Հայաստան 

Մերձբալթյան երեք հանրապետությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը. Էդուարդ Շարմազանով

analitik.am

Մերձբալթյան երեք հանրապետությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Լայնե Ռանդյարվի, Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Անդրեյ Կլեմենտևի և Լիտվայի Հանրապետության խորհրդարանի Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար Դանգուտե Միկուտենեի հրավերներով մարտի 11-17-ը պաշտոնական այցով գտնվում էր Բալթյան երկրներում:



Նա նշեց, որ երկուստեք հարաբերություններում կարևորվել է երկրների միջև պառլամենտական հարաբերութունների դերը և այն ընդհանուր հայտարարը, որ Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ Հայաստան - ԵՄ համագործակցությունը պետք է շարունակվի։



«Մեխը քաղաքական հարաբերություններ էին և քաղաքական բարեփոխումները»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը և հավելեց, որ ԵՄ անդամ հանդիսացող 3 բալթյան երկրները հետաքրքրված են հետխորհրդային տարածաշրջանով:



Նրանց փոխանցվել է, որ թե՛ պաշտոնական Երևանը, թե՛ Ստեփանակերտը ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից են և այլ կարգավորում չեն պատկերացնում:

 



«Բայց միևնույն ժամանակ մենք տեղեկացրեցինք, որ Ադրբեջանի ղեկավարությունը արհամարհում է երեք սկզբունքներից երկուսը» ,-ասաց Էդուարդ Շարմազանովը՝ մատնանշելով, որ դա վերաբերում է միջազգային իրավունքի կողմից ընդունված ազգերի ինքնորոշման սկզբունքին:



Նա մերձբալթյան իր գործընկերներին առաջարկել է մայիսին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին այցելել Ղարաբաղ:



Երրորդ ուղղությունը, որի մասին խոսվել է, վերաբերել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:



«ՀՀ Նախագահի՝ արձանագրությունների հետկանչից հետո սա առաջին այցն էր եվրոպական երկրներ, և մեր բալթյան գործընկերներին հետաքրքրում էր մեր կարծիքը»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:



Նա փոխանցել է պաշտոնական Երևանի գործելակերպի մասին տեղեկատվություն, որ մեր երկիրը եղել և մնում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման կողմնակից, թեպետ ունի բարոյական իրավունք՝ առաջադրելու նախապայմաններ: Շարմազանովն ընդգծել է, որ այդուհանդերձ Հայաստանը չի գնացել դրան, քանի որ նախապայմանները ժողովրդավարության և երկխոսության լեզու չեն:



«Բայց, չնայած դրան, Թուրքիան մինչ օրս բլոկադայի մեջ է պահում ՀՀ-ն, որը անթույլատրելի է»,-այս իրողությունն է փոխանցվել բալթյան երկրներին, ինչպես նաև այն, որ Թուրքիան իր մյուս հարևանների հետ ևս հաշտ չէ, և օրինակ՝ օկուպացրել է հարևան Կիպրոսի 3-5%-ը։



Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովը մեկնել էր «Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու համար:



Նա շնորհակալություն հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ ցուցահանդեսները կազմակերպելու համար և նշեց, որ բալթյան երկրների հասարակություններն անկողմնակալ և օբյեկտիվ լրատվության արդյունքում «ապրում էին ցեղասպանության դատապարտման» գաղափարները:



Նա նշեց, որ նման միջոցառումների արդյունքները, որպես կանոն, լինում են տեսանելի և անտեսանելի, և այս անգամ խոսքը առաջինի մասին է. ըստ նրա՝ այս երկրների պատգամավորները համարձակ և խիզախորեն խոսում են Հայոց ցեղասպանության մասին:



«Մեկ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ եվրոպացի պատգամավորը, որի երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, կքննադատի և կդատապարտի այն, բայց հիմա մարդիկ բացահայտ, հրապարակային, տեսախցիկների առաջ հայտարարում էին, որ դատապարտում են»,-ասաց ԱԺ փոխնախագահը:



Նրա խոսքով՝ այժմ սկսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման նոր փուլ, որը պետք է անցկացնել միասնաբար, բայց համբերատար:

Նույն շարքից