Հայաստան 

Գործարար պատգամավորներն իրենց գործը թողել են, եկել են՝ ձեր գործն են անում, մի բան էլ մուննաթ եք գալիս. ՀՀԿ պատգամավոր

analitik.am

«Ընտրական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանն այսօր ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության անունից ելույթ ունեցավ Հակոբ Հակոբյանը, ով նկատեց, որ ՀՀԿ-ն, 1999-թ-ից լինելով ԱԺ-ում մեծամասնություն, քայլ այլ քայլ լսել է փոքրամասնությանը և դիմել զիջումների:

Նա նկատեց, որ դրա վառ օրինակ է այն, որ ԱԺ-ում 99 թ. կար մեծամասնական 90 տեղ, որն աստիճանաբար կրճատվելով՝ դարձել է 41:

«Գնացել ենք այդ քայլին, որպեսզի կայանան քաղաքական կուսակցությունները»,-ասաց նա և շեշտեց, որ այսօր էլ չեն կայացել կուսակցությունները։

«Տարբերակ առաջարկեմ, տեսնեմ՝ համաձայն կլինե՞ք, խնդիրը գնում է նրան, թե ինչ պատգամավոր եք ուզում ունենալ ԱԺ-ում»,-ասաց նա և հղում արեց Սահմանադրության 64-րդ հոդվածին, թե ով կարող է ընտրվել պատգամավոր. 25 տարին լրացած, վերջին 5 տարին ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր ոք:

Պատգամավորը նկատեց, որ ՀՀ Սահմանադրությամբ դրված չէ որևէ ցենզ. «Եթե ուզում եք, եկեք ցենզ սահմանենք՝ բարձրագույն կրթություն, և այլն»:

Այսուհանդերձ նա նաև նշեց, որ Սահմանադրության մեջ հոդվածներ կան, ըստ որի՝ չպետք է զրկել որևէ քաղաքացու ընտրական իրավունքից:

«Գործող Սահմանադրությամբ, ասում է, կարևորը ժողովուրդն է ընտրել, սա էլ սկզբունք է և սխալ չէ, բայց առաջարկում եմ՝ քաղաքական ուժը, կուսակցությունը, ինչպես մասնակցում է ընտրության, այնպես էլ մասնակցի, սակայն նույն ցուցակում գրվում է նաև սովորական քաղաքացին, բայց մեկ ձայնի իրավունքով, մեկ ձայն ընտրում է կամ մեծամասնական պատգամավորին, որ ցուցակում չէ, մեկ ձայն էլ՝ կուսակցությանը: Մեկ ձայնի իրավունքով, տեսնենք, համաձայն կլինե՞ք, չե՛ք լինի»,-նշեց նա:

Հակոբ Հակոբյանը խոսեց նաև այն դիտարկումից, թե ինչ գործ ունեն գործարարները ԱԺ-ում.«Գործարար պատգամավորներն իրենց գործը թողել են, եկել են՝ ձեր գործն են անում, մի բան էլ մուննաթ եք գալիս»:

Պատգամավորը վերջում հավելեց, թե քննարկումների ճանապարհով պետք է գտնել այն լուծումը, որը ճիշտ կլինի արդյունքի տեսակետից: 

Նույն շարքից