Հասարակություն Վերլուծական 

Տպավորություն է, որ առանձին ուժեր ջանք ու եռանդ չեն խնայում թշնամանքի ու ատելության մթնոլորտը բանակի վրա տարածելու համար. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Մեր բանակում խնդիրներ կա՞ն: Իհարկե կան, իհարկե եղել են, ինչպես և բոլոր բանակներում: Դրանց մասին պե՞տք է բարձրաձայնել: Անշուշտ, պետք է. ջայլամային քաղաքականությունը ոչնչով չի օգնի: Սակայն բանակն այն օղակն է, ուր «կարմիր գծերն» առավել հստակ պետք է լինեն, և ցանկացած անդրադարձի պարագայում անհրաժեշտ է բացառիկ զգուշություն:

Վերջին շրջանում, ցավոք, բանակի հետ կապված ոմանց ծայրահեղական դիրքորոշումները, մեղմ ասած, մտահոգիչ են:

Այնպիսի տպավորություն է, որ առանձին ուժեր (ի դեպ, հենց իշխանամերձ կամ իշխանապաշտ շրջանակներից) ջանք ու եռանդ չեն խնայում թշնամանքի ու ատելության մթնոլորտը տարածել նաև բանակի վրա՝ մեկ-երկու ցավալի միջադեպերի կամ առկա որոշ խնդիրների կապակցությամբ վարկաբեկելով ողջ գեներալիտետն ու սպայական անձնակազմը:

Ավելին, հրապարակ են նետվում բանակում «կադրային ջարդի» անհրաժեշտության մասին թեզեր: Ասել, թե այս ամենը չափազանց վտանգավոր է, նշանակում է ոչինչ չասել:

Անկախ Հայաստանի երեք տասնամյակի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որ ունեցել ենք, ամուր, մարտունակ, բարձր մարտական ոգի ունեցող, կազմակերպված բանակն է և բանակի նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, բանակ-հասարակություն առողջ կապը:

Ցավոք, ոմանց կողմից հիմա փորձ է արվում խաթարել այդ մթնոլորտը:

Դժվար է ասել՝ դիտավորյալ, թե չգիտակցելով, սակայն նման գործողությունները, հայտարարությունները կանխել է պետք արագորեն: Խնդիրները միանշանակ պետք է կարգավորել, այստեղ երկու կարծիք չկա: Բայց բանակը վարկաբեկելու իրավունք ոչ ոք չունի, ոչ ոք...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից