Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Եթե սա դիտավորյալ է արվում, ուրեմն մենք շատ մտածելու բան ունենք. ԼՀԿ-ական պատգամավորը՝ ՍԴ հարցի մասին

analitik.am

 

 

Այսօր՝ հունվարի 29-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու է գործադիրն անդրադառնում միայն ՍԴ-ին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության վերաբերյալ անվստահությանը. «Հասարակությունը դատական իշխանությանը չի վստահում, քանի որ առաջին ատյանի դատարանում չի ստանում իր սրտին համապատասխանող որոշումներ: Շատ դեպքերում մարդիկ ճիշտ են, քանի որ մեր դատական համակարգը, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը միայն ՍԴ-ն չէ: Այս ամբողջ խնդիրը կենտրոնացնել մեկ անձի շուրջ, սխալ է, դա որևէ արդյունք չի տալու»:

«Ենթադրենք, որ անձի փոփոխություն եղավ, համակարգն արդյունավե՞տ է աշխատելու: Այսօր մենք ունենք դատավորներ, ովքեր գերծանրաբեռնված են ու չեն կարողանում արդյունավետ որոշումներ կայացնել, կան դատավորներ, ովքեր չեն կարողանում հարմարվել առկա պայմաններին ու ունակ չեն արդարադատություն իրականացնել: Այս հսկայական խնդիրները թողած՝ մենք անդրադառնում ենք մեկ մարդու, ինչը սխալ է: Եթե սա դիտավորյալ է արվում, ուրեմն մենք շատ մտածելու բան ունենք, քանի որ դա կարող է դիտարկվել իշխանության մեկ ճյուղի ճնշում մեկ այլ թևի նկատմամբ, ինչն անընդունելի է, քանի որ իշխանությունների տարանջատման սկզբունք կա»,-ասաց Սիմոնյանը:

ԼՀԿ-ական պատգամավորի խոսքերով, եթե զսպումները դուրս են գալիս Սահմանադրությամբ թույլատրելի շրջանակներից, դա ըստ էության քաղաքական ճնշում է իրենից ենթադրում. «Մենք մեր գործընկերներին հորդորում ենք զերծ մնալ ուղղակի մեղադրանքներից, եթե դրանց համար իրավական հիմքեր չկան: Եթե առանց այդ հիմքերի մեղադրանք է հնչեցվում, դա իհարկե ճնշում է: Իսկ եթե կան իրավական հիմքեր, թող մարդիկ ենթարկվեն պատասխանատվության»:

 

 

 

 

Նույն շարքից