Հասարակություն 

Այսպես շարունակվելու դեպքում մի օր ուսումնական հաստատություններում կարևոր առարկաներն են լինելու այլասերում պարունակող երևույթները. Դասախոս

analitik.am

Կրթական ոլորտում առկա խնդիրների և հնարավոր վտանգների մասին Analitik.am-ը խոսել է դասախոս, գիտությունների թեկնածու Ս.Մինասյանի հետ, ում խոսքերով, կրթության ոլորտում ավելացել են են դրամահավաքությունները, մանկավարժների նկատմամբ տարբերակված մոտեցումն ու տնօրենների կողմից անօրինականության դեպքերը. «Ինձ համար ամենակարևորների մասին կարող եմ խոսել: Մասնավորապես նախարարության կողմից ստուգումների բացակայության արդյունքում դպրոցներում չեն բացահայտվել առաջին բուժօգնության մակարդակի, ժամկետանց դեղերի կամ առհասարակ դրանց բացակայության դեպքերը:

Կրթության ոլորտի կողմից ստացած գործողությունների որակի վերահսկողությունը կարևոր նշանակություն ունի կրթական հաստատություններում մատուցվող կրթության արդյունավետության բարձրացման համար, իսկ դա այս պահին ի սպառ բացակայում է»:

Մեր զրուցակցի խոսքերով, կրթությունն այն ոլորտն է, որում կան ամենաշատ շահառուները, «Վերջին ամիսների ընթացքում կրթական ոլորտը բացառապես օգտագործվել է քաղաքական ու տնտեսական նպատակներով՝ ծառայելով օրվա իշխանություններին: Այս պահին բոլոր ոլորտներն էլ դարձել են քաղաքական դաշտ, բայց ամենացավալին այն է, որ դա ավելի մեծ ազդեցություն է ունեցել և ունի կրթական ոլորտի վրա: Այդ ամենի պատճառով տուժել և դեռ շարունակելու է տուժել կրթական իրավունքը, որակն ու հասարակության կարևորագույն սոցիալական բաղադրիչը: Ներկա իշխանությունները կրթական ոլորտը պարբերաբար քաղաքական ու անառողջ նպատակներով կիրառելու իրավունք են վերապահել իրենց»:

Դասախոսը նշեց, որ կրթական ոլորտում հիմնովին տեղ են գտել կոռուպցիան, կրթության բովանդակության խեղաթյուրումը, ոլորտի անբարեխիղճ կառավարումը, որակյալ կրթության անհասանելիությունը, գիտակ կադրերի բացակայությունը, օրենսդրական դաշտի ոչ բավարար կարգավորումները և մի շարք այլ խնդիրներ. «Բավականին շատ խնդիրներ կարող եմ նշել, բայց կարծում եմ՝ անիմաստ է, որովհետև ոչ ոք չի անդրադառնալու դրանց և լուծումներ չի փնտրելու, ու դա մի պարզ պատճառով. հասարակությունը վստահում է նոր իշխանությանը և նրանց կողմից ցանկացած սխալ, ինչպես նաև բացթողում համարում է ներելի՝ մեկնաբանելով, թե նոր են:

Կարծում եմ՝ նման անիարական արդարացումներ տալով՝ մի օր հասնելու ենք նրան, որ մանկապարտեզներից մինչև բուհեր կարևոր առարկաներն են լինելու այլասերում պարունակող երևույթները:

Կցանկանամ նշել նաև այն, որ ԿԳՄՍ նախարարը պետք է ուշադրություն դարձնի մանկավարժ աշխատողի աշխատավարձի աճին և դրա հիմքում պետք է դնի նաև մասնագիտական աճը, որովհետև նման ոճով շարունակվելու դեպքում կկորցնենք կրթությամբ հետաքրքրվող ուսանողություն, իսկ դա իմ կարծիքով, կլինի աշխարհի վերջը»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից