Հասարակություն 

Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ

analitik.am

Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրինագծի ընդունման արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը կհամապատասխանեցվի ՍԴ-ի համապատասխան որոշմանը: Ըստ այդմ՝ կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ:

Այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Այսպիսով՝ զինվորական պատճառական կապով հաշմանդամության կարգ կտրամադրվի նաև ծառայությունից 5 տարի անց:

Վարչապետն անդրադարձել է նաև Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձումների խորհուրդի երեկվա որոշմանը, որի համաձայն աջակցություն կտրամադրվի նաև 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

«Եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամից ամսվա մեջ կստանա նաև 240 հազար դրամ: Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում, ես միջինացված օրինակ բերեցի»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս գործընթացի հասկանալի հանգամանքի կարևորությունը. «Երբ մենք սկսեցինք զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության այս հետ գնալու պրոցեսը, այսինքն՝ մենք ամեն որոշմամբ մի ինչ-որ կետի կանգնում ենք և, ցավոք, մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում, բայց համոզված եմ՝ ժամանակավոր: Իմ կոչն է, խնդրանքը՝ ըմբռնումով մոտենալ և արձանագրել, որ մենք 1.5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով արդեն հետ ենք տարել: Եվ սա, իմիջիայլոց ասեմ, ինչպես նախարարն արդարացիորեն նշեց, բավականին բարդ աշխատանքային պրոցես է: Դա պետք է հաշվարկվի, որպեսզի այդ որոշումները պատշաճ կարգով իրականություն դառնան: Եվ իհարկե, հաշվարկները շարունակվում են, և ինչպես հայտարարել էինք, մեր գերնպատակն է՝ այս պրոցեսը հետ տանենք մինչև Հայաստանի անկախության մեկնարկը: Եվ խնդրում եմ մեր սիրելի հայրենակիցներից՝ առավել համբերություն, որպեսզի առավել հանդարտ պայմաններում մենք կարողանանք այս աշխատանքը կատարել»:

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Կառավարությունը նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը համարում է ժամանակավրեպ, քանի որ դեռևս տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինության բնագավառի գործառույթներն իրականացվում են ոչ լիարժեք, չեն պահպանվում փաստաթղթերի, այդ թվում շինության ավարտական ակտին ներկայացվող պահանջները, մասնավորապես կատարողական փաստաթղթերը: Բացի այդ, նոր ստեղծված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված շինության նախագծի ներկայացման պահանջը պետք է հանվի միայն այն դեպքում, երբ շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ և Կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հաստատված ձևի հատակագիծը կդիտվի որպես շինարարության ավարտի ակտի հավելված: Կադաստրի կոմիտեում ներկայումս աշխատանքներ են տարվում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա առանձին ճյուղերի, այդ թվում՝ քաղաքաշինական ոլորտում կառավարման խնդիրների լուծման ժամանակ համապատասխան մարմիններին տրամադրելու համակարգված և հավաստի տարածական տեղեկատվություն, որի հիման վրա էլ կիրականացվի իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Կառավարությունը գտնում է նաև, որ նախագծով նախատեսվող փոփոխությանը կարելի է անդրադառնալ ինտեգրված կադաստրի ներդրումից հետո և առաջարկում վերանայել օրենքի ուժի մեջ մտնելու դրույթը՝ նախատեսելով, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թ. հունվարի 1-ից:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ կառավարության ռազմավարությունը թվայնացումն է, որտեղ մի պետական գերատեսչությանը հասանելի որևէ փաստաթուղթ ավտոմատ հասանելի է դառնում մնացած բոլոր գերատեսչություններին, և հետևաբար քաղաքացին դա միայն մեկ անգամ ներկայացնելու անհրաժեշտություն ունի: Ըստ վարչապետի՝ պետք է այնպես անել, որ քաղաքացին այդ փաստաթուղթը նաև էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն ունենա:

Նույն շարքից