Հայաստան 

Ցեղասպանության հարցը ոչ միայն մեր արյան, գենետիկ հիշողության մեջ է, այլև` քաղաքական օրակարգի. Վիգեն Սարգսյան

analitik.am

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգող Վիգեն Սարգսյանը Երևանում այսօր մեկնարկած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա ֆորումին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նախ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած լրագրողներին պարզաբանեց, թե ինչու է հայ ժողովուրդը ապրիլի 24-ը հռչակել հիշատակման օր:



«Այնպես չէ, որ այդ օրն է սկսվել ու ավարտվել Հայոց ցեղասպանությունը, այդ օրը գլխատվել է հայ ժողովրդի մտավորականությունը՝ փորձելով լռեցնել նրան»,- ասաց նա:



Այնուհետև Վիգեն Սարգսյանը բացատրեց, թե ինչու է Ցեղասպանության թեման գտնվում ՀՀ քաղաքականության օրակարգում:



«Ցեղասպանության հարցը ոչ միայն մեր արյան, գենետիկ հիշողության մեջ է, այլ նաև՝ քաղաքական օրակարգի, քանի որ այն հանցագործություն է և պետք է ստանա իր արժանի պատիժը, առանց միտում ունենալու հետագայում կրկնվելու: Ցեղասպանության զոհ է դարձել 1.5 մլն հայ, և այդ թեման յուրաքանչյուր ընտանիքում է: Ամեն հայկական ընտանիք ունի իր պատմությունը, գիտի, թե իր նախնիներից ովքեր են սպանվել, ովքեր են մնացել արտաքսման ճանապարհին... Բայց Թուրքիան այսօր շարունակում է մերժել»,- ասաց նա:



Վիգեն Սարգսյանը մեջբերեց ցեղասպանագետների այն համոզմունքը, որ եթե ցեղասպանություն իրագործած պետությունը չի ճանաչում իր հանցանքը նշանակում է շարունակում է ցեղասպանությունը:



«Ցեղասպանության չընդունելը և ուրանալը ցեղասպանության վերջին փուլն է: Վերջին տարիներին Թուրքիան բացահայտ շարունակում է իր նախորդներից  ժառանգած նեոիմպերիալիզմի քաղաքականությունը: Թուրքիան թշնամական քաղաքականություն է վարում Հայաստանի հանդեպ. պետական սահմանը փակ է, դա վերջին փակ սահմանն է Եվրոպայում: Սահմանի փակ մնալը գնալով ավելի է ամրապնդվում, ու այդ քաղաքականությունն ունի հիմնավորում՝ ստեղծել տնտեսական դժվարություններ Հայաստանի համար, որ ավելի զիջողական դառնա ԼՂՀ-ի հարցում: Իհարկե, սա այլ թեմա է և կապ չունի Ցեղասպանության հետ»,- ասաց նա:

 

Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ Ցեղասպանությունը Հայաստանի քաղաքական օրակարգում է նաև այն պատճառով, որ մինչ օրս թուրքական իշխանությունները իրենց թույլ են տալիս հայտարարել, որ իրենց համար վիրավորական է, որ մեկը իրենց հայ է կոչում:



«Այսօր պատմության կրկնություն ենք տեսնում Մերձավոր Արևելքում և այլ տեղերում, որովհետև դեռ կան մարդիկ, որոնք մտածում են, որ եթե չլինեն տվյալ մարդիկ, տվյալ ազգությունը իրենց խնդիրները կլուծվեն, ու զենքը դառնում է քաղաքականության գործիք: Մենք պարտավոր ենք հնչեցնել զանգերը, քանի որ պատմությունը կարող է կրկնվել նաև մեզ մոտ: Բոլորը հիշում են Հիտլերի խոսքերը՝ ուղղված իր սպայական անձնակազմին. «Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանության մասին»: Սա ապացուցում է, թե ինչու է կարևոր հանցագործության պատժումը ապագայի տեսանկյունից»,- ասաց նա:



Վիգեն Սարգսյանն ընդգծեց, որ ՀՀ-ի դիրքորոշումը Թուրքիայի հանդեպ երբեք չի եղել թշնամական ու նախապայմաններով հարաբերություններ չի կառուցել, ի տարբերություն Թուրքիայի:

Նույն շարքից