Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Էլիտայի ներկայացուցիչը չի կարող զարմանալ գրիչի գնի վրա, չի կարող սիրել կամ չսիրել հարստություն. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կայացած բոլոր պետություններն ունեն մի ընդհանրություն՝ ձևավորված ոլորտային էլիտաներ: Խոսքը վերաբերում է ոչ թե բացառապես կապիտալի հիման վրա ձևավորված էլիտային, այլ ուղեղային էլիտային:

Էլիտան ունի սկզբունքներ, ավանդույթներ, վարքաբանական դրսևորումներ, որոնք հատուկ են միայն իրեն: Էլիտան գիտակցում է, որ ունի պարտականություն հոգ տանելու հասարակության այն խմբերի մասին, որոնք դա չեն կարողանում անել՝ օրենքներ ընդունելով, պայմաններ ստեղծելով, կրթելով, զարգացնելով և այլ ձևերով:

Էլիտան ինքնաբավ է, ինչն էլ հնարավորություն է տալիս արժեհամակարգում առաջնային նշանակություն տալ հեղինակությանը, մնայուն արժեքներին, արվեստին, գիտությանը և այլ ոչ նյութական բարիքներին: Սա, ամենևին, չի նշանակում, որ էլիտան աղքատ է, ոչ, ուղղակի նյութականը դիտարկվում է որպես միջոց, այլ ոչ թե վերջնական նպատակ:

Էլիտայի ներկայացուցիչը չի կարող զարմանալ գրիչի գնի վրա, չի կարող սիրել կամ չսիրել հարստություն, չի կարող կենտրոնացած լինել երևույթների վրա, որոնց վրա կենտրոնացած է, օրինակ, մսավաճառը: Հարցն այն չէ, որ մսավաճառն ավելի վատն է կամ լավն, ուղղակի էլիտայի և մսավաճառի առջև դրված խնդիրներն են տարբեր:

Հասարակության այս բնական դերաբաշխումն էլ հենց թույլ է տալիս կայացնել պետությունը՝ մսավաճառը չունի ամբիցիաներ վարչապետ դառնալու, էլիտայի ներկայացուցիչն էլ չունի ցանկություն մսավաճառի գործերի նրբություններին տիրապետելու: Կարևոր է նաև հասկանալ, որ ամեն ինչ աշխատում է ոչ թե էմոցիաների վրա հիմնված, այլ փոխադարձ շահերի՝ էլիտան ստեղծում է պայմաններ մսավաճառի համար, վերջինս էլ ստեղծում, վաճառում է բարիք(տնտեսական իմաստով) բոլորի համար:

Երբ բոլորն իրենց ճիշտ տեղում են, այս շղթան ժամացույցի պես աշխատում է և առանց հավելյալ ջանքերի կայունություն ապահովում: Շղթան սկսում է խախտվել այն պահին, երբ բնական հավասարակշռվածությունը խարխլվում է՝ մսավաճառը հայտնվում է էլիտայի համար հատկացված տեղում կամ հակառակը: Հայաստանում խորհրդային միության փլուզումից սկսած չի ստացվում վերանորոգել այդ շղթան, քանի որ հենց սկսում են երևալ էլիտայի ձևավորման ծիլերը, միանգամից ցնցումներ են լինում և նորից ամեն ինչ խառնվում է:

Ի դեպ, էլիտա բառը սովորաբար շատ վատ է ընկալվում և իզուր, քանի որ հենց ոլորտային էլիտաների շնորհիվ է հնարավոր պահել և զարգացնել այս կամ այն ոլորտն, առանց էլիտաների ամեն ինչ միշտ գտնվում է քաոսային և ոչ մի տեղ չտանող շարժի մեջ:

Նույն շարքից