Բիզնես Հասարակություն 

Ինչպե՞ս մոտիվացնել աշխատակիցներին

analitik.am

Յուրաքանչյուր ընկերության համար կոմպետենտ, իրազեկ և մոտիվացված աշխատակից ունենալը գերխնդիր է: Սակայն աշխատակիցների մոտիվացիան մեծ մասամբ կախված է գործատուներից, որոնք այդքան էլ չեն հետաքրքրվում իրենց աշխատակիցներով: Ինչու՞ հետաքրքրվեն, միևնույնն է, աշխատողն աշխատում է, Հայաստանը այն զարգացած երկրներից չէ, որ լավ աշխատողները այլ աշխատանքների մեծ հնարավորություն ունենան և լքեն ընկերությունները: Կան գործատուներ էլ, որոնք ոչ միայն չեն օգտագործում մոտիվացման մեխանիզմներ, այլև հակառակը անընդհատ հանդես են գալիս տարբեր պահանջներով, չեն գնահատում իրենց աշխատակիցներին (սա այսպես չպետք է կատարել, դուք չեք գրանցում առաջընթաց և այլ նմանատիպ խոսքեր)` չգիտակցելով նույնիսկ, որ նման խոսակցությունները ոչ միայն արդյունք չեն տալիս, այլև ձանձրացնում և հիասթափեցնում են աշխատակիցներին, որոնք էլ ի վերջո լքում են այդ կազմակերպությունը: Բայց իհարկե կան  կոմպետենտ գործարարներ և ղեկավարներ, որոնք օգտագործում են մոտիվացման բազմաթիվ միջոցներ` գիտակցելով, որ իրենց աշխատակիցների աշխատանքը միակ եկամտի աղբյուրն է և առանց որոնց կազմակերպությունը չի կարող գործունեություն ծավալել:  Ստորև ներկայացնում ենք մոտիվացման մի քանի մեխանիզմներ:


Տարվա մեջ գոնե մեկ անգամ աշխատակիցներին պարգևատրեք նվիրվածության, լավ աշխատանքի, կամ լավ արդյունքի համար: Կամ լավագույններին հրավիրեք ինչ-որ երեկոյի, որն ավելի կմոտեցնի ղեկավար-աշխատակից կապը: Արդյունավետ է նաև աշխատակիցներին տրանսպորտային միջոցով ապահովելու տարբերակը:


Սան-ֆրանցիսկոյում աշխատողների համար Google –ը վարձել է ավտոբուս, որի ճանապարհին մարդիկ կարող են օգտվել ինտերնետից: Նրանք հնարավորություն ունեն խաղալ ֆուտբոլ կամ վոլեյբոլ, ինչպես նաև օգտվել ֆիտնեսի և մերսման սրահներից: Աշխատանքային գրաֆիկը ազատ է, կամ առավոտը, կամ ցերեկը, իսկ ճաշարանն ընդհանուր է: Google-ի աշխատակիցների մեծ մասն իրենց աշխատանքային ժամանակի 20% -ը ծախսում են սեփական նախագծերի վրա: Google-ի բոլոր գրասենյակներ կարելի է գալ ընտանի կենդանիներով, միշտ կան տաք և սառը ըմպելիքներ, որոնք ազատ են բոլորի համար:


Աշխատակիցներին հաճախ ուղարկե'ք ուսուցման, թերթերում հայտարարության ժամանակ ներկայացրե'ք լավագույններին, որոնց մասին կիմանան բոլորը, հեռուստագովազդում ցույց տվե'ք լավագույն աշխատակցի աշխատանքային օրը, ընտանիքի անդամների նկատմամբ վերաբերմունք ցուցաբերե'ք, թեկուզ շատ չնչին, բայց դա գնահատվում է, հնարավորություն տվե'ք լավագույններին ներկայացնել ընկերությունը տարբեր հանդիպումներում, ֆորումներում, էքսպոներում, տնօրենի բացակայության ժամանակ և այլն, կազմակերպե'ք քաղաքից դուրս հանգիստ, կամ կորպորատիվ մրցույթներ բաժինների և անհատների միջև:


Ամեն ամիս լավագույն աշխատակիցների նկարները փակցրե'ք ընկերության մուտքի պատերից մեկում, կամ եթե պարգևատրում եք, ապա դա արեք լայն շրջանակներում, քանի որ ընդհանուրի մոտ պարգևատրումն իսկապես հաճելի է յուրաքանչյուր աշխատակցի համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ նման մոտեցումն ավելի մեծ ազդեցություն ունի, քան ասենք գումարային պարգևատրությունը:


Օրինակ` Stew Leonard’s խանութների ցանցն ունի այսպիսի մի հասկացություն, որը կոչվում է ամսվա սուպեր աստղ: Լավագույնի համար բոլոր աշխատակիցները հավաքվում են խանութում, բոլորին բաժանվում են փուչիկներ, որոնք օդ են նետում, ծափահարում են և պաշտոնապես աստղը փակցնում են աշխատակցի հագուստին: Լավագույնի նկարը հայտնվում է Stew Leonard’s ցանցի բոլոր խանութներում, թերթերի առաջին էջին, աշխատակցի արձակուրդի օրերն ավելանում են, ստանում է բոնուս վճարներ: Կա՞ ավելի հաճելի պահեր, քան նման վերաբերմունքը:


Կան նաև ընկերություններ, որոնք կիրառում են ABCD պարգևատրման մեթոդը: ABCD (Above and Beyond the Call of Duty) կամ այսպես ասած գերազանցել սեփական պարտականությունները: ABCD ստանում են նրանք, ովքեր գերազանցել են հաճախորդների սպասելիքները: Նման մարդկանց շնորհվում է ABCD գրված հագուստ, տալիս են նվեր քարտեր, որոնք հիմնականում ընտանիքի անդամների համար է լինում:


Convention and Visitors Bureau տուրիստական ընկերությունն ամեն տուրիստական խմբին հարցում էր անցկացնում, թե որ աշխատակիցն էր ավելի լավ, բարեհամբույր ու քաղաքավարի մոտեցում ցուցաբերել իրենց նկատմամբ: Եվ լավագույններին նրանք պարգևատրում էին տվյալ շաբաթվա լավագույն բեյսբոլի, ֆուտբոլի, կամ ասենք ամերիկյան ֆուտբոլի խաղի տոմսով: Իսկ տարվա վերջում այդ բոլոր լավագույնների միջև անց է կացվում լոտոյի խաղարկություն, ով շահում էր, ընտանիքի բոլոր անդամներով մեկնում էր Հավայան կղզիներ հանգստանալու:


Երբեմն հարկավոր է ուղղակի ցույց տալ նաև անձնական օրինակով: Երբ Louis Vuitton-ի ղեկավար Բեռնար Առնոն գալիս էր ու սկսում էր հագուստներ դասավորել, խանութը եռում էր, կամ ասենք նույն իրավիճակն էր լինում այն դեպքում, երբ Ամանսիո Օրտեգան այցելում էր Ինդիտեքսի խանութները: Որպես ղեկավարներ, մի ասեք «Արե'ք այնպես, ինչպես ասել եմ», այլ ասե'ք  «Արեք այնպես, ինչպես ես եմ անում» և ցույց տվե'ք, թե ոնց պետք է անել: Նման մոտեցումն ուղղակի շատ մեծ ազդեցություն է թողնում:


Համարյա մեր բոլոր ընկերություններում ղեկավարները նկատում են աշխատակիցներին այն ժամանակ, երբ վերջիններս սխալվել են, բայց ինչու՞: Լավ աշխատանքն էլ պետք է նկատել, գնահատել և դրա դիմաց գոնե ասել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ:  Այս բառն ուղղակի բոլորին մոտիվացնում է: Եթե անգամ աշխատակիցը սխալվել է, դա չի նշանակում, որ պետք է վիրավորել, նեղացնել, կամ հեռացնել, այլ պետք է բացատրել սխալը, կրկին հնարավորություն տալ, ինչպես Ակիո Մորիտան էր ասում, պետք է նորից փորձել, անսխալ մարդ չկա:


Աշխատակիցների հետ տոնեք հաղթանակները պիցցայի, թխվածքի, կամ ասենք շամպայնի շուրջ: Օրինակ` Scott Paper ընկերությունում բոլոր պարգևատրումները կատարվում է թիմային կարգով, որ թիմը լավ է սպասարկում, կամ կատարում իր աշխատանքը, ապա նրանք մեկնում են քաղաքից դուրս, հիմնականում հանգստյան տներ, մարքեթինգի ղեկավարը նրանց շնորհում է դիպլոմներ, կրծքանշաններ, կազմակերպում համերգներ իր հաղթող թիմի համար: Toshiba-ում լավագույն հեռախոսավարներին անվանում են հերոսներ, Apple-ում` հանճարներ: Disney-ում ուսուցում անցնում են նաև հավաքարարները, որոնք պետք է պատասխանեն հաճախորդների հարցերին, Sewell Village Cadillac-ում լավագույն մեխանիկների միջև տարեկան բաժանվում է  շուրջ 100 հազ դոլար:


Մոտիվացիան շատ կարևոր է կազմակերպության առաջընթացի և արդյունավետության բարձրացման գործում, ուստի յուրաքանչյուր ղեկավար պետք է լավ տիրապետի մոտիվացման մեթոդներին և մեխանիզմներին:

Նույն շարքից