Հայաստան 

ԱԺ նախագահը խոսել է կառավարության և խորհրդարական խմբակցությունների համաձայնության մասին

analitik.am

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վարձերի փոխհատուցման և այդ համայնքները հարկերից ազատելու վերաբերյալ նախաձեռնություններն այն եզակի հարցերից են, որոնց շուրջ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը համաձայնության են եկել կառավարության հետ: Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթում ԱԺ նախագահը նշեց, որ իհարկե, շատ դեպքերում հնարավորություններն ու ցանկությունները միմյանց հետ չեն զուգադիպվում, քանի որ բոլորն էլ ցանկանում են ավելին անել: «Մենք պետք է առաջին հերթին գնահատենք այն, որ սահմանամերձ համայնքներին աջակցելու քաղաքականությունը մտավ օրենսդրական դաշտ: Սա ոչ թե վերջն է, այլ սկիզբն է: Եթե քաղաքականություն է, պիտի շարունակական գործընթացի մեջ լինի, և մենք հակված ենք դա շարունակել»,-նշեց Սահակյանը:


ԱԺ նախագահն ընդգծեց, որ բոլորն էլ անհագ ցանկությամբ ուզում են, որ ավելին արվի, սակայն միևնույն ժամանակ բոլորն էլ պետք է հասկանան, որ ունեն սահմանափակ հնարավորություններ:«Պետք է գնահատել այն, որ մենք վերջին ամիսներին կարողացանք հասնել նրան, որ մեր պատգամավորները մասնակցում էին կառավարության քննարկումներին: Սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ կառավարությունում ընթացող քննարկումներին պատգամավորների մասնակցությունը կարևորելով՝ ես առաջարկել եմ, որպեսզի խորհրդարանական բոլոր խմբակցությունները մասնակցեն այդ քննարկումներին, սակայն, այդպես էլ չկարողացա բոլոր 6 խմբակցություններին համոզել, որ մասնակցեն այդ քննարկումներին: Ամեն դեպքում, վերջնական արդյունքում ստացվեց այն, ինչ այս պահին մենք քննարկում ենք»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:


Նա նկատեց, որ կան պատգամավորներ, ում կոչ է արել գնալ և մասնակցել շաբաթական երկու անգամ կառավարությունում անցկացող քննարկումներին, սակյն եղել են պտգամավորներ, որվքեր սպասել են կառավարության գրավոր հրավերին: «Այսինքն, եթե մենք պայքարում ենք ինչ-որ բանի համար, սակայն մտածում ենք, որ պետք է այստեղ էլ հեղինակություն ձեռք բերենք, որ մեզ հատուկ հրավեր ուղարկեն, ապա մենք չենք պայքարում: Պայքարողը և խոնարհվում է, և համարձակվում է, և պահանջում է, որովհետև հանուն նպատակի է պայքարում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:


Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի առաջարկին` միավորել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության և նույն համայնքերը հարկերից ազատեու մասին նախագծերը և ներկայացնել մեկ  փաթեթի մեջ՝ Սահակյանը նկատեց, որ շատ նախագծեր կարելի է միավորել և ներկայացնել մեկ փաթեթի մեջ, սակայն հարկավոր է հասկանալ, թե դա որքանով է նպատակահարմար: Գալուստ Սահակյանի գնահատմամբ՝ սոցիալական աջակցությունը չի նշանակում հարկերից ազատում, իսկ նախագծերից մեկը վերաբերում է սոցիալական աջակցությանը, իսկ մյուսը՝ հարկերից ազատելուն: «Ես այստեղ կարևորում եմ այն հանգամանքը, որ մեր կառավարության քաղաքականությունը մենք կարողանալու ենք օրենքով ֆիքսել, իսկ սա նշանակում է, որ առաջիկայում կլինեն նոր մոտեցումներ»,- նշեց Սահակյանը:

Նույն շարքից