Քաղաքականություն 

Շրջակա միջավայրի նախարարությունը Հայաստանը գցելու է հերթական «կանաչ» վարկային բեռի տակ. 660 հազար դոլար նախերգանքն է

analitik.am

 

Արդեն մի քանի տարի է՝ Կանաչ կլիմայի հիմնադրամն աշխատում է Հայաստանի հետ. Տարբեր կանաչ ծրագրեր են իրականացնում:

Նշենք, որ Կանաչ կլիմայի հիմնադրամը ստեղծվել է «Կլիմայի փոփոխությունների մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում։

Մի կողմ թողնենք, թե այդ ծրագրերը որքանով են կանաչ կամ այլ գունավորմամբ և ինչպես է պատահել, որ այդ ծրագրերի հետևանքով ավելացել է Հայաստանի և բնակիչների վարկային բեռը:

Օրերս Կանաչ կլիմայի հիմնադրամը հաստատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնած Հայաստանում «Պատրաստվածության աջակցություն և նախապատրաստման աջակցություն» 660 հազար դոլարի դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը:

Նշվում է, որ հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների հանդեպ հարմարվողականության և մեղմման համար։

Նախ 660 հազար դոլարն ուղղվելու է միջազգային և տեղի փորձագետներին ու խորհրդատուներին ներգրավելուն, որպեսզի վերլուծվի Հայաստանում կանաչ ֆինանսավորման արդի իրավիճակը, ուսումնասիրվի միջազգային լավագույն փորձը։

Նախարարությունը ներկայացնում է, որ գործընթացները ներառելու են նաև շահառու ֆինանսական կառույցների փորձի և իրականացված նախագծերի ուսումնասիրություններ։

Ծրագիրն իրականացվելու է «ԱրմՍվիսԲանկ»-ի միջոցով:

Ծրագրում նշվող ֆինանսական մեխանիզմները հենց այն նպատակն է, որին ձգտելու է այս ծրագիրը. Գտնել Հայաստանում ոլորտներ և տարածքներ, որոնք հնարավոր է գցել հերթական «կանաչ» վարկային բեռի տակ:

Ըստ նախարարության, ծրագրի իրականացումը թույլ կտա նաև գնահատել ոլորտի կարգավորիչ դաշտն ու դրա արդյունքում ձևավորել համապարփակ ճանապարհային քարտեզ։ Ահա սա է թիրախը. նախատեսվում է Հայաստանում փնտրել-գտնել վարկավորման ազատ տարածքները:

Կանաչ կլիմայի հիմնադրամը 660 հազար դրամաշնորհ է տվել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը, որն ուղղվելու է հիմնականում խորհրդատվություններին և ուսումնասիրություններին: Կարճ ասած`ոչ մի բանի համար: Սակայն երկրորդ հատվածն ավելի ծանր է լինելու՝ արդեն վարկային բեռով:

Իսկ ինչո՞ւ Շրջակա միջավայրի նախարարությունը դրամաշնորհային ծրագիր չի կազմել ոլորտում առարկայական ծրագիր իրականացելու համար և վարկավորման համար այլ ծրագրեր է մշակում:

Պարզվում է, որ Շրջակա միջավայրի նախարարությունում, փորձագետների համար գումար հայթայթելուց, Հայաստանի վարկային բեռը ծանրացնելուց բացի, այլ կանաչ ծրագրեր չեն էլ կարողանում կազմել և իրականացնել: Շահ չունեն:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից