Քաղաքականություն 

Իրանում բենզինի թանկացումը չի ազդի հայաստանյան շուկայի վրա. Իրանագետ

analitik.am

Նոյեմբերի 15-ից Իրանում բենզինը թանկացել է․ 1 լիտր բենզինի գինը նախկին 10 000 ռիալի (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 113 դրամ) փոխարեն սահմանվել է 15 000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 169,5 դրամ), իսկ քվոտայից դուրս՝ 30 000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 390 դրամ):

Իրանում բենզինի թանկացմանը հետևեցին բողոքի ցույցերը: Այս օրերին Իրանի մեծ ու փոքր քաղաքներում բողոքի ակցիաներ են՝ Թեհրանում, Մաշադում, Իսֆահանում, Թավրիզում և այլն։

Արդյո՞ք բենզինի թանկացումը կազդի Հայաստանի շուկայի վրա, և ընդհանրապես Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերն ի՞նչ ազդեցություն կունենան թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի վրա Analitik.am-ի հետ զրույցում պարզաբանեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:

Ըստ Վարդանյանի, Իրանը երկար ժամանակ գտնվում էր ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչը հանգեցրել էր Իրանի սոցիալ-տնտեսական կյանքում որոշակի բարդությունների, և իրանական կառավարությունը փորձեց բենզինի գինը ոչ թե բարձրացնել, այլ խնայողություն անել։

Իրանագետը որպես օրինակ բերեց, որ իրանցիները, երբ որևէ վայր էին այցելում և մեքենան կայանում, ապա այդ ընթացքում մեքենայի շարժիչը չէին անջատում. կարճ ասած, բենզինը շռայլում էին:

«Իրանի կառավարությունը փորձեց որոշ խնայողություններ կատարել և այն գումարը, որ պետք է առաջանար խնայողութուններից, մոտ 2,5 մլրդ դոլար, պետք է ուղղվեր աղքատ և միջին խավին, գիշերօթիկներին, մանկատներին: Իրանը պետք է իր սոցիալական խնդիրները լուծեր»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով, պարզվել է, որ Իրանի ժողովուրդը պատրաստ չէր բենզինի գնի բարձրացմանը և սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ:

Հարցին՝ արդյո՞ք բենզինի թանկացումը որոշակի ազդեցություն կունենա իրանցիների կյանքի վրա, Վարդանյանն ասաց, որ համալիր  թանկացում էր եղել, որի վրա ազդել էին պատժամիջոցները, իսկ բենզինի թանկացումն ուղղակի առիթ էր հուզումների համար․ «Բացի այդ, մինչև բենզինի թանկացումը տարբեր ապրանքներ էին թանկացել, նաև արտերկրի բանկերում իրանցիների հաշիվներ էր սառեցվել և նրանք չէին կարողանում գործարքներ կնքել»,-ասաց Վարդանյանը:

Անդրադառնալով Հայաստանի վրա իրանական բենզինի գնի թանկացմանը, իրանագետն ասաց, որ Հայաստանի բենզինի շուկան այդքան կախված չէ Իրանի բենզինի շուկայից․ «Մենք քիչ ենք Իրանից բենզին ներկրում, թանկացումը չի անդրադառնա հայաստանյան շուկայի վրա»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ հակված չէ կարծելու, որ Իրանի կառավարություն հետքայլ կանի, սակայն երկխոսության և որոշ զիջումների, ըստ նրա, կգնա:

Բացի այդ, իրանագետը շեշտեց, որ Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդն աջակցում է կառավարությանը։ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ վստահում է  փորձագիտական խմբի որոշմանը:

«Այժմ Իրանում ինտեռնետ հասանելիությունը ցածր է, սակայն իրանական կայքերն աշխատում են: Զանգվածային ցույցերին, ըստ պաշտոնական տեղեկատվության, մասնակցում է մոտ 90 հազար մարդ, կան ձերբակալվածներ և զոհեր: Ձերբակալվածների և զոհերի մասին հստակ թիվ չգիտենք»,-եզրափակեց իր խոսքը Վարդանյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից