Կորոնավիրուս Հասարակություն 

Այս օրերին զանգերի թիվն ավելացել է․ Ինչ հոգեբանական խնդիրներ կարող են առաջանալ մեկուսացման շրջանում․ պարզաբանում է հոգեբանը

analitik.am

 

Այս օրերին ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում մարդիկ տանն են մնում, որպեսզի կարողանան հաղթահարել կորոնավիրուսը: Analitik.am-ի հետ զրույցում հոգեբան Սամվել Խուդոյանը պարզաբանեց, թե ինչ խնդիրներ է առաջացնում մեկուսացումը և արդյոք հավանական է, որ դրանից հոգեբանական խնդիրներ ի հայտ գան:

Ըստ նրա, մեկուսացումն ինքնին պատժի հատուկ ձև է՝ բանակում, բանտում, որի բացասական ազդեցությունները վաղուց նկարագրվել են: Մարդն ընկնում է ընկճախտի, նաև ագրեսիվ վիճակների մեջ:

Հոգեբանը նշեց, որ յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր մեջ բացասական երևույթների առաջացում, պետք է փորձի հաղթահարել դա, եթե տրամադրությունն ընկած է, կարող է վախեցած արթնանալ, քրտինքի մեջ լինել, դող զգալ: Կարող է նաև նկատել, որ ավելի կոնֆլիկտային է դարձել ընտանիքի անդամների նկատմամբ և այլն:

Հոգեբանի խոսքերով, նման վիճակից դուրս գալու համար կա 3 պահանջմունք. շարժման պահանջմունք, շփման պահանջմունք, աշխատանքի-ինֆորմացիայի պահանջմունք․ «Մարդը զրկվել է իր սովորական առօրյայից և պետք է պլանավորի ինչով զբաղվել և ինչն է իրեն դուր գալիս: Տարբեր մարդիկ տարբեր կերպ են հաղթահարում»,-ասաց նա և հավելեց, որ կարող են տանը ֆիլմեր նայել, սպորտով զբաղվել, ինչ-որ բան սովորել, կամ դիսերտացիա գրել. կարճ ասած կիսատ թող գործերը կատարել:

«Պետք է ամեն օր անպայման շարժվել, քայլել մինչև 1 ժամ, որպեսզի էներգիան չմնա մարդու մեջ, որը կարող է հանգեցնել շատ լուրջ խանգարումների ոչ միայն հոգեկան, այլ նաև մարմնական: Շփում, շարժում, ինֆորմացիա-աշխատանք»,-ասաց նա:

Խուդոյանը նաև հաղորդեց, որ այս օրերին իրեն շատ են զանգում և զանգերի թվի ավելացում է նկատում։ Նա մարդկանց առցանց հոգեբանական օգնություն է տրամադրում: Նրա խոսքերով, մարդկանց մոտ արդեն իսկ տագնապային վիճակներ են նկատվում․ «Նման իրավիճակի համար հիմք կա. հիվանդների թվի ավելացումը»,-ասաց նա և խորհուրդ տվեց զբաղվել ինչ-որ գործով, ոչ թե նստել տանը և մտածել, թե վիճակն ինչքան վատ է:

Ըստ նրա, չի բացառում, որ մեկուսացման շրջանում ընտանիքում կոնֆլիկտները, կոպտություններն ավելանան։ Սակայն համոզված է, որ նման իրավիճակներում մարդիկ համախմբվում են, միմյանց օգնում, անգամ նևրոզ ունեցողներն են իրենց ավելի ձիգ պահում․ «Նման իրավիճակներում մեզ ավելի շատ բնորոշ է համախմբվածությունը, քան միմյանց նկատմամբ ագրեսիան»,-շեշտեց հոգեբանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից