Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Իրականում ոչ մի «բլթոց» էլ չկա, մենք գործ ունենք իշխող ուժի մտածելակերպի ու որդեգրած քաղաքականության հետ. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել է, թե «ՀՀ քաղաքացին մեր առջև պահանջ է դնում...», մնացյալը կարևոր չէ: Երեկ ողջ օրը այս ձևակերպումը քննադատության և հեգնանքի պատճառ էր դարձել սոցցանցերում, նույնիսկ գնահատականներ էին հնչում, թե սա հերթական «բլթոցն» է:

Իրականում ոչ մի «բլթոց» էլ չկա, մենք գործ ունենք իշխող ուժի մտածելակերպի ու որդեգրած քաղաքականության հետ, այն է՝ ցանկացած քայլ, որը անօրինական է կամ մեծ աղմուկի պատճառ կարող է դառնալ, անցկացնել ժողովրդի անվան տակ, այսինքն՝ բարդել հասարակության գլխին:

Հասկանալի է՝ այսպես ավելի հեշտ է: Սակայն դա աշխատում էր 2018 թվականին, թեպետ նույնիսկ այն ժամանակ ամբողջ ժողովրդի կամ ՀՀ բոլոր քաղաքացիների անունից խոսելը (գործելը) չէր կարող արդարացված համարվել:

Հիմա՝ առավել ևս, երբ Նիկոլ Փաշինյանի, առավել ևս իր թիմի վարկանիշից պարզապես փշրանքներ են մնացել: Եվ ընդհանրապես, ոչ մի հարցի առնչությամբ ոչ մի ուժի կամ անհատի իրավունք տրված չէ խոսել, գործել, առավել ևս օրենք խախտել ողջ ժողովրդի անունից:

«Ողջ ժողովուրդը» կամ «ՀՀ բոլոր քաղաքացիները» ֆեյսբուքյան սատելիտները, ֆեյքերն ու ֆեյք աշխատեցնողները չեն: Իրականությունը չափազանց շատ է տարբերվում սոցցանցային այն իրականությունից, որը փորձում են նշյալների միջոցով ձևավորել իշխանությունները: Սրա արդյունքում ոչ թե հասարակությանը, այլ հենց իրենք իրենց են համոզում, որ իրենք դեռ վարկանիշ ունեն, որ հանրության զգալի մասը դեռ վստահում է իրենց, որ ամեն ինչ հրաշալի է:

Իսկ ՀՀ բոլոր քաղաքացիների կարծիքը կարելի է իմանալ միայն մեկ ճանապարհով՝ հանրաքվեով: Այնինչ, նույն այդ քաղաքացիների անունից հանդես եկող ուժը ցանկանում է նույնիսկ հանրաքվեի ինստիտուտն անտեսել: Չհաշված, որ բոլոր այն դեպքերում, երբ հանրությանը հուզող որևէ որոշում է կայացվում, որպես կանոն, անտեսվում են ՀՀ քաղաքացիները:

Հնարավոր է, որ նման «բլթոցները» հենց այդ նպատակն ունեն՝ մենք գիտենք ձեր կարծիքը, այնպես որ, հարցնելու կարիք չկա: Ու նորից՝ իրականությունը բացարձակ այլ է ու ոչ մի աղերս չունի նման մտածելակերպի հետ:

Այնպես որ, Լիլիթ Մակունցը մեղավոր չէ. նա թիմի անդամ է և շարժվում է թիմի սկզբունքներով: Այլ հարց է, թե որքանով են այդ սկզբունքներն արդարացված, և որքանով են այդ սկզբունքներով շարժվողները լիարժեք համաձայն դրանց հետ: Բայց դա արդեն այլ թեմա է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից