «Ներքին թուլացումը ստիպեց Փաշինյանին մեղմել իր դիրքորոշումն արտաքին քաղաքական օրակարգում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական և քաղաքական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի թեկնածության խնդրի շուրջ վերջին զարգացումներին։

Նշենք, որ ներկայումս կազմակերպությունում նախագահությունը պատկանում է Հայաստանին, սակայն ՀՀ ներքաղաքական իրադարձությունների պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ետկանչվեց այդ պաշտոնից, և այն մնաց թափուր՝ կազմակերպությունում այդ պաշտոնի շուրջ առաջացած լուրջ տարաձայնությունների պատճառով։

Կորոտչենկոյի խոսքով՝ իրենք Ռուսաստանում ողջունում են, որ վերջապես գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ըստ էության, կարգավորվեց, քանի որ դա կարևոր է այդ կազմակերպության լիարժեք գործունեության իրականացման համար։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ում Փաշինյանի  դիրքորոշումներին, ապա, նրա որակմամբ, հայկական կողմի դիրքորոշումները փոխվեցին, մեղմացան, որի արդյունքում այս համաձայնությունը հնարավոր դարձավ, և այդ փոփոխությունը, նրա գնահատմամբ՝ պայմանավորված է նաև հայաստանյան ներքաղաքական իրադարձություններով։

Նրա խոսքով, առաջին հերթին Փաշինյանի փորձերը՝ հետապնդել իր քաղաքական  ընդդիմախոսներին, ավարտվեցին անհաջողությամբ, երբ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պահի դրությամբ ազատված են,  և խնդիրը փոխանցվել է ՀՀ Սահմանադրական դատարան։

«Այս պատճառով Փաշինյանը փորձեց թավշյա հեղափոխության երկրորդ փուլ նախաձեռնել՝ սպառնալով և, ըստ էության, դադարեցնելով դատական համակարգի բնականոն գործունեությունը, որն արժանացավ որոշ կառույցների կտրուկ արձագանքին, և կտրուկ արձագանք՝ ՀՀ նախագահի կողմից, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է իշխանությունների տարանջատում, և Փաշինյանը, ով գործադիր իշխանության ղեկավարն է,  փորձեց ճնշել դատական իշխանությանը, ինչն անընդունելի է։ Նա կարող է մեղադրվել նաև պետական հեղաշրջման մեջ, եթե փոխվի Փաշինյանի քաղաքական կարգավիճակը:

Այսինքն՝ նա փաստորեն անում է այն, ինչում մեղադրում է իր քաղաքական ընդդիմախոսներին,  մասնավորապես՝ Քոչարյանին։ Դա շատ լուրջ քաղաքական հարված էր Փաշինյանին։

Բացի դրանից, ազդեցիկ ղարաբաղյան կլանները հանդես եկան Փաշինյանի դեմ, և ինձ թվում է, որ  Փաշինյանի դիրքերի թուլացումը երկրի ներսում հանգեցրեց նրան, որ նա չկարողացավ պահպանել իր նախկին դիրքորոշումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում, ստիպված էր չվատթարացնել իր դրությունը, թեև դրանից առաջ բոլոր ելույթներում կտրուկ, անբեկանելի հայտարարում էր, որ նա իր դիրքորոշումը չի փոխի։ Բայց՝ փոխեց»,- ասաց Կորոտչենկոն։

Նա չի համարում, որ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ իրավական հարցերի բարձրացումը հայկական կողմի նախկին դիրքերի պահպանում է։ Նրա որակմամբ՝ հաշվի առնելով Փաշինյանի նախկին հայտարարությունները՝ սպասելի չէր, որ նման համաձայնություն այս փուլում հնարավոր է։

Նրա խոսքով՝ սա այն շրջադարձային կետն է, որ երկրի ներսում սկսելու է նվազել Փաշինյանի հեղինակությունը։

Կորոտչենկոյի գնահատմամբ՝ դատական համակարգի նկատմամբ ուժային թելադրանքի քաղաքականությունն անընդունելի է ցանկացած ժողովրդավարական երկրի համար, իսկ Հայաստանն իրեն դիրքավորում է՝ որպես ժողովրդավարական երկիր։ Փորձագետի որակմամբ՝ Փաշինյանի դիրքերի թուլացումը երկրի ներսում ստիպեց նրան մեղմել իր դիրքորոշումները նաև արտաքին քաղաքական օրակարգի հարցում։

«Կրկնեմ, որ սրանք ներհայաստանյան զարգացումներ են, բայց մենք Ռուսաստանում ողջունում ենք այս հարցում Հայաստանի դիրքորոշման փոփոխությունը։ Մենք, ի տարբերություն ԵՄ-ի, չենք միջամտում ներքաղաքական զարգացումներին, չենք մեկնաբանում ներքաղաքական իրադարձությունները, քանի որ դրանք Հայաստանի ներքին գործերն են, ուստի դա Մոսկվան չի մեկնաբանում։ Մենք չենք ցանկանում մեղադրանքներ լսել միջամտության մասին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից