Հայաստան 

ԱԺ-ում մեկնարկել է «Եվրանեսթ»–ի նիստը, Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում

analitik.am

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց «Եվրանեսթ» միջխորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստը, որն անցկացվում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրների քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:


Բացման խոսքով հանդես եկավ Եվրանեսթի փոխնախագահ Հեիդի Հաութալան, ով ողջունեց ներկաներին ու շնորհակալություն հայտնեց կազմակերպչական աշխատանքների համար: Նիստը վարում է Տարածքաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:


ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Քշիշտոֆ Բոբինսկին իր ելույթում արժևորեց հատկապես վերջին տարիներին շատ երկրներում քաղաքացիական հասարակությունների կայացումը: Նա ցավով նշեց, որ ադրբեջանական պատվիրակությունն այստեղ չէ: «Հուսով եմ, որ կգա մի ժամանակ, երբ «Եվրանեսթ»–ի ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա այցելել այստեղ»,– ասաց նա:

 

Քշիշտոֆ Բոբինսկին նաև հույս հայտնեց, որ կգա ժամանակ, երբ այս երկրներում քաղաքական բանտարկյալներ չեն լինի, ու քաղաքացիական ակտիվիստների վիճակն էլ Հայաստանում կբարելավվի և աչք չի փակվի ընտրությունների վրա:

 

Նա անդրադարձավ նաև Հայաստանի ընտրություններին՝ հիշեցնելով, որ ընտրախախտումները վնասում են Եվրամիության, եվրոպական կառույցների պատիվն ու արժանապատվությունը:



Վրաստանի ներկայացուցիչ, «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության անդամ Վանո Չխիկվաձեն խոսեց իր երկրի թերությունների և առավելությունների մասին: Նա հայտարարեց, որ Վրաստանում վիզաների ազատականացման ռեժիմի պարագայում խտրականությունն արգելող օրենք է ընդունվել, ինչը կարևոր քայլ է ժողովրդավարության զարգացմանն ընդառաջ:



Վրաստանի ներկայացուցիչն ասաց, թե իրենք խոսքի ազատության հետ կապված զարգացումներ են արձանագրել, ապա նշեց, որ երկրում կան թերացումներ դատավորների նշանակման կանոնների, իրավական մարմինների հետ կապված, բացակայում են մեխանիզմներ՝ նախկինում տեղի ունեցած չարաշահումների բացահայտման վերաբերյալ:



Որպես դրական քայլ Վանո Չխիկվաձեն նշեց Ռուսաստանի հետ հարաբերությունները: «Հարաբերությունները ՌԴ հետ կարծես վերականգնվում են: Բայց մենք չենք տեսնում՝ Վրաստանը ի՞նչ է զոհաբերում ՌԴ հետ լավ հարաբերություններ հաստատելու համար»,- շեշտեց նա՝ հավելելով, որ միաժամանակ իշխող կոալիցիայից հնչում են տեսակետներ, որ Վրաստանի լիարժեք ինտեգրումը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անհնար է:

Նույն շարքից