Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչպիսի պայմաններ են «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում /տեսանյութ/. «Հետք»

analitik.am

«Հետքի»-ը գրում է. «70-ամյա կինը, արտակարգ դրությամբ պայմանավորված, կարանտինի օրերին ակամայից դարձել է «Հետք»-ի արտահաստիքային թղթակիցը՝ ներկայացնելով «Վաղարշապատի հիվանդանոց» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում տիրող իրավիճակը:

«Գիտեմ, Ձեզ թույլ չեն տալիս գալ տեսնել, նկարներ ուղարկեմ տեսեք, թե ինչ վիճակ է»,-ասում է կինը, ում անունը չենք հրապարակում վերջինիս ցանկությամբ:

Րոպեներ անց ուղարկեց առաջին լուսանկարները. լղոզված, ուղղահայաց դիրք, ոչ ամբողջական պատկերներ:

«Նկարելուց հեռախոսը պահեք հորիզոնական, մի շարժեք»,-խորհուրդ եմ տալիս կնոջը, ինչին ծիծաղելով պատասխանում է.

«Տղայիցս փոքր ես, եկել ինձ դաս ես տալիս: Ես որտեղ, նկարելը որտեղ: Հլը սպասի էլի փորձեմ»:

10 րոպե անց դարձյալ նկարներ ուղարկեց: Այս անգամ համեմատաբար ավելի լավ որակի էին դրանք, սակայն, հրապարակելու համար այդքան էլ հաջող չէին:

«Զուգարանի անցքն այդքան խոշոր պլանով մի նկարեք, մի քիչ հեռվից փորձեք: Պատկերը դուրեկան չէ»,-ասում եմ տատիկին: Ինչին հաջորդում է հերթական հումորային պատասխանը.

«Դու նկարով ես նայում, քեզ դուրեկան չի, քեզ թվում ա ինձ դուրեկա՞ն ա, որ ես մտնում եմ այդտեղ: Հլա արի դու նկարի, տեսնեմ՝ ոնց ես նկարելու: Սկի չեմ կարողանում նորմալ դռնից ներս մտնել, այնքան փոքր ա, դու դուրեկան լինելուց ես խոսում»,- ասում է նա:

Օրվա ընթացքում պարբերաբար կապ եմ պահել կնոջ հետ, խոսել ենք հեռախոսով: «Նկարահանման» գործընթացից քիչ անց նրա ջերմությունը բարձրացավ և այլևս չկարողացավ նոր նկարներ ուղարկել: Սակայն, պատմեց, թե ինչ է կատարվում ինֆեկցիոն բաժանմունքում:

«Ինձ որ բերեցին այստեղ, արդեն միջանցքից պարզ էր, թե ուր եմ եկել: Ավերակ վիճակ էր: Պալատը ոչինչ, հին ռեմոնտ ա, հին մահճակալներ, հնարավոր էր այնտեղ մնալ, բայց երբ գնացի տուալետ… Օյ, սարսափելի էր, իրոք սարսափելի էր: Նկարն ուղարկել եմ, տեսել ես, էլի: Հլը մի բան էլ դու ես դժգոհում, թե պատկերը լավը չի»,-ասում է կինը:

Հիվանդասենյակներում առանձին զուգարաններ չկան՝ ընդհանուր է, գտնվում է միջանցքի վերջում: «Որ դուռը տեսնես, քեզ թվալու ա, որ եթե կպնես, ընկնելու ա վրեդ: Դե այդ դուռը պարզ է, որ փակել չի լինում: Մի ձեռքով դուռն ենք պահում, նոր պպզում, որ գոնե որոշ չափով ծածկվի: Իսկ այդ անցքին, որ նայում ես, սիրտդ արդեն խառնում ա»,-ասում է կինը:

Նա պատմեց, որ առաջին անգամ, երբ զուգարան է գնացել, տեսնելով վիճակը, հետ է եկել հիվանդասենյակ և մեկ օրից ավելի զուգարան չի գնացել: Սակայն, տեղեկանալով, որ մի քանի օր մնալու է բաժանմունքում, ստիպված գնացել է:

Նա ասաց, որ հիվանդասենյակում չկա լվացվելու հարմարանք: Իսկ բաժանմունքում եղած լվացարանները դարձյալ անմխիթար վիճակում են:

«Սենյակում ջուր եմ տաքացրել, տարել լվացվել եմ: Ուղղակի հնարավոր չէ այնտեղ լվացվելը: Ծորակի տակ մի դույլ են դրել, ամեն անգամ պիտի հպվես այդ իրերին: Բայց սա ինֆեկցիոն բաժանմունք է, պիտի ամեն ինչ պատշաճ լինի, ոչ թե գաս այստեղ, մի բան էլ հիվանդություն ստանաս ու հետ գնաս»,-ասում է կինը»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից