Բիզնես 

Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵՄ-ի համար անհաղթահարելի խոչընդոտ է

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին այցելեց Հայաստան, որպեսզի ամրագրի իր հաղթանակը Եվրամիությունից Հայաստանը հեռացնելու գործում:


Պուտինը և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել էին, որ Հայաստանը երեք ամսվա ընթացքում բարձրագույն մակարդակի երեք հանդիպումների է մասնակցել՝ Ռուսաստանի գլխավորած Մաքսային միությանն անդամակցելու գործընթաց սկսելու նպատակով:


Ըստ Պուտինի՝ Մաքսային միությանը Հայաստանի  անդամակցության շուրջ բանակցությունները ընթանում են փորձագիտական և գերատեսչական մակարդակներում՝ զուգահեռ  ձևաչափերով. Երկկողմ ձևաչափով՝ Հայաստան-Ռուսաստան, բազմակողմ ձևաչափով՝ Հայաստան-Եվրասիական տնտեսական հանձնաժողով: Այլ խոսքով՝ Պուտինի հայտարարությունը արտացոլում է Ռուսաստանի գերիշխող կարգավիճակը ՄՄ մնացած պետությունների շարքում: 


Պուտինի այցի պտուղը տնտեսական մի շարք համաձայնգրերն էին, որոնք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից: ՀՀ կառավարության, քաղաքական տարածքի և լայն հասարակայնության, ինչպես նաև Մոսկվայի տեսանկյունից՝ այդ համաձայնագրերը խթան են Ռուսաստանի հետ Հայաստանի էլ ավելի սերտացման համար:

 

Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը, որն ավելի է խորացել Ռուսաստանից աշխատանքային միգրանտների գումարային փոխանցումներից կախվածության պատճառով, անհաղթահարելի խոչընդոտ է Հայաստանի նկատմամբ ԵՄ-ի նախաձեռնության համար: Այդ կախվածությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ներկայիս նախագահ Սարգսյանի կառավարման  հետևանքն է, որը փաստորեն հանգեցրել է Հայաստանի հիմնական տնտեսական ակտիվները Ռուսաստանին փոխանցելուն: Նրանց քաղաքականությունը նաև խոչընդոտել է Հայաստանում արևմտյան խոշոր ներդրումներին:


ԵՄ-ն չի առաջարկել և ոչինչ չէր կարող առաջարկել ՌԴ-ի ճնշող տնտեսական ներկայությանն ի հակակշիռ, որն ըստ իր հայեցողության է գործում էներգետիկայի և տրանսպորտի ենթակառույցների հիմնական հատվածներում: ԵՄ-ի Արեւելյան գործընկերությունը կարող էր առաջարկել և առաջարկում էր համեմատաբար համեստ առեւտրային հնարավորություններ Հայաստանի համար՝ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերի միջոցով:  Դրանք պետք է նախաստորագրվեին Վիլնյուսում ԵՄ-ի գագաթաժողովում:  Սակայն Կրեմլը ժամանակին արգելափակեց այդ համաձայնագրերը եւ գրեթե էլեգանտ կերպով: Ընդ որում, Հայաստանի դեպքում մտրակը թափահարելու անհրաժեշտություն չեղավ:

Նույն շարքից