Հարցազրույց Տնտեսություն 

Հայաստանում ջրային ռեսուրսներն օգտագործվում են անարդյունավետ․ Ինեսսա Գաբայան

analitik.am

Analitik.am-ի զրուցակիցն է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը։

Նշենք, որ Ջրային տնետսության պետական կոմիտեի գործող նորանշանակ տնօրեն Կարեն Սարգսյանը մասնագիտությամբ մարզական լրագրող է, ավարտել է Երևանի պետական ֆիզիկական ինստիտուտը։

Ինչպե՞ս կգնահատեք Ջրային կոմիտեի ղեկավարի նշանակումը, նկատի ունենալով, որ նա մասնագետ չէ։

Որպես տեղեկություն. Շուրջ 20 տարի է, ինչ այդ ոլորտը ղեկավարում են ոլորտից դուրս մասնագետներ՝ էներգետիկներ, բնապահպաններ, գազարդյունաբերողներ, ոստիկաններ և այլն:

Ընդհանրապես ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում մասնագիտական հմտություննե՞ր են պետք, թե՞ կառավարչական։

Ես կարծում եմ անհրաժեշտ է մասնագիտական խորը և բազմակողմանի գիտելիքներով զինված, կառավարչական հմտություններ ունեցող և որ շատ կարևոր է, մարդկային արժանիքներով և արժեքներով հարուստ ղեկավար:

Ձեր ղեկավարման շրջանում ի՞նչ համոզմունքի եկաք Հայաստանի ջրային ռեսուրսների օգտագործման հարցում։

Նախ՝ պետք է հաշվի առնենք, որ ջրային տնտեսության ոլորտն ուղղված է կառավարելու ջրատնտեսական համակարգերը՝ ջրանցքներ, պոմպակայաններ, պատվարներ, խողովակաշարեր և այլն: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ տեխնիկական վիճակում են գտնվում Հայաստանի ոռոգման և ջրամատակարարման համակարգերը և հիդրոտեխնիկական կառուցվածքները, ինչպես նաև այդ համակարգերում տեղ գտած ջրի և էլեկտրաէներգիայի կորուստները, կարելի է պատասխանել, որ ջրային ռեսուրսներն օգտագործվում են անարդյունավետ:

Բացի այդ, եթե խոսում ենք ջրային ռեսուրսների օգտագործման մասին, ապա պետք է հաշվի առնենք դրանց առանձնահատկությունը. տարվա կտրվածքով ելքերի անհամաչափությունը, ջրի առավելագույն պահանջի ժամանակ ռեսուրսի սակավությունը և հնարավորինս կարողանանք կարգավորել այն՝ փոքր ջրամբարներում ամբարելու միջոցով:

Այն հնարավորինս կթեթևացնի Սևանի բեռը ոռոգման նպատակով ջրի բացթողումներից, որոշ համակարգերում մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգմամբ, կկրճատվի տարբեր ջրօգտագործողների միջև վեճերը:

Ի վերջո սխալ կառավարումը ջրային ռեսուրսների ոլորտում ի՞նչ է նշանակում և ի՞նչ խնդիրներ է առաջացրել երկրի համար։

Ջրային ռեսուրսների կառավարումը համապարփակ խնդիր է, իր մեջ ներառում է տնտեսության զարգացման գրեթե բոլոր ճյուղերը՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլն:

Ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը պետք է պայմանավորված լինի տնտեսության զարգացման ռազմավարության համաձայն ճյուղերի առաջնահերթությամբ: Սակայն, ջրային ռեսուրսների ճիշտ և արդյունավետ կառավարմանը զուգահեռ առաջ է գալիս ջրային ռեսուրսների պահպանության հարցը՝ ինչպես քանակի, այնպես էլ որակի տեսանկյունից:

Դրա վառ օրինակներից է ձկնարդյունաբերական նպատակով Արարատյան հարթավայրի արտեզյան ավազանի ռազմավարական պաշարների գերօգտագործումը, ինչը պաշարի հյուծման և ոռոգման նպատակով ջրաղբյուրների կրճատման պատճառ է դարձել:

Կարողացա՞ք պայքարել ոլորտի կոռուպցիայի դեմ, թե՞ հնարավոր չէ։

Եթե կոռուպցիան դիտարկենք որպես անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում, ապա Կոմիտեի նախագահի մակարդակում իմ օրոք այն վերացած էր: Սակայն, ինչպես գիտեք, Կոմիտեն բավականին լուրջ կառուցվածք է՝ իր մեջ ներառելով Վեոլիա Ջուր, Ջրառ, Մելիորացիա ՓԲԸ-ները, ՋՏԾԻԳ ՊՀ-ն, տասնհինգ ՋՕԸ-ներ, տարբեր վարչություններ և բաժիններ, հին ղեկավարներով, հին աշխատաոճով, որոնց աշխատանքը դարձնել թափանցիկ կարճ ժամանակում անհնար էր:

Իմ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից աշխատանքներ են տարվել թե՛ ջրամատակարարման, և թե՛ ոռոգման ոլորտում ջրօգտագործման չարաշահումները բացահայտելու ուղղությամբ, ինչը պահանջում է հետևողական և համակարգված աշխատանք:

Որքան քիչ լինի մարդկային միջամտության գործոնը, այնքան վերահսկելի կլինի ջրօգտագործումը: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ջրաչափական համակարգի տեղադրման ծրագիրը:

Ի՞նչն է պատճառը, որ չենք կարողանում պայքարել ՀԷԿ-երի և ձկնաբուծարանների կողմից ջրի անխնա շանագործման դեմ։

Ավելի ճիշտ կլինի ասել՝ ջրի անխնա օգտագործում: Նախ առանձնացնենք էներգետիկան ձկնաբուծությունից:

Ինչպես հայտնի է ՀԷԿ-երն օգտագործում են ջրի էներգիան հոսանք արտադրելու համար և կրկին ջուրը վերադարձնում են ջրային մարմին: Այլ հարց է, թե ջրի տեղափոխման ճանապարհին ինչպե՞ս են պահպանվում ջրօգտագործման կանոնները, արդյո՞ք գետում ապահովվում է բնապահպանական հոսքը, արդյո՞ք ապահովվում են առաջնային ջրօգտագործողների իրավունքները: Ինչպես տեսնում ենք, այստեղ համապատասխան մարմինների կողմից ՀԷԿ-երի գործունեությունը վերահսկելու խնդիր է:

Ինչ վերաբերում է ձկնաբուծությանը, դրանց գործունեության համար ընդերքից հանվում է թույլատրելիից ավել քանակության ջուր, որն օգտագործելուց հետո հեռացվում է Հայաստանի սահմաններից դուրս: Այստեղ, բնականաբար, ռեսուրսի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև ծավալները կրճատելու խնդիր կա:

Գոհար Ստեփանյան 

Նույն շարքից